Երբ ազատության հրապարակի նստարաններից մեկին տխուր նստած կինը հարցրեց ինձ այդ մասին՝ հասկացա, որ իմ կյանքում ինչ-որ կարևոր բանի մասին մոռացել եմ: Նրա հարցը հանկարծակի էր, բայց ոչ շատ բարդ. Դուք երջանի՞կ եք: Տեսնելով, որ չեմ պատասխանում, մի թերթիկ տվեց ու ասաց.
-Վերցրո՛ւ, սա թուղթ է երջանկության մասին:
Լեգենդար ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը այս հարցին շատ կարճ պատասխան է տվել. «Ծնվել եմ, ուրեմն երջանիկ եմ»:
«Դուք կարող եք երջանիկ լինել, եթե…»: Սա էր գրված կնոջ տված թղթի առաջին տողում:
Շատ բաներ կարող ենք թվարկել այս եթե-ից հետո: Դուք կարող եք երջանիկ լինել, եթե չնախանձեք, եթե սիրեք մարդկանց, եթե բավարարվեք նրանով, ինչ ունեք, եթե լավ երեխաներ ունենաք, եթե մեղք չգործեք և այլն: Իսկ ես կհավելեի՝ դուք կարող եք երջանիկ լինել, եթե չմոռանաք, որ կարող եք երջանիկ լինել:
Որպեսզի մարդիկ չմոռանան երջանկության մասին, 2012 թվականին, Բութան քաղաքի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 20-ը սահմանեց երջանկության միջազգային օր։
«Գիտեք, հետաքրքիր հակասություն է: Մենք միշտ վազում ենք ինչ-որ բանի ետևից՝ մտածելով, որ դա մեզ երջանկություն կպարգևի, սակայն այդ ճանապարհին այնքան ենք կենտրոնանում դրան հասնելու գաղափարի վրա, որ մոռանում ենք նկատել փոքրիկ դրվագներ, որոնք արդեն իսկ մեզ երջանկացնում ենք: Եվ հասնելով մեր ուզածին այնքան հոգնած ու հիասթափված ենք լինում, որ մոռանում ենք, որ դա պետք է երջանկացներ մեզ»,-ասում է Նինան:
Արդյո՞ք ես երջանիկ եմ: Երբևէ տվե՞լ եք ձեզ այս հարցը կամ, երբ մտածում եք երջանկության մասին, ինչի՞ հետ եք դա կապում՝ գումարի՞, աշխատանքի՞, մարդկա՞նց, ունեցվածքի՞:
Ոմանց համար էլ երջանկությունը փոքր ուրախությունների` առավոտյան արև տեսնելու և նրա ճառագայթներից ջերմանալու, պարզապես քունն առնելու, սիրելի երաժշտություն լսելու կամ սիրահարվելու մեջ է։ Ոմանց համար մեքենա ունենալու կամ կարիերայում հաջողության հասնելու:
Երջանկությունը երջանկության մասին չմոռանալն է: Եթե առօրյա մտքերի ու գործերի պատճառով չեք հասցնում հիշել դրա մասին, ապա մի թուղթ պահեք ձեզ մոտ, որի վրա գրված կլինի ուղղակի՝ Ես երջանիկ եմ: Ոչ թե ես երջանիկ կլինեմ, այլ ես երջանիկ եմ: Իսկ եթե թուղթը կորցնեք, հաստատ կգտնվի մեկը, ով կհիշեցնի ձեզ, որ հարկավոր է մտածել երջանկության մասին ու ժամանակ առ ժամանակ հարցնել՝ ես երջանի՞կ եմ:
Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ ժամով, ննջեք: Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ օրով, գնացեք ձկնորսության: Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ տարով, ժառանգություն ստացեք: Եթե ձեզ պետք է երջանկություն ամբողջ կյանքի համար, օգնեք, որ ուրիշները գտնեն իրենց երջանկությունը: (Չինական ասացվածք)
Հասմիկ Թամամյան