Տես՝ ինչ է եղել: Արձակուրդները սկսելուն պես ինձ ու Նարեին մերոնք գյուղ ուղարկեցին: Ոնց էինք ուրախացել: Ամբողջ ճամփին որոշում էինք՝ առաջինը ինչ ենք խաղալու, ինչ ենք անելու, մեր ընկերներից ում ոնց ենք հյուր գնալու, կատակներ էինք պատրաստում:
Բայց հենց տեղ հասանք, մեր ոգևորությունը կոտրվեց. գյուղն արտասովոր մռայլ էր, նյարդային: Տատիկները, որ սովորաբար մեզ պատմել էին տալիս մեր անցած ամբողջ տարին, հիմա գլխի շարժումով պատասխանում էին մեր բարևին ու շրջվում: Պապիկենց տանը մարդ չկար: Մենք, մի քիչ նեղացած, իրերը դրեցինք բակում ու դուրս եկանք: Հարևան բակում կանայք կային: Ծառերի տակ մեր ընկերներն էին՝ Արսենն ու Վարսիկը: Նետվեցինք, գրկեցինք իրենց. Վարսիկը սկսեց լաց լինել: «Անուշն է կորել,- ասաց Արսենը,- երկրորդ օրն է, չենք գտնում: Տեսնող է եղել ներքի հանդամասում. դա էլ սահմանին ամենամոտ տեղն էե: Ու անմիջապես ես էլ համակվեցի գյուղն առած վախով. չլինի մոլորվել, սահմանն անցել է, գերի ընկել: Ու աչքերիս առաջ եկան բոլոր այն սարսափները, որ լսել էի գերի ընկնելու մասին: «Մի բան անենք,- ասացի,- գնանք, փնտրենք»: «Մեծերը չեն թողնում»,- համարյա գոռաց Արսենը: Այդ բողոքը երևի հազար անգամ հազար ձևով հնչել էր: Մեծերը մեր կողմը չշրջվեցին էլ: Մենք լռեցինք:
Պայթելու բան էր նման պահին ոչինչ չանելը. փոքր երեխա ունեցող մի քանի կանանցից բացի բոլոր մեծերը գնացել էին Անուշին փնտրելու. երեխաներին տանից դուրս չէին թողնում: «Ի՞նչ անենք,- անընդհատ ասում էր Արսենը,- մի բան մտածիե: Նարեն դողալով շշնջաց. «Զգույշ փախչենք, գնանք փնտրելուե: «Չէ՛, կգժվեն, կվատանան,- կտրեց Վարսիկը՝ գլխով ցույց տալով կանանց,- համ էլ փնտրողները շատ են՝ զինվորներն էլ, կողքի գյուղից էլ. գյուղում թուրքի խումբ կա»: Սարսափելի լուրից վեր թռա ու խզված ձայնով հարցրի. «Ի՞նչ գիտեք»: Հույս ունեի, որ ընկերներիս փաստարկներն անհիմն կհայտարարեմ: «Մեսրոպ պապն ասաց»,- կտրեց Արսենն ու նորից սսկվեցինք: Մեսրոպ պապն անթերի խոսում էր ադրբեջաներեն, կռվի տարիներին հատել էր սահմանը, որքան պետք էր եղել, բանակցել հակառակորդի հետ: Մեսրոպ պապի խոսքը ժայռ էր. հայտնի էր, որ նա իր հարյուր իմացածի մեկն էր ասում:
Այսպես մոլորված կանգնել էինք այրող արևի տակ: Երբեմն ինչ-որ հուսադրող բան էինք փորձում ասել. «Անուշն ամենաարագավազն էե, «փնտրողները շատ ենե, բայց կոկորդներս սեղմվում էր: «Մի բան անենք»,- նորից գոռաց Արսենը՝ նայելով կանանց կողմը, կարծես պահանջելով, որ մեզ էլ ներգրավեն: Մեր կողմը շրջվեց Հասմիկ հարսիկը, մի պահ երկմտեց, հետո պստիկ բարուրը զգուշորեն օրորելով՝ մոտեցավ մեզ: «Շշշշ»,- ասաց՝ նայելով սկզբում բարուրին, հետո՝ Արսենին: Նրա աչքերում այնքան թախիծ կար ու այնքան հանդարտություն. «Մի բան կա, որ դուք կարող եք անել,- ասաց նա շշուկով,- ու դա ամենակարևորն է»: Մենք լարվեցինք, հուզվեցինք, անհամբերությունից ժպտացինք իրար. մեզ վերջապես կարևոր հանձնարարությամբ տեղ կուղարկեն: «Աղո՛թք արեք,- ասաց Հասմիկ հարսիկն, ու վայրկենապես մեր ոգևորությունը մարեց,- Աստծու առաջ դուք մաքուր եք, ձեր ձայնն առավել շուտ է հասնում Նրան. աղո՛թք արեք Անուշի համար, նրան փնտրողների համար, սահմանին կանգնած… բոլորի համար»: Արսենի խոժոռ հայացքը նրան ասում էր՝ լուրջ բան ասա: Բայց նա ուղղակի ավելացրեց. «Ու տուն մտեք. արդեն կեսօր է, արևը կխփի գլխներիդե:
Մենք տուն մտանք: Արսենը փնթփնթում էր, իսկ ես զգում էի, որ ճիշտ էր ասված: Մտածում էի՝ ինչպես դա բացատրեմ Արսենին, համոզեմ, որ րոպե չկորցնենք; «Հազար ու մի պատմություն կա, որ աղոթքն օգնել է»,- անվստահ ասաց Վարսիկը: «Հազար ու մի հեքիաթ է կա»,- կտրեց Արսենը: «Եթե հավատով խնդրես,- զգույշ ասաց Նարեն,- Աստված կտա: Ի՞նչ է գնում քեզնից. արի միասին խնդրենք, որ Անուշին Աստված պահի-պահպանի. հավատով խնդրենք, անպայման Աստված կլսի»: «Իսկ ես չեմ հավատում»,- էլի գրեթե գոռալով ասաց Արսենը: Ես զայրացա. հիշեցի Գրիգոր պապիս պատմությունները ու դարձա Արսենին. «Հիսուսը մի անգամ մի դատավորի մասին է պատմում, որ ոչ Աստծուց էր վախենում, ոչ՝ մարդկանցից ամաչում: Մի այրի կին անընդհատ գալիս էր նրա մոտ, որ իր դատն անի, բայց էս անիրավ դատավորը չէր ընդունում նրան: Էդպես ահագին ժամանակ: Բայց մի օր էս դատավորն այլևս չի համբերում, հենց միայն նրա համար, որ էս կնոջը չտեսնի, ընդունում է նրան, լսում ու նրա դատն անում է: Իսկ Աստված անիրավ չէ: Եթե նույնիսկ անիրավ դատավորը վերջը չդիմացավ, ուրեմն… մենք հիմա կկանգնենք աղոթքի մինչև Անուշը գտնվի: Դո՛ւ գիտես»:
Մենք շրջվեցինք պատուհանի կողմը, միասին ասացինք «Հայր մեր»-ը, հետո՝ ինչ գիտեինք: Մեր անգիր իմացած աղոթքները հինգ րոպեում սպառվեցին, ու սկսեցինք հերթով մեր բառերով խնդրել Աստծուն պահել-պահպանել անուշիկ Անուշին, որ ժպտուն էր, չխոսկան, այծիկի պես վազվզում էր քարափներով, ծառերը մագլցում: Քիչ անց Արսենն էլ մեզ մոտեցավ, ծնկի իջավ ու աչքերը փակ շշնջաց. «Հիսուս Փրկիչ, փրկի Անուշին, Հիսուս Փրկիչ, լսի մեզ»:
Պատուհանի ապակիների մեջ տասներկու կես եղած մայրամուտի արտացոլքն էր: Միտքս արդեն րոպեն մեկ պոկվում էր բառերիցս. ինչ անում էի՝ չէի կարողանում կենտրոնանալ: Մենք մեկ կանգնում էինք, մեկ՝ նստում: Միայն Արսենն էր անշարժ ծնկած, աչքերը փակ անընդհատ կրկնում իր փոքրիկ աղոթքը: Ես ամաչում էի մտածել, թե հոգնած եմ, քաղցած եմ: Ստիպում էի ինձ հիշել Անուշին, ում ծնկներն ու արմունկները միշտ վերքոտ էին, աչքերը՝ շողշողուն: Արսենին նայելիս աչքերիս առաջ եկավ Ավետարանի սերմնացանը, ով մինչև իր արտի մոտ կհասներ, սերմերից թափեց ճամփեզրին, ժայռերի վրա, փշերի մեջ: Ես մտածում էի, որ Արսենի սիրտը սերմնացանի արտի պարարտ հողն էր, որի մեջ հավատի սերմը հարյուրապատիկ բերք է տվել: Իմ սիրտն էլ գուցե ճամփեզրն էր, որի վրա սերմը մի պահ երևում է, բայց անմիջապես գալիս են չարերը՝ թռչունները, ուտում ու թռչում: Չէ, երևի ամեն դեպքում ժայռն է, որովհետև մի փոքր ծիլ տվել են, բայց իմ ճամփի հոգնածության ստվերից չորանում են: Կամ էլ փշերի մեջ ընկածներն են, որ խեղդվում են դեսուդեն ընկած էսպես մտքերից: «Արսենը փրկարար աղոթքի է կանգնել ամուր ժայռե տան մեջ. նրա տունն ավազի վրա չէ, հեղեղները ոչինչ չեն կարող անելե,- մտածում էի ես. ինձ համար ակնհայտ էր, որ նա խոսում էր Աստծու հետ:
Հենց այդ պահին՝ արևը դեռ մայր չմտած, գյուղի մի ծայրից մյուսն ալիքվեց ուրախության ճիչը: Գտել էին:
Մենք Անուշին տեսանք մյուս օրը. ու նրանից լսեցինք արդեն որերորդ անգամ լսած պատմությունը: Անտառում Անուշը տեսել էր շշուկով խոսող անծանոթների. իրեն չէին նկատել: Ինքն էլ զգուշորեն փախել-թաքնվել էր մոտիկ քարանձավում: Սակայն, իր հետևից այդ մարդիկ էին մտել նույն քարանձավը: Գնացել էր խորքն ու սպասել, որ հեռանան, ինքն էլ դուրս գա: Սակայն երբ գյուղը սկսել էր խումբ-խումբ դուրս գալ՝ իրեն փնտրելու, օտարականները խուսափել էին դուրս գալ: Անուշը քնել էր քարանձավի խորքում ու զարթնել մրսած: «Զգում էի, որ ջերմություն ունեմ, հազս խեղդում էր,- պատմում էր Անուշն, ու շունչներս պահած՝ լսում էինք,- տեսա, որ հետո ավելի վատ է լինելու, պահը բռնեցի, որ մուտքից հեռու լինեն, վազքով դուրս եկա: Ընկան հետևիցս: Առավոտից թաքնվելով փախչում էի. երբեմն պոկվում էի, հետո՝ էլի գտնում էին ինձ: Չէի ուզում անտառից դուրս գալ, որորվհետև ես մեր անտառը լավ գիտեմ, էնտեղ թաքնվելը հեշտ է: Բայց քիչ-քիչ թուլանում էի: Մի պահ էնքան էի հոգնել, որ էլ չէի ուզում փախչել. մտածում էի՝ նստեմ-մնամ. ինչ կլինի՝ կլինի: Կեսօրն էր, շոգ, ես էլ՝ ջերմությամբ: Մեկ էլ կարծես մեկն ինձ առավ թևերին ու սկսեց անցկացնել ծառերի միջով, քարերի վրայով: Աչքերս փակվում էին, ես վազում էի, բայց կարծես թռչեի. ոտքս գետնին չէր առնում: Չիմացա էլ՝ ոնց պոկվեցի նրանցից, անտառից դուրս բաց հանդերն անցա…»: «Ասում ես՝ կեսօ՞րն էր»,- հարցրի՝ շունչս պահած: «Կեսօրն էր,- ժպտաց Արսենը,- երբ կանգնեցիք աղոթքի»: «Կանգնեցինք»,- ասացինք միասին:
Էհ, Դավիթ ջան, էդ օրը մինչև գիշեր մեծերը դեպքեր էին պատմում պատերազմի դաշտից ու թիկունքից. հազար ու մի անպատկերացնելի հրաշք. ամեն պատմությունը մի հրաշագործ հավատի սերմ: Նարեն որոշեց գրի առնել ու աշխարհով մեկ տարածել: Դու էլ սա պատմի ձեզ մոտ. ով իմանա՝ քանի պարարտ հող-սիրտ կա՝ հարմար սերմերի սպասող:
Քո արևառ ընկեր Գրիգոր»
Նամակը գրառեց Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ