«Ես յուրահատուկ եմ»

«Ես յուրահատուկ եմ»

«Ես յուրահատուկ եմ». այսպիսի զգացողություն հավանաբար մեզանից շատերն են ունեցել, բայց ինչն է մեր մեջ  յուրահատուկ, հավանաբար չկարողանանք բացատրել: Մի օր շատ պատահական հանդիպեցի իմ ծանոթներից մեկին, ով ինձանից տարիքով բավականին մեծ էր. մեր խոսակցության ընթացքում  այնքան անկեղծացավ, որ ինձ ասեց. «Գիտե՞ս ինձ թվում է՝ «ես  յուրահատուկ եմ»։ Երբ նա այս արտահայտությունն արեց, նման զգացողություն կար նաև ինձ մոտ։ Հետո՝ տարիների ընթացքում, ես հասկացա, որ նման զգացողություն շատերն են ունենում։ Այդ պահին ես ինքս ինձ համար մի բան բացահայտեցի, որ մրցակցությունը՝ «յուրահատուկ» լինելու, չափազանց մեծ է՝ ավելի քան 7 միլիարդ։ Երբեմն մրցակցության արդյունքում մենք կորցնում ենք մեր «յուրահատկությունը»հետևաբար պետք չէ սեփական յուրահատկությունը ընդգծելու համար մրցակցության մեջ մտնել:
 

Իրականում, յուրաքանչյուրիս մեջ էլ կա մի յուրահատկություն, որը մեզ տարբերվող է դարձնում մնացածներից, բայց երբ մենք ասում ենք «ես յուրահատուկ եմ», մեզ թվում է՝ մեր կյանքում այնպիսի մի բան է տեղի ունենալու, ինչը մեր կյանքին յուրահատկություն է հաղորդելու:
 

Երբ ասում ենք՝ «յուրահատուկ ենք», մեր պատկերացումներում նման ինչ-որ բան ենք տեսնում, թվում է՝ ինչ-որ բան ենք փոխելու կամ դառնալու ենք «մեծ մարդ»։ Մենք բոլորս էլ ունենք հնարավորություն լինել յուրահատուկ, բայց այդ յուրահատկությունը պետք է կերտենք ինքներս։ Իրականում, մեր յուրահատկությունը Աստծո պատկերը բացահայտելու մեջ է: Աստված մեզ բոլորիս հավասար է ստեղծել, և Նրա առաջ մենք բոլորս էլ հավասար ենք. Սուրբ գրքում շատերս ենք հանդիպում այս մտքին, բայց ամեն անգամ ինչ-որ բան ստիպում է մեզ յուրահատուկ դառնալ շրջապատի աչքերում։
 

Եթե ձեզ մոտ էլ կա «յուրահատուկ» լինելու զգացողություն, ապա, իրոք, դարձեք այդ յուրահատուկ մարդը՝ ձեր ամենօրյա նպատակասլացության, աշխատանքի, ոչ սովորական քայլերի միջոցով, իսկ Աստված մեզ բոլորիս կսիրի հավասար, որովհետև մեզ կյանք տալուց առաջ Նա բոլորիս մեջ հավասարություն է դրել:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2022-02-08
×