Պատկերացրեք կամ հիշեք, թե ինչպես են փոքրիկ երեխաները քայլել սովորում: Ծնողը կանգնում է նրա ետևում՝ ձեռքերը կողքին պահած, և դանդաղ քայլում է երեխայի հետ, որպեսզի, եթե հանկարծ վերջինս սայթաքի՝ կարողանա ժամանակին բռնել նրան: Լինում է, երբ ծնողը չի հասցնում բռնել երեխային և նա ընկնում է: Ընկնելուց, գուցե, երեխան ինչ-որ տեղը վնասի, լացի, բայց դրանից հետո նորից փորձ կանի՞ քայլելու, թե՝ ոչ, դա արդեն կախված է ծնողի արձագանքից: Եթե ծնողը վախենալով թույլ չտա այլևս նրան ինքնուրույն քայլել կամ բարկանա նրա վրա, ապա երեխան հաջորդ անգամ շատ ավելի քիչ համարձակությամբ որևէ քայլ կանի:
Նույն կերպ է նաև երեխայի դաստիարակության հարցում: Դաստիարակելիս հարկավոր է թույլ տալ նրանց ինքնուրույն որոշումներ կայացնել՝ ընկնել, ելնել, երբեմն ցավ հաղթահարել: Երեխային հարկավոր է ոչ թե միայնակ թողնել, այլ՝ ինքնուրույն և ազատ:
Մեր հասարակության մեջ տարածված է երեխայի փոխարեն որոշել, թե ինչն է լավ, ինչը՝ վատ, ինչ կարելի է անել, իսկ ինչ՝ ոչ: Եվ եթե երեխան սխալ է անում, ապա նրան պետք է պատժել և միշտ հիշեցնել նրա սխալի մասին: Սակայն այդ պատիժն ունի հիմնականում երեք բացասական հետևանք: Այն է՝ վախ, ամոթ, ցավ:
Վախ, որ դու եթե ինչ-որ բան անես, ապա կմերժվես բոլորի կողմից և կպատժվես: Ամոթ, որ բոլորը կիմանան, թե որքան վատն ես դու և ցավ, որովհետև դու չես արդարացրել ծնողներիդ սպասելիքները և նրանք չեն ների քեզ: Այս ամենը զգալով՝ երեխան կոտրվում է և հիասթափվում:
Մեր հասարակության մեջ ձևավորվել են որոշակի կարծրատիպեր, որոնց մասին զրուցել ենք Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
«Իմ երեխան սխալվելու իրավունք չունի»
Երեխան երբեք չպիտի մտածի, որ ինքը չունի սխալվելու իրավունք կամ վախենա, որ եթե սխալվի ապա չի ներվի: Որքան վախենա սխալվելուց, այնքան ավելի շատ կսխալվի: Կայնքում ամենամեծ սխալը չսխալվելն է:
«Երեխան սխալ է գործել, ո՞վ է մեղավոր»
Յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր արարքների և սխալների համար: Ծնողը պատասխանատու է իր երեխայի համար, բայց ոչ նրա սխալի: Նա ամեն պարագայում պետք է իր երեխայի կողքին լինի: Երեխան պետք է իմանա, որ բոլոր դեպքերում ծնողն իր կողքին է: Ճիշտ դաստիարակությունը կայանում է ոչ թե երեխայի վրա բարկանալու կամ նրան ազատությունից զրկելու մեջ, այլ երեխայի հետ հավասար քայլեու մեջ, երեխայի հետ հավասար սխալվելու մեջ:
«Պատժե՞լ սխալի համար, թե՞ թողնել անպատիժ»
Պետք չէ երեխային երեսով տալ իր սխալը, պետք է բացատրել նրան, թե որ արարքը ինչ հետևանք կարող է ունենալ: Փոխարենն ասել, թե ինչ չի կարելի անել, պետք է սովորեցնել, թե ինչ է կարելի անել:
«Երեխային պե՞տք է ասել, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ»
Պետք չէ երեխայի հետ խոսել սխալների կամ մեղքի մասին, պետք է խոսել առաքինությունների մասին: Ավելի լավ է երեխայի հետ խոսել դրական երևույթների մասին՝ բարության, օգնության, հավատարմության, ազնվության: Չարի հետ նա այսպես թե այնպես կառնչվի, բայց եթե սեփական փորձով արդեն ծանոթ լինի առաքինություններին, ապա նա կամավոր կերպով կընտրի բարին: Սակայն, եթե անգամ սխալվի, ցույց տվեք նրան, որ կա ուղղվելու ճանապարհ:
«Երեխային պե՞տք է ազատություն տալ, թե՝ ոչ»
Պետք է վերահսկել, բայց ոչ սահմանափակել երեխայի տեղաջարժն ու քայլերը: Վերահսկել նշանակում է հասկանալ, թե երեխան որտեղ կարող է սայթաքել, որեպեսզի կարողանաս նրան «բռնել»: Ինչպես փոքրիկ երեխայի պարագյում, երբ նա նոր սկսում է քայլել՝ ծնողը ձեռքերը կողքը պահած քայլում է նրա ետևից, բայց տալիս է հնարավորություն ինքնուրույն քայլելու, ինքնուրույն ճանաչելու, ընկնելու, բարձրանալու, սովորելու:
«Ինչպե՞ս երեխային ասել, որ նա սխալ է»
Պետք չէ երեխային ասել, որ սխալ է: Հարկավոր է խոսել նրա հետ: Նա ինքը պետք է վերլուծի և հասկանա, թե որն է իր սխալը, և որը՝ ճիշտ: Նա պետք է ցանկանա խոսել իր սխալ կամ ճիշտ արարքների մասին: Նա պետք է վստահի Ձեզ, խոսի իր սխալի մասին:
Երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսն ասում էր. «Երեխաները հրեշտակներ չեն, երեխաներն էլ մարդիկ են և իրենց փոքր հասակից նույնիսկ ապագա թերությունների կորիզն ունեն»։ Նրանք նույնպես կարող են սխալվել, դրանից խուսափել անհնար է, բայց երբ այդ սխալի ժամանակ անգամ նրա կողքին լինես, ապա կարող ես փրկել նրան:
Ուրեմն հարկավոր է մտածել ոչ թե նրա մասին, թե ինչպե՞ս բարկանալ երեխայի վրա, այլ թե ինչպե՞ս անել, որ երեխան սայթաքլուց հետո գա ծնողի մոտ ու չվախենա մերժվելուց ու պատժվելուց:
Հասմիկ Թամամյան