Ամենալավ նվերը

Ամենալավ նվերը

Մեր ծննդյան օրը մենք միշտ սպասում ենք, որ մեզ նվերներ պետք է տան․ գումար, ծաղիկ, հագուստ, պետքական կամ անպետք իրեր, լավագույն դեպքում այն, ինչ ինքներս ենք խնդրել։ Այդ նվերներից որոշները օգտագործում ենք, որոշները՝ նվիրում ուրիշներին, իսկ որոշ բաներ էլ երբեք չենք օգտագործում։ Շատ անգամներ ձեզ հարց տված կլինեն՝ որն է ամենալավ նվերը, որ ստացել եք երբևէ։
 

Կարող եք նշել ամեն ինչ, սակայն քչերը կտան «կյանք» պատասխանը։ Բայց մի պահ հիշենք, թե որն է եղել մեր ամենաառաջին նվերը․ կյանքը։ Աստված նվիրեց մեզ կյանք։ Մենք նվեր ստացանք մի բան, որ փոխանակման, ետ վերադարձի կամ վերանվիրելու ենթակա չէ, բայց այսօր կարող ենք տեսնել մարդկանց, ովքեր իրենց կյանքը «նվիրում են ուրիշին»։ Օրինակ ծնողներն իրենց կյանքն են նվիրում երեխային։ Որոշները փոխանակում են կյանքը գումարի կամ ժամանակավոր հաճույքների հետ, իսկ ոմանք էլ՝ ինքնակամ ետ տալիս այն։
 

Բայց երբևէ մտածել եք՝ ինչու ենք մենք ստացել այդ նվերը, որն է դրա իմաստը, ինչպես օգտագործել այն։
 

Այստեղ բոլորս էլ տարբերվում ենք. ինչպես մարդիկ նման չեն իրար, այնպես էլ նրանց ապրած կյանքն ու այդ կյանքի մեջ դրած իմաստը մեկը մյուսից տարբեր է։ Կյանքի նպատակը ոչ այնքան ինչ-որ բանի հասնելն է, այլ դեպի այդ ինչ-որ բանի հասնելու ճանապարհն է, ընթացքը։ Ի՞նչ զգացիր այդ ճանապարհին, ի՞նչ կորցրեցիր կամ գտար այդ ճանապարհին, ի՞նչ տեսար ու չտեսար, ո՞ւմ հանդիպեցիր, ո՞ւմ օգնեցիր կամ ո՞ւմ արհամարհեցիր․ ահա այս հարցերի գործնական պատասխանն է մեր կյանքը։ Հետևաբար կյանքն այն նվերն է, որն իմաստավորված ապրելով կարող ենք նվիրել դիմացինին:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2022-02-08
×