Երկու սեռերի միջև եղած կոնֆլիկտները մտածելու տեղիք են տվել դեռ վաղ ժամանակներից: Երբ զուգընկերների միջև ինչ-որ խնդիրներ են առաջանում, մարդիկ սկսում են այն բացատրել կողակցի սեռով, ինչը խանգարում է դիմացինին դիտարկել իբրև անձի։ Բոլոր խնդիրերի պատճառը բացատրվում է նրանով, որ մեկը կին է, մյուսը` տղամարդ, այդ պատճառով նրանք չեն կարող հասկանալ իրար: Անգամ մի արտահայտություն է տարածում գտել, թե «Տղամարդիկ Մարսից են, կանայք` Վեներայից»: Այսպես, ի դեպ, իր գրքերից մեկն է վերնագրել հայտնի ամերիկացի հոգեբան Ջոն Գրեյը:
Եթե այդպես է, ապա ինչու ֆիզիկապես լինելով այդքան տարբեր՝ տղամարդը և կինը միանում են իրար:
Երբ Աստված ստեղծեց մարդուն, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»: Տեր Աստված ստեղծեց նաև դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին և բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե Ադամը ինչ անուն կտա դրանց: Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին և դաշտային բոլոր գազաններին տվեց անուններ, բայց Ադամը չգտավ իր նմանությունն ունեցող մի օգնական: Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ: Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչվի կին, որովհետև իր ամուսնուց ստեղծվեց»: Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը՝ պետք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մի մարմին»: (Ծննդ. 2. 18-24)
Տղամարդ-կին հարաբերություններում բարդություններ առաջանում են ոչ թե նրանից, որ կինն ու տղամարդը տարբեր են սեռով, այլ հարաբերությունների մեջ գտնվող տվյալ երկու մարդկանց բնավորությամբ։
«Ադամի և Եվայի միջև չկար տարբերության խնդիր: Նրանք մերկ էին ու չէին ամաչում: Եվայի մեջ Ադամը տեսնում էր իրեն, Եվան էլ Ադամի մեջ տեսնում էր ինքն իրեն: Բայց, երբ մեղք գործեցին, այդ ժամանակ ի հայտ եկավ տարբերության կոնֆլիկտը: Կնոջ և տղամարդու միջև տարբերություն ասելով չպետք է հասկանալ հայացքների ու մոտեցումների տարբերությունը: Ամուսինների մեջ եղած կոնֆլիկտն ու տարբերությունը հարկավոր է դիտարկել՝ նայելով նրանց վերջնանպատակին, արժեհամակարգին: Մենք կարող ենք նույն ուղղությամբ նայել բայց տարբեր մոտեցումներ ունենալ, կարող ենք նույն մոտեցումներն ունենալ, բայց տարբեր ուղղություններով նայել»,-մեկնաբանում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Աստված Ադամին բնակեցրեց Եդեմի պարտեզում՝ այն խնամելու և այնտեղ աշխատանք տանելու համար։ Եվ ստեղծեց կնոջը որպես իդեալական զուգընկեր Ադամի համար, որպեսզի աշխատի նրա հետ, նրան կյանքի ընկեր լինի։ Բայց երբ Ադամն ու Եվան ըմբոստացան Աստծու դեմ, նրանք կորցրեցին Աստծո և միմյանց հանդեպ ունեցած իրենց անմիջական փոխհարաբերությունը։ Գործած մեղքն իր հետևանքներն ունեցավ նրանց կյանքի բոլոր ոլորտներում։
«Ամբողջ կոնֆլիկտը եսասիրության մեջ է: Բաժանումն ու տարբերությունը առաջացավ, երբ նրանք մեղք գործեցին և առաջ քաշեցին սեփական «ես»-ը: Ամուսինների միջև տարբերության և չհասկացվածության լուծումը միասին դեպի Աստված իրենց հայացքներն ուղղելն է»,-բացատրում է քահանան:
Արդյո՞ք նա է իմ կեսը
Մարդ միշտ էլ փորձում է գտնել իր նմանին, ում իր կեսն է համարում: Այնպես չէր, որ Ադամը ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք ուներ, այլ կար ներքին պահանջ դիմացինի մեջ իրեն գտնելու:
Իսկ արդյո՞ք այժմ, մենք մեր դիմացինի մեջ տեսնում ենք մեզ: Արդյո՞ք վստահ ենք, որ հենց նա է մեր կեսը: Կամ կա՞ երկրորդ կես ասվածը:
«Երկրորդ կես ասվածը գոյություն չունի, եթե համարում ենք, որ այդ երկրորդ կեսն ինչ-որ հատուկ մեկն է: Շատերը թողնում են իրենց ամուսիններին կամ կանանց միայն նրա համար, որ մի փոքրիկ դժվարությունից հետո մտածում են, թե նա չէր իրենց երկրորդ կեսը: Այդպիսի բան չկա: Ում հետ ամուսնացար, հենց նա է քո կեսը: Հարցի մյուս կողմն է, թե ինչո՞ւ դու չկարողացար նրա մեջ տեսնել քո կեսին»,-ասում է քահանան:
«Աստված մարդուն կավից ստեղծեց և Նրա մոտ մնաց չօգտագործված մի կտոր:
– Ուրիշ ի՞նչ ծեփեմ քեզ համար,– հարցրեց Աստված:
– Ծեփիր ինձ համար երջանկություն,– խնդրեց մարդը:
Ոչինչ չպատասխանեց Աստված, և միայն նրա ձեռքի ափի մեջ դրեց կավի կտոր, որ ավելացել էր»:
Յուրաքանչյուրս ազատ ենք ստեղծելու, արարելու, փնտրելու ու գտնելու մեջ: Աստված տվեց մեզ այդ «կավը»՝ ստեղծելու այն, ինչը մեզ կերջանկացնի: Աստծո տված ազատությունը վերաբերում է նաև կողակցին փնտրելուն, գտնելուն և նրա հետ հարաբերության մեջ մտլեուն: Հարցը միայն այն է, արդյո՞ք պատրաստ ենք մտնել այդ հարաբերության մեջ, դառնալ մեկ, սիրել, ներել ու զիջել:
:
Հասմիկ Թամամյան