Արևին տանող ճանապարհին ես իմ բաժին ջուրն ուզեցի Աստծուց... որքան մոտենում էի արևին, այնքան ծարավում էի... ջրով լի ափեր ցողեցին ճանապարհս, ոտնաքայլերիս ազատ ճանապարհ չմնաց. ծաղկում էին բոլոր չբացված ծաղիկները: Պատկերացնո՞ւմ ես:
Ոտնաքայլերս անկանոն դարձան, հարթ ուղի որոնող, որ չվնասեն ծաղիկները, որոնք ուշացած էին բացվում: Իմ բոլորը գույներով, որ իմ բաժին խելագարությունն են այս կյանքից, զգեստավորեցի բոլոր ծաղիկներին, որ ճիգ չէին խնայում աշխարհին ներկայանալու իրենց գունարձակ բույրով: Որքան մոտենում էի արևին, այն այնքան աննվաճ էր դառնում ինձ համար:
-Իսկ ի՞նչ ես տալու արևին, երբ ամենը մեզ տվեցիր:
-Իմ բաժին ժպիտը, որ իր ճառագայթներն անսահման ընդարձակությամբ ջերմացնեն մարդկանց, երբ արևը լայնարձակ ժպտա:
-Իսկ դուք աշխարհին ձեր գույներն եք տալու՝ բույրի զորությամբ, իմ չբացվա՛ծ ծաղիկներ, դրանք երջանկության այն բաժին ծնունդն են, որոնք չապրված էին:
-Իսկ քո բաժին զորությո՞ւնը:
-Այն ինձ ջուր տված ափերին եմ տվել, որ ցողեն ձեր ծնունդի այգաբացը:
-Իսկ արևին հասնելու համար քեզ այս ամենը անհրաժեշտ չէ՞ր:
-Արևը կաթկթում է, հասկանու՞մ ես, այդ կաթիլ լույսով օծում եմ ծնկներս, որ իրենց բաժին ճանապարհատեղում շատ չվնասվեն... ամեն մի հարվածից մի ծաղիկ է բացվում այս աշխարհում.... իսկ չբացված ծաղիկներն իմ չապրած տեսակն են:
-Բաժի՛ն, բաժի՛ն, բաժի՛ն.... բավական չէ՞...., իսկ քո բաժին կյանքն ո՜վ է ապրելու....
-Այն ժամանակը, որում ես մշտապես բացակա եմ:
Էլինա Միրզոյան
Բանասիրական գիտությունների թեկնածու
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ