Քո կյանքի օրինակը բա ՛վ է

Քո կյանքի օրինակը բա ՛վ է

Ի՞նչ է հավատը: Հավատն ընծա է: Այն գիտելիք չէ, որը պիտի ձեռք բերել, հարգանք չէ, որին պիտի արժանանալ, սիրտ չէ, որը պիտի նվաճել: Հավատը մի ափ լույս է, որը շնորհվում է մարդուն՝ աշխարհ գալուն պես, դրվում է նրա սրտի մի անկյունում՝ որպես ուղղորդիչ ուժ: Այդ լուսե ուժն է, որն օգնում է երեխային անել առաջին քայլերը, արտաբերել առաջին բառերը: Հավատալ ինքն իրեն, աշխարհին, մարդկանց: Քանի դեռ երեխային չեն ապականել աշխարհիկ կասկածներով, նա գիտի՝ ինքն ով է, որտեղից է եկել, նա զգում է իր հոգևոր լինելը: Եվ նա հավատում է, որ աստվածային ուժի կրողն է, Արարչի շարունակությունը, Նրա լույսն ու մաքուր իմաստությունն աշխարհ վերադարձրած նոր էակը: Այդ է պատճառը, որ Քրիստոս պատվիրում է երեխաների նման լինել. անապական, հավատի լույսը սրտում կրող, բաց, մաքուր… Միայն այս կերպ է հնարավոր զգալ ու տեսնել Աստծո ներկայությունը մեր կյանքում:
 

Ի՞նչ է լինում հետո… Հետո մենք մոլորվում ենք: Մեզնից շատերը: Ամեն տարվա հետ մենք կորցնում ենք այն, ինչ մեզ հետ բերել էինք այս աշխարհ, մենք կորցնում ենք մեր լույսը, մեր ընծան, հենարանը, որի վրա պիտի կառուցվեր մեր կյանքը: Մեզ հետ կատարված ամենատարբեր դեպքերը հանգեցնում են նրան, որ մենք սկսում ենք մտածել, թե հավատը կարելի է ձեռք բերել, գնել, նվաճել, իմանալ, շոշափելի դարձնել: Ու երբ մենք ձախողվում ենք այդ գործում, սկսում ենք ժխտել հավատի անհրաժեշտությունը կամ գոյությունը: Սկսում ենք մեր հոգին լցնել այն խորը դատարկությոամբ, որն առաջանում է հավատի կորստից: Սկսում ենք մեզ ավելի ավելի բանիմաց դարձնել, որ չսարսափենք լույսի բացակայությունից, մոռանանք, որ չգիտենք՝ ով ենք մենք, որտեղից ենք եկել և որն է մեր անելիքն այս աշխարհում: Եվ քիչ չէ այս ամենը, մենք սկսում ենք այլ մարդկանց էլ համոզել ու հավաստիացնել, որ հավատալը դատարկ ու անօգուտ է, որ Աստծո սիրուն ու գթասրտությանը վստահելը տգիտություն է, խավարամտություն: Ինչու՞: Որովհետև մեր աչքերն են փակ, որովհետև մեր միտքը խավարում է, մենք ենք հետ մնացել լույսից:
 

Հավատն իրենց մեջ կրողների ու հավատը կորցրածների պայքարը հին է, ինչպես աշխարհը, որում ապրում ենք: Հիշում եմ, տարիներ առաջ, երբ ես դպրոցահասակ երեխա էի, պարբերաբար հայտնվում էի նման պայքարների կիզակետում: Ինձ ցավեցնում էր այն փաստը, որ մարդիկ կարող են չհավատալ այն ամենին, ինչն իմ կյանքի առանցքն է, իմ ուժը, իմ լույսը: Ես կռիվ էի տալիս, փորձում էի ճշմարտությունը հասցնել նրանց, փոխել նրանց պատկերացումները հավատի, Աստծո և Նրա սիրո հանդեպ: Երբեմն ստացվում էր, ավելի հաճախ՝ կոտրվում էի: Միայն տարիներ անց, երբ իմ հավատն ավելի խորը արմատներ ձգեց ներսումս, հասկացա, որ ես այլ մարդկանց և նրանց հավատի համար միայն մի բան կարող եմ անել՝ ապրել իմ կյանքն ու տալ նրանց իմ օրինակը: Ո՛չ խոսքերով, ո՛չ պայքար մղելով: Միայն իմ կյանքով, իմ գործով, իմ օրինակով: Յուրաքանչյուր քրիստոնյայի համար կատարյալ օրինակ է Քրիստոս, Ով Իր երկրային կյանքի ընթացքում ոչ մի անգամ չբանավիճեց հավատի, Աստծո գոյության կամ կրոնի կարևորության վերաբերյալ: Նա Իր ապրած երկրային կյանքը տվեց որպես օրինակ, ուր հավատը դեպի ինքդ քեզ ու քո Արարիչը, կենդանի է, կա և լույս է տալիս:
 

Հիմա, Քրիստոսից երկու հազար տարի անց, հավատ ունեցողները կռիվ են տալիս անհավատների հետ, երկար բանավիճում են սոցիալական կայքերում և դրանցից դուրս, ինչու՞: Մի՞թե ձեր կյանքի օրինակը բավական չէ: Աստված երբեք բաց չի թողնում մեր ձեռքը: Նույնիսկ, երբ մենք ուրանում ենք Նրան, երբ խեղդվում ենք մեր իսկ գործած մեղքերի ճահճում, երբ անհավատությունը հպարտանալու առիթ ենք դարձնում ու դրանով ողողում մեր շրջապատը: Աստված բոլոր մարդկանց հետ է. Նա մեզնից չի սպասում բանավեճ ու պայքար, նա մեզնից սպասում է մե՛ր օրինակը, մեր կյանքի օրինակը, որտեղ մեզ ընծայված հավատն այնքան ուժեղ է, որ կարող է կոտրել անհավատության դարպասները, բացել մեզ շրջապատող մարդկանց աչքերը, դուրս հանել նրանց իրենց ճահճից և ցույց տալ ճանապարհը, լույսն ու Աստծո սերը…
 

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2022-02-08
×