Հավատարմությունը ինքնին մեծագույն շնորհ և առաքինություն է բոլոր պարագաներում, առավել ևս՝ ամուսնական հարաբերություններում: Անհնարին է պատկերացնել իսկական մաքուր սեր, առանց անձնվեր, անբիծ հավատարմության: Հավատարիմ մարդը հավատարիմ է կյանքի բոլոր բնագավառներում, բայց ամեն ինչ սկսվում է Աստծուն հավատարիմ լինելուց:
Եթե հավատարիմ ես Աստծուն, նշանակում է հավատարիմ ես ընտանիքիդ, ընկերներիդ, աշխատանքիդ: Հավատարմությունը՝ որպես հոգևոր արժեք, ուղղակիորեն բխում է հավատքից. հավատք ոչ միայն Աստծո, այլ նաև մարդու նկատմամաբ: Անհավատարմության իրական աղբյուրը եսասիրությունն է, երբ մեզանից բացի ոչ մեկի չենք տեսնում, կարևոր է միայն մե՛ր ցանկությունները, մե՛ր կարիքները, մե՛ր պատկերացումները և այլն:
Մարդը հավտարիմ է լինում այն դեպքում, երբ իսկապես սիրում է:
Սիրել՝ նշանակում է անձը սիրահոժար զոհողության ենթարկել, տալ անձը՝ ուրիշներին ապրեցնելու համար:
Ուր սեր կա, այնտեղ կտիրի խաղաղություն, արդարություն, ճշմարտություն: Սերը մարդկանց կպահի խաղաղության և անդորրության մեջ, սիրով լցված հոգին անպարտելի կլինի մարտերում և չի նահանջի դժվարությունների առաջ: Սերը մարդկանց կբարձրացնի, կաստվածացնի, որովհետև. «Սերը համբերող է, քաղցրաբարո, սերը չի նախանձում, իրենը չի փնտրում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա» - ասում է Պողոս առաքյալը:
Օրինակ՝ ոմանք կարծում են, թե տղամարդու դավաճանությունը ավելի քիչ դատապարտելի է քան ՝ կնոջ, բայց սեռերի փոփոխությունից մեղքը չի կորցնում իր ծանրությունը, քանի որ երկուսի պարագայում էլ այս երևույթը հավասար դատապարտելի է: Ամուսնական հարաբերություններում հավատարմությունը կարևոր է, քանի որ այս արժեքը միացնում ու ավելի ներդաշնակ է դարձնում զույգերին և վերացնում անհավասարությունը:
Մարիետտա Խաչատրյան