Ես դեռահաս էի, երբ Աստվածաշունչ նվեր ստացա և սկսեցի կարդալ այն։ Դա պարզապես գիրք չէր ինձ համար, այլ հրաշքի զգացողությունը կենդանի պահող աներևակայելի մի երևույթ։ Ինձ համար անբացատրելի ձևով Սուրբ Գիրքը պատասխանում էր հենց այդ պահին ինձ հուզող հարցին, դառնացած պահերիս հույս էր ներշնչում, չորացած մասերս սիրով էր ողողում։ Եվ որքան շատ էի կարդում, այնքան իմ ներսում մեծանում էր տեղն Աստծո համար, այնքան իմ միտքը սկսում էր Աստծո խոսքով առաջնորդվել։
Հիշում եմ, այդ ժամանակ ինձ հատկապես մի խորհուրդ էր տպավորել, որը ես նախ ինքս էի փորձում իմ կյանքում կիրառել, ապա նաև փոխանցել ինձ շրջապատող մարդկանց՝ ընտանիքիս, ընկերներիս, հարազատներիս։ Խորհուրդն այս էր․ «Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն իր մասին կհոգա, օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մտ 6:34)։ Դեռ այն ժամանակ ես տեսնում ու զգում էի, որ մարդն անընդհատ անհանգստության մեջ է առ այն, թե ինչ է իրեն սպասվում ապագայում, ինչ պիտի ուտի, ինչ պիտի հագնի, ինչպես պիտի հոգա իր ապրուստի մասին, ինչպես պիտի ապրի առհասարակ։ Հիմա էլ ոչինչ չի փոխվել․ վաղվա օրվա վերաբերյալ անհանգստությունը ծանրացած է գրեթե բոլոր մարդկանց ներսում, բոլորի տներում, նույնիսկ նրանց, ովքեր քիչ թե շատ նյութական ապահովածություն ունեն։ Ինչու՞ է այդպես, որտե՞ղ է խնդրի արմատը, ինչո՞ւ ենք մենք մշտապես մտահոգված անցողիկով և անկարևորով։ Նախ որովհետև մենք անգետ ենք, մենք լսում ենք, բայց չենք հասկանում, նայում ենք և չենք տեսնում։ Մենք անհաղորդ ենք նրան, թե ինչպես է ստեղծված կյանքը, ինչպես է այն աշխատում։ Մենք անհաղորդ ենք Աստծո մտքերին, Աստծո տրամաբանությանը, Աստծո խորհուրդներին։ Մենք չգիտենք՝ ինչն է ամենակարևորը, անհրաժեշտը, առանց ինչի մենք չենք կարող ապրել։ Առանց ինչի է կյանքն անբովանդակ ու սին։
Հենց Աստվածաշնչում շքեղագույն օրինակ է բերվում․ մարդուն ասում է՝ նայիր երկնքի թռչուններին, նրանք չեն ցանում-հնձում-ամբարում, բայց Աստված կերակրում է նրանց, և դու, ո՛վ մարդ, ավելին ես, քան թռչունը։ Եվ նույն կերպ Աստված հոգում է վայրի շուշանների աճը, դրանք նույնպես չեն աշխատում, բայց նրանց նման գեղեցիկ նույնիսկ Սողոմոն թագավորը չկարողացավ հագնվել երբևէ։ Եվ մարդն ավելին է, քան վայրի շուշանը։ Այս համեմատություններն ավելի քան խոսուն են և փայլում են նաև իրենց գեղարվեստականությամբ։ Այսպես մեզ ուսուցանվում է, որ անհանգստությունն ու մտահոգությունը ծայրահեղ անպիտան են և որևէ հիմնարար օգուտ չեն կարող բերել մարդուն։ Դրանք պարզապես մեր բոլորի ներսում արմատացած որոմներ են, որոնք պիտի զգուշորեն արմատախիլ արվեն, և դրանց պիտի փոխարինեն հավատի ու վստահության սերմեր։ Հավատ և վստահություն առ Աստված, Աստծո խոսքը։ Աստված ասում է՝ դու փոքրի, անցողիկի, աննշանի համար ես մտահոգվում, Ես քեզ առաջարկում եմ ավելին, չէ՞ որ գիտեմ՝ քեզ պետք է սնունդ, քեզ պետք է հագուստ, բայց կյանքդ մի՛ վերածիր այդ ամենի հայթայթմանը նվիրված արշավի։ Դու վաղուց քարանձավաբնակ չես, դու վաղուց հեթանոս չես, դու մեկն ես, ով ավելին պիտի անի այս աշխարհում, ավելին պիտի տեսնի և փորձառի, ավելի վերև պիտի բարձրանա, և հենց վերևից տեսնի, որ իր մտահոգությունները նյութական ամեն ինչի վերաբերյալ պարզապես ծիծաղելի են։ Բոլոր մտահոգություններն են ծիծաղելի, որովհետև մտահոգությունը «մեկ կանգունով իսկ չի կարող ավելացնել մեր հասակը»։
Փոխարենը պիտի գիտակցենք՝ մենք իսկապես ամեն կողմից շրջապատված ենք Աստծո հոգատարությամբ։ Քաղցից ու ցրտից մարդիկ մահանում են այլ մարդկանց պատճառով, նրանց վարած քաղաքականության և մյուս մարդկանց անտարբերության հետևանքով։ Այստեղ յուրքանչյուրս մեր մեղքի բաժինն ունենք․ մենք այնքան ենք կենտրոնացած մե՛ր կյանքի, մեր ունեցած-չունեցածի վրա, որ մոռանում ենք՝ Աստված պատվիրել էր կերակրել սովածին, ջուր տալ ծարավածին և այսպես բացահայտել մեր ով լինելը։ Այս է քրիստոնյայի ուղին՝ չմտահոգվել չնչին բաների համար և ձեռք մեկնել նրանց, ովքեր այդ չնչին բաներն իսկ չունեն։ Տիեզերական օրենք է՝ երբ մեկին տալիս ես այն, ինչի կարիքն ինքդ ունես, քո կյանքը պարզապես ողողվում է դրանով։
Մարդն աշխարհ է գալիս, որ ճանաչի ինքն իրեն, սիրի ինքն իրեն և աշխարհը, հիանա բնության շքեղությամբ, Աստծո հանճարով։ Մարդը գալիս է ստեղծելու և ստեղծագործելու, մի անսարք բան նորոգելու, մի կարևոր բանի կենդանություն տալու։ Եվ այս ամենում կարևոր է այսօրվա օրը, այսօրվա անելիքը, այսօրվա բաժինը, ուստի այսուհետև գտեք հենց անցնող օրվա բաժինը, օրվա իմաստը, օրվա խորհուրդը, օրվա առանցքը, օրվա բարին, օրվա աստվածայինը։ Իսկ վաղվա օրն իր մասին անպայմանորեն կհոգա։
Հեղինակ՝ Ա․ Պողոսյան