«Մայր» բառն ասելիս ի՞նչ մտածեցիր

«Մայր» բառն ասելիս ի՞նչ մտածեցիր

«Ի սկզբանե Աստված ստեղծեց…»: 
 
Ամեն ինչ սկսվում է սկզբից, սակայն հարց է առաջանում՝ ո՞րն է ամեն ինչի սկիզբը: Ինչի՞ց սկսվեց ամեն բան:
 
«Սենյակիս ամենաերևացող մասում արդեն 25 տարի կախված է մի լուսանկար: Նկարում պատկերված է Տիրամայրը՝ Մանուկ Հիսուսը գրկին: Փոքր տարիքում միշտ զարմանում էի, թե ինչո՞ւ են ուրիշի մայրիկի նկարը փակցրել իմ սենյակում: Հիմա հասկացա, որ նա բոլորիս մայրն է, նա սկիզբն է», - ասում է Անահիտը:
 
Եթե խոսենք քրիստոնեական տեսանկյունից, ապա ամեն ինչի սկիզբն Արարիչն է, ու ամեն ինչ սկսվեց արարմամբ: Եվ կնոջ միջոցով Աստված փոխանցեց արարման շնորհը. շնորհ, որը սկիզբ է տալիս կյանքին։
 
«Ինձ համար սկիզբը ծնունդն է, իսկ ծնունդը՝ մայրս: Մայր ասելով՝ հասկանում եմ սկիզբ: Սկիզբ ու ընթացք, քանի որ միայն կյանք տալով չի սահմանափակվում մայրությունը, - շարունակում է Անահիտը և հավելում, որ ինքն էլ է շուտով մայր դառնալու և այն օրվանից, ինչ ստացավ իր մայրանալու լուրը, ավելի լավ հասկացավ պատասխանատվության և սիրո իմաստը»:
 
Աստված ստեղծեց ամեն ինչ և ստեղծեց կնոջը, ով մայր պիտի կոչվեր: Նա ստեղծեց կնոջը, ով պետք է լիներ նաև Իր Միածին Որդու մայրը:
 
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, ով նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
 
Ավետիսը տրվեց: Պետք է ծնվեր Աստված՝ Աստծո Որդին: Սակայն ինչո՞ւ Աստված մոր կարիքն ունեցավ երկրի վրա:
 
«Քրիստոսի փրկագործության ծրագիրը ենթադրում էր, որ Աստված մարդանար, ուստի կատարյալ մարդ լինելու համար Տերը մարդուն ընտրեց։ Աստված մարդուն փրկելու համար պետք է կիսեր այն ամեննը, ինչը մարդկային է՝ սկսած ծննդից։ Մյուս կողմից՝ Աստծուն պետք էր, որ մարդը համաձայն լիներ, որ Աստված մարդանար։ Ուստի, Աստվածածինը եղավ այն մարդն, ով բոլորիս անունից Աստծո փրկության հրավերին ասաց՝ այո», - մեկնաբանում է քահանան։
 
Այս Ավետիսով իրական դարձավ մարդու փրկության աստվածաին ծրագիրը, սկիզբ դրվեց այն հրաշքներին, որ Աստված կկատարեր մարդու համար. սա սկիզբն էր մայրության նոր ընկալման և արժանի որդի ու քրիստոնյա լինելու ճանապարհի: 
 
Ավետման տոնով սկիզբ դրվեց անսկզբին:
 
«Մայր» բառն ասելիս ի՞նչ մտածեցիր…
 
«Անսկիզբ ու անվերջ սեր» (Անի)
«Ներում» (Կարեն)
«Կյանք» (Անահիտ)
«Մանկության հոտ, սեր» (Նարե)
 
Մարդ, ով կների քեզ՝ չնայած քո բոլոր սխալներին, մարդ, ով կսիրի քեզ քո ծնունդից առաջ, մարդ, ով կհասկանա քեզ, երբ դու դեռ չես սովորել խոսել։ Նրան կանվանես մայր, ում համար քո ծննունդը կլինի ամենամեծ ու սպասված ավետիսը։ Իսկ դու մայր ասելիս ինչի՞ մասին ես մտածում։
 
Հասմիկ Թամամյան
  • 2022-02-08
×