Կյանքը սիրում է նրանց, ովքեր սիրում են Կյանքը և գնահատում նրանց, ովքեր գնահատում են Կյանքը:
Այն ոչ մեկին չի հարվածում, այլ մշտապես պարգևում է: Բայց ծանր մտքերի և զգացումների մշուշից շատ բարդ է տեսնել այդ պարգևները և առավել ևս դրանք ընդունել: Մարդու ներսում հավետ պայքար է ծավալվում Կյանքի և Մահվան միջև: Դեռ վաղ մանկությունից, երբ Կյանքը մտնում է իր իրավունքների մեջ, Մահը սկսում է գրոհել: Վախը, եսասիրական ցանկությունները, հոգեբանական հարվածներն ու կոմպլեքսները միշտ ձգում են մեզ դեպի ներքև: Մենք հաճախ ենք տխրում, քիչ ուրախանում: Մենք մեծանում ենք և ընտելանում խնդիրներին: Մենք ընտելանում ենք գտնվել ոչ թե Կյանքի լույսի ներքո, այլ՝ Մահվան ստվերում:
Կյանքը՝ որպես հեքիաթային զինվոր, կանչում է Մահվանը կռվի՝ մենամարտի: Ենթադրվում է, որ կռիվը ծավալվում է մեր ներսում, և այդ դեպքում մենք վերապրում ենք սուր կոնֆլիկտային վիճակ: Ո՞ւմ ենք մենք օգնում և ո՞ւմ կողմից ենք կռվի ժամանակ: Կյանքի՞, թե՞ Մահվան: Կյանքը սնվում է սիրով: Նա ուժ է առնում մեր ժպիտից, գեղեցիկ մտքերից, վարքից, հավատքից, մեր ապրելու ցանկությունից, հոգու հանգստությունից: Կյանքը դառնում է ուժեղ, երբ մենք սկսում ենք ուրախանալ ամեն ինչով՝ արևով, քամիով, շնչելու հնարավորությամբ, ջուր խմելով, մեկս մյուսին բարի խոսքեր ասելով: Այն հաղթում է Մահվանը, երբ մենք ամբողջ սրտով և անկեղծությամբ ասում ենք նրան. «Ինչ էլ որ պատահի, ես քո կողմից եմ: Ինչպիսի չարչարանքներ էլ, որ ինձ վախեցնեն, ինչպիսի զրկանքներ էլ, որ ես ապրեմ, ես կպահպանեմ իմ ժպիտը և ունակությունը՝ ուրախանալու քո ամենօրյա պարգևներով»: Եվ հենց սա է ամենաիրական քաջությունը:
Այն կայանում է նրանում, որ, չնայելով ոչնչի, պահպանես քո մեջ ուրախության և մաքուր մտքերի ապրումը:
Իսկ Մահվանը հարկավոր է թախիծ, տխրություն, խղճահարություն ինքդ քո հանդեպ, տրտունջ, անհանգստություն, վախ, շփոթմունք, թուլություն, հավատքի կորուստ, հիվանդություն, վրեժ, եսասիրական ցանկություն:
Այսպես ներքին պայքարի ժամանակ, մենք ո՞ւմ կողմից ենք: Ընտրությունը մերն է:
Կյանքը շատ ուժեղ է: Այն մեզանից ոչ մեկին չի պատժում: Կյանքը պայքարում է մեզ համար և հանուն մեզ: Պայքարում է մինչև վերջ: Երբ մեր ներքին տարածությունը լի է կռվի ցանկությամբ՝ նշանակում է, որ մենք դեռ չենք կատարել մեր ընտրությունը: Այնտեղ, ուր կա կռիվ, դժվար է տեղ գտնել սիրո համար: Եթե կռիվը մարում է, նշանակում է, ընտրությունը արվել է, հոգին հանգստություն է գտնում:
Եթե այդ ընտրությունը Կյանքի օգտին է, ապա հանգստին միանում է ուրախությունը, մտքերի պարզությունը, զգացումների ապրումն ու սրությունը, սերը:
Եթե այդ ընտրությունը Մահվան օգտին է, ապա հանգիստը նման է խոր հոգնության, լքվածության, անտարբերության, ոգու և ուժերի անկման, ցինիզմի և թերահավատության: Այնինչ չպետք է մտածել, որ նա, ով կատարել է ընտրություն Կյանքի օգտին, մեխանիկորեն ազատվում է իրավիճակներից՝ կապված սահմանափակումների, կորուստների, հիասթափությունների հետ, դա հենց այն է, որ իմաստուն մարդիկ անվանում են կյանքի դասեր: Հարկ է լինում մեզ սովորել ողջ կյանքում: Կյանքը ընտրած մարդը, կյանքի դասերը ընդունում է այլ կերպ՝ ինչպես արկած: Որովհետև նա ունի գլխավորը՝ իմաստի զգացողությունը, կյանքի արգելքների պատճառների և կատարվածի մղիչ ուժի հասկացողությունը:
Ընտրությունը Կյանքի օգտին պահանջում է մեծ ուժ և քաջություն: Չպետք է մոռանալ, որ փորձությունները Մահվան կողմից նույնպես մեծ են և հետևում են մարդուն շատ երկար, հնարավոր է անգամ մինչև վերջ: Նա, ով ընտրություն է կատարել Մահվան օգտին, առանձնանում է կորցրած հավատքի ցավով: Նրանք այլևս ոչինչ չեն փնտրում, ոչ մի տեղ առանձնապես չեն ձգտում, նրանց մոտ ամեն ինչ հասկանալի է:
Նրանք իրենց համարում են ռեալիստ: Ներքուստ նրանք պայքար չունեն: Բայց նրանց հոգին լցված է անցյալի վիրավորանքների մոխրով, բնակեցված է վախերով, նվաճված է կախվածությամբ: Օր օրի նրանք ավելի ու ավելի են հեռանում Կյանքից: Այո, նրանք շարունակում են ապրել, բայց չեն կարողանում ուրախանալ Կյանքով: Ավելի դժվար է նրանց համար զգալ սերը: Սիրո փոխարեն գալիս է վախը և իշխելու ցանկությունը: Նրանք ցինիկաբար ասում են. «Ինձ կյանքն է այդպիսին դարձրել»: Մի հավատացեք նրանց խոսքերին, դա նրանց սեփական ընտրությունն է:
Իսկ հնարավո՞ր է փոխել ընտրությունը:
Միշտ էլ կա ընտրություն: Սխալ որոշումից ամեն պահի հնարավոր է հրաժարվել, այնինչ այն միանգամից փոխել, այդքան էլ հեշտ չէ: Անհրաժեշտ է կամքի ուժ և աշխատանք ինքդ քո նկատմամբ: Ուղղակի պետք է աչքերին սովորեցնել տեսնելու միայն գեղեցիկը, ականջներին լսելու բարին, քթին՝ շնչելու և արտաշնչելու նուրբ բույրը, լեզվին՝ ընտրելու լավագույն համը, մարմնին՝ ընդունելու և պարգևելու հոգատար հպումը: