-Հոգևոր ծառայությունը առաքելություն է և իմ կյանքում այն շատ կարևոր տեղ ունի: Ցանկանում եմ քահանա դառնալ, քանի որ քահանան միջնորդ է Աստծո և մարդկանց միջև: Ես ցանակնում եմ գնալ այդ ճանապարհով և ընդունվել ճեմարան,-ասում է Ս. Երրորդություն եկեղեցում ծառայող 13-ամյա Վահանը:
Փոքրիկ քարոզիչը իր առաքելությանը հասնելու ճանապարհը սկսել է հինգ տարի առաջ, երբ մոր ուղեկցությամբ և հորդորով սկսել է հաճախել Կիրակնօրյա դպրոց:
Եկեղեցին քրիստոնյայի ամբողջ կյանքի համար հանդիսանում է հոգևոր և բարոյական կրթության ու դաստիարակության կարևոր դարբնոց և այս գործում իրենց ծանրակշիռ տեղն ունեն եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցները: Հոգևոր-բարոյական կրթության և դաստիարակության այս կենտրոններում երեխաները, կրոնական գիտելիքներ ստանալով, նախ և առաջ սովորում են ճանաչել Աստծուն և Եկեղեցին:
«Արդեն 5 տարի է, ինչ հաճախում եմ Կիրակնօրյա դպրոց: Այստեղ ստացած գիտելիքներն ինձ օգնում են ավելի հեշտությամբ սովորել դպրոցի Եկեղեցու պատմություն առարկան»,-ասում է Վահանը, ով, մայիսին կայացած ՔԴԿ-ի կողմից կազմակերպված կիրակնօրյա վարժարանների սաների օլիմպիադայում, զբաղեցրել է պատվավոր 2-րդ տեղը:
Բացի կիրակնօրյա դպրոց հաճախելուց, Վահանն արդեն մեկ տարի է, ինչ շապիկ է հագնում և սպասավորում է քահանային Սուրբ Պատարագի և Ժամերգության ընթացքում:
«Սկզբում ձանձարնում էի, շատ բան չէի հասկանում, իսկ հիմա արդեն այս ամենը շատ հետաքրքիր է ինձ համար: Իհարկե, դժվարություններ էլ կան, օրինակ շարականները սովորելը, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կսովորեմ»,-ժպտալով ասում է Վահանն ու լրջանալով հավելում, որ հավատում է Աստծուն և հավատքում կարևորում է Սուրբ Հարության գաղափարը,- «եթե քրիստոնյան մասնակցում է բոլոր արարողություններին, բայց չի հավատում Հարությանը, ապա նրա հավատքը թերի է»:
Հաճախ եկեղեցիներում կարելի է տեսնել փոքրիկների: Նրանցից ոմանք ուղղակի վազվզում են, ոմանք լուրջ դեմքով մոմ են վառում, որոշներն էլ քահանայի կողքին կանգնած սպասավորում են: Վահանը այդ փոքրիկ սպասավորներից է, փոքրիկ քարոզիչ, ում ձայնը, սակայն, երբեմն ավելի շուտ կարող է հասնել նրան, ով հավատքի մեջ տկարացել է: Տեսնելով, թե ինչպես է 15-ամյա տղան ծառայում Աստծուն, ինքնըստինքյան սկսում ես մտածել սեփական հավատքի և սեփական ծառայության մասին: Ուրեմն, «թույլ տվեք այդ մանուկներին, որ ինձ մոտ գան , և մի արգելեք նրանց , որովհետև այդպիսիներինն է Աստծո արքայությունը: Ճշմարիտ եմ ասում ձեզ , ով որ Աստծո արքայությունը չնդունի ինչպես մի մանուկ , այնտեղ չի մտնի» (Ղուկ.18.16):
Թույլ տվեք և հետևեք նրանց ճանապարհին:
Հասմիկ Թամամյան