«Բա՛րև, Դավիթ ջան, ի՛մ բարի ընկեր: Ինչ լավ է, որ չես փնթփնթում, որ վերջին նամակներդ անպատասխան եմ թողել: Հետաքրքիր դեպքեր էին կատարվում, ու ես սպասում էի՝ մի լուծում լինի, որ քեզ ամբողջությամբ պատմեմ: Հազար տեսակ վերջաբան էի սպասում, բայց այն, ինչ եղավ, չէի կարող երևակայել:
Հիշում ես Վահանին՝ մեր գերազանցիկ, ժպտուն հսկային: Վերջերս փոխվել էր, էլ լավ չէր սովորում, չէր կատակում, դասամիջոցներին մեզ հետ չէր խաղում. իր հեռախոսով էր խաղում. տարօրինակ էր դարձել: Ուսուցիչները շատ էին կշտամբում, բայց բարձր գնահատականներ էին դնում ու անընդհատ ասում էին, որ սպասում են, որ ինքը նորից կսկսի լավ սովորել: Վահանը չէր արձագանքում. կարծես իր համար կարևոր չէր՝ ինչ են նշանակում, ինչ են ասում:
Անցյալ երկուշաբթի ես մի դասամիջոցի գնացել էի նկարչության դասարանից հանդեսի դեկորներ բերելու. երբ դասարան մտա, Մհերն ասաց՝ տուն զանգեմ, մայրս էր զանգել իրեն, իսկ ես հեռախոսս տանն էի մոռացել: Մհերի հեռախոսի մարտկոցը լիցքաթափված էր, Վահանից խնդրեցի, այնպես վախեցած մերժեց ու հեռախոսն առած դուրս թռավ դասարանից, որ ապշած մնացինք: «Չես ուզում, մի՛ տուր,- ասացի հետո Վահանին,- բայց ինչի՞ այդպես կտրուկ փախար, կամ դրա մեջ ի՞նչ կա որ… դու հո խոզ չես»: Ու այսպես ոչնչից սկսվեց մի տհաճ խոսակցություն, խոսքը խոսք բերեց, հետո սկսեցինք բռունցքներով ու աքացիներով «ապացուցել մեր իրավացիությունը», ու ամբողջ շաբաթ մեր դասարանի որոշ տղաներ ամեն օր տուն էին հասնում փոշոտ, կեղտոտ, գզգզված ու ծեծված: Ընկեր Սահակյանի համբերությունը հատավ, ու այսօր՝ ուրբաթ օրը, հրավիրեց ծնողական ժողով:
Երեկ, երբ տանն ասացի, որ մերոնց ներկայությունը պարտադիր է, քանի որ հիմնական կռվարարներից մեկը ես եմ, մերոնք զայրացան ու ստիպեցին պատմել ամեն ինչ, որ իմանան՝ ինչ պատասխան տան: «Ե՛ս կգնամ»,- ասաց մայրս՝ համոզվելով, որ ես եմ ճիշտ եղել: «Ե՛ս կգնամ,- ինքնավստահ ասաց հայրս,- տղայական հարց է»: Պապս գլուխն օրորեց. իբր՝ «Դուք բան չհասկացաք»:
Այսօր դասերից հետո մենք մնացինք դասարանում, եկան ծնողներն ու նստեցին մեր տեղերում՝ իրենց երեխաներին գրկած, կամ նրանց կողքին: Ես սպասում էի, որ հայրս կգա, բայց արդեն ժողովը սկսված՝ դասարան մտավ պապս: Վահանը կանգնած էր հոր կողքին, իսկ ընկեր Սահակյանը խոսում էր Վահանի առաջադիմությունից: Հենց սկզբից, երբ հայտարարվեց, որ ժողովն արտահերթ է, ու բացառապես այն պատճառով, որ շատացել են կռիվները, որոնց կենտրոնում Վահանն է, ծնողներից շատերը դժգոհեցին, թե գործերը թողել եկել են, իսկ հիմա պարզվում է՝ իրենց երեխաների մասին չի խոսվելու, ոմանք էլ գլխով արեցին, թե հասկանում են՝ ինչքան կարևոր հարց է:
Ընկեր Սահակյանը պատմեց իմ՝ հեռախոս խնդրելու պատմությունը, ու ես մի քիչ «խոցված», բայց իմ ճշմարտացիության հաստատման զգացումով նայեցի պապիս. նրա դեմքին ոգևորություն չկար, նույնիսկ մռայլ էր, ու ես ափսոսեցի, որ մայրս չի եկել. նա հաստատ մեկ-երկու բառով ուսուցչուհուն իր հավանությունը կհայտներ: Հետո ընկեր Սահակյանը խոսեց դասարանից անհետացող իրերի մասին: Դա ինձ համար նորություն էր, բայց շատերը, անհարմար զգալով՝ գլուխներն էին օրորում: «Ես Ձեզ արդեն ասել եմ,- դիմեց ուսուցչուհին Վահանի հորը,- շատերն են նկատում, որ Վահանը դասամիջոցներին մնում է դասարանում, իսկ հետո մեկի ռետինը, գրիչը, քանոնը, հաշվիչը կորում են»: Վահանի հայրը վեր թռավ տեղից: «Դուք ինձ ասել էիք, իսկ ես Ձեզ ասացի, որ իմ տղայի պայուսակում երբեք ուրիշի իրեր չեն լինում. նման ծանր մեղադրանքի համար Դուք ոչ մի ապացույց չունեք»,- հևալով ասաց նա: «Ցավոք, ունենք,- հանկարծ ասաց Վահանի հետևում նստող Անիի մայրը,- աղջիկս տեսել է, որ իր հաշվիչը վերցրել է Վահանը. ուղղակի վախեցել է հետ պահանջել, իսկ երբ ես Ձեզ զանգեցի, Դուք էլի ասացիք, որ Վահանի մոտ ոչ մի հաշվիչ էլ չկա»: Դասարանում խուլ բզզոց սկսվեց: Իմ սիրտը խփում էր այնպես ուժեղ, կարծես ինձ էին մեղադրում: Վահանը կանգնել էր գլուխը կախ: «Վահա՛ն,- գրեթե գոռաց հայրը,- ի՞նչ կասես»: Վահանը լռում էր ու իր ողջ կերպարանքով հաստատում ասվածը: «Գիտեք ինչ,- խզված ձայնով սկսեց Անիի մայրը,- Դուք Ձեր Վահանին հանեք մեր դասարանից. թող ոչ մեկին էլ անուն չդնեն. մեզ պետք չի ոչ մի ռետին, ոչ մի հաշվիչ, ուղղակի ուրիշ դպրոց տարեք, այս ամենն անցնի գնա»: «Դե այսքանից հետո մտածել էլ հնարավոր չի, որ Վահանը կմնա այստեղ, բայց դուք մի մտածեք. հաշվեք, թե դասարանից ինչ է կորել, ես ամեն բան, լավագույնը կգնեմ կբերեմ»,- հայրը կարմրատակած բռնել էր Վահանի ձեռքն ու նստարանների նեղլիկ արանքներով ուզում էր շուտ դուրս պրծնել դասարանից: Ընկեր Սահակյանն ասում էր. «Դուք հանգստացեք. ինչ կա որ, բազմաթիվ երեխաներ փոխում են դպրոցը կամ դասարանը. դա նորմալ է»: Իսկ ես շփոթված մտածում էի՝ կարող է վերջին անգամ եմ տեսնում Վահանին. գուցե գնամ, հրաժեշտ տամ: Մտածում էի, որ եթե ես նման իրավիճակ պատկերացնեի, ես Վահանին կտայի բոլոր գրիչներս ու ռետիններս, միայն թե նման բան չլիներ: Բայց իրեն «գող» ասացին, ու ինքն էլ ընդունեց. եթե ես հիմա իրեն գրկեմ, գուցե մտածեն իր գողացածներն ինձ հետ կիսվել է կամ բոլորը ես մեր տուն եմ տարել: Ես վախեցած նայեցի պապիս, իսկ նա մութ ամպի պես խոժոռ էր. մեկ էլ, որ ձեռքը չխփե՛ց սեղանին… միանգամից լռություն տիրեց: Նույնիսկ Վահանի հայրը կանգ առավ ու նայեց պապիս:
Պապս դանդաղ կանգնեց, գնաց ուսուցչական սեղանի մոտ ու Վահանի հորը գլխով ցույց տվեց, թե՝ մոտիկ աթոռին նստիր: Նրա ծանր հայացքն այնքան զորեղ էր, որ մեղադրանքի ամոթից դողացող, պահ առաջ այստեղից դուրս նետվել ցանկացող մարդն անգամ հնազանդ նստեց: «Մի մարդ,- սկսեց պապս,- երկու որդի ուներ: Մեծն ամբողջ օրն իրեն էր օգնում, իսկ փոքրը ինչ ուզում՝ անում էր»: Դասարանից խուլ ձայներ լսվեցին, թե առակների ժամանակը չի, ու ընդհանրապես մենք աշխարհիկ դպրոցում ենք, բարոյախոսության ինչ պահն է: «Թե բան ունիք ասելու, բարձր ասեք, թե՝ չէ, ես ասում եմ»,- խիստ կտրեց պապս: Ոչ ոք բարձրաձայն չառարկեց, ու պապս շարունակեց. «Վերջը, փոքր որդին հոր ունեցվածքի իր բաժինն առավ, ելավ գնաց օտար մի տեղ, գողերի ու վատ կանանց հետ ինչ ուներ-չուներ ծախսեց, լավ օրերի ընկերները թողեցին մենակ, ու որ սովը խեղճացրեց, մի տեղ խոզապան մտավ, խոզերի հետ էլ դրանց կերն էր ուտում: Մի օր իր վիճակի վրա լացն եկավ. ինքն իրեն մտածեց, թե գնամ հորս խնդրեմ, մեր խոզերը տանեմ արածացնեմ. մեր խոզապանները գոնե մարդավարի հաց էին ուտում: Վեր կացավ, եկավ: Հայրը, որ իմացավ, թե գալիս է, գնաց ընդառաջ, գրկեց, ուսերին իշխանական թիկնոցը գցեց, մի մեծ խնջույք հրավիրեց, թե՝ որդիս կորած էր ու գտնվեց»: Պապս լռեց: «Գիտե՞ք,- անվստահ սկսեց ընկեր Սահակյանը,- ես հասկացա, Դուք ուզում եք, որ մենք ներենք, և Վահանը շարունակի սովորել մեր դասարանում, բայց նա ինքն էլ չի ուզում դա»: «Չի ուզում,- հայտարարեց Վահանի հայրը,- և պետք էլ չի ոչ մեկին ստիպել, որ մեզ ներեն, ես ինքս էլ Վահանին չեմ կարող ներել… այս խայտառակությունը…»: «Համբերե՛,- ավելի մռայլվելով՝ ասաց պապս,- մի մարդ տասը հազար քանքար էր պարտ թագավորին: Թագավորն ասում է՝ եթե վճարելու գումար չունես, վաճառիր կնոջդ, որդիներիդ ու պարտքդ տուր: Իսկ նա գետնին ընկած խնդրում աղաչում էր, թե՝ ժամանակ տուր: Վերջը թագավորը խղճում է, թե՝ գնա, քեզ եմ բաշխում: Մեկ էլ ծառաները գալիս են թագավորի մոտ, թե այս մարդը, երբ այստեղից դուրս եկավ, բռնեց իր պարտապանին, որ իրեն հարյուր դահեկան էր պարտք, ու սա ինչքան էլ խնդրում էր, թե համբերող եղիր, չլսեց, նրան բանտ գցեց՝ մինչև իրեն ամբողջ պարտքը տա: Զայրացավ թագավորը, հետ կանչեց այդ չար մարդուն ու բանտը գցեց՝ մինչև ամբողջ տասը հազարը վճարի»,- հանդիսավոր ասաց պապս՝ հերթով նայելով ծնողներին ու երեխաներին:
«Սա՞ ինչ բան է,- զայրացած վեր թռավ Անիի մայրը,- հերիք չի մենք ասացինք, որ ներում ենք, թող գնան, հիմա էլ ստացվում է, թե մենք մի հազար անգամ ավելի մեղավոր ենք, հա՞»: «Հա՛,- համարյա մռնչաց պապս,- տասը հազար անգամ ավելի մեղավոր եք»: Դասարանում աղմուկ սկսվեց: Ընկեր Սահակյանը փորձեց պապիս հեռացնել ուսուցչական սեղանից, բայց պապս երկրորդ անգամ ձեռքը խփեց սեղանին ու ուղիղ Անիի մայրիկին նայելով՝ ասաց. «Հրեշտակներով հավաքվել, գո՛ղ եք բռնում, հա՞: Իսկ մեկնումեկդ չմտածե՞ց, թե մարդը,- պապս Վահանի ձեռքը բռնեց ու քաշեց իր մոտ,- ինչի՞ հանկարծ տասը հատ ռետինի պետք ունեցավ: Մենակ ցածրաձայն, քաղաքավարի ասեք՝ իրը անհետացավ, այսինքն՝ դու՛ գողացար: Ու իբր հեչ դուք չեք ասել՝ իր փոխարեն որոշեք. կլինի՞ դու թողնես գնաս, ոչ ես քո հետ կապ ունեմ, ոչ դու՝ իմ հետ»: Անիի մայրն ինչ-որ բան ասաց, թե իր ինչ գործն է ուրիշի երեխան, ինքը, ընդհակառակը, փորձել է, ինչքան հնարավոր է, մեղմ լինել: Իսկ պապս նրան էլ չէր լսում:
«Հայրն ասում է՝ ես չեմ ների որդուս,- ձեռքը նորից սեղանին խփեց պապս՝ Վահանի հոր աչքերին նայելով,- դու չտեսնելու տուր, որ մարդը կյանքի գծերից ընկել է՝ դաս չի անում, խաղ չի անում, իր կյանքը չի ապրում, որովհետև մի «ինչ» առել, տվել եք ձեռքը, որ զբաղվի, ձեզ չխանգարի, ու դա դարձել է իր կյանքը: Ու ձեզ ասում են, որ ողջ օրը էկրանից չի կտրվում, ձեր մտքով չի անցնում, որ ձեռքիցն առնեք, դեն գցեք, որովհետև եթե դեն գցեք, դրանից հետո պիտի հետը նստեք, դասերը սովորեք, բաց թողածը լրացնեք, կամ թեկուզ՝ խաղ անեք: Ու դուք չեք ուզում տեսնել ու չեք տեսնում, որ խնդիր կա: Չեք տեսնում, որ դրա հետ գործ չունենաք»: Վահանի հայրը սկսեց խոսել, թե ինչքան դժվար է իր աշխատանքը, ու որ պապիս գործը չի ու տեղից վեր կացավ, բայց պապս նորից գլխով ցույց տվեց, թե՝ նստի՛ր: Ու լռություն տիրեց:
Պապս Վահանի ուսերից բռնեց, դարձրեց իր կողմն ու ուղիղ նայեց աչքերին: «Ո՞ւմ ես տալիս էդ մանրուքները»,- հարցրեց: Վահանը փորձեց հետ քաշվել, բայց պապիս երկաթե ձեռքերը ամուր պահում էին նրան անշարժ: «Էն «ինչը» կամաց-կամաց քեզ տեր է դարձել, մտքումդ էդ խաղերն են, սրտումդ էդ խաղերն են,- դանդաղ ասաց նա,- բայց դու հիշիր, էդպես չի եղել առաջ, չէ՞: Կար ժամանակ, երբ քո տերը դու էիր՝ վազվզում էիր, խաղում էիր, սուր-մուր բաներ էիր մտածում ասում, ընկերներդ ծիծաղում էին, քո երեսից էլ ժպիտն անպակաս էր: Հիմա էն պահն է, որ դու պիտի հավաքես քո ողջ զորությունն ու հաղթես քեզ տիրած հրեշին, վերադարձնես էն հրաշք մարդուն, որ լուսավոր կյանք էր ապրում, վերադառնաս էն հայրական գիրկը, ուր մարդավայել են ապրում, ոչ թե՝ խոզի պես»: Վահանը նայում էր մեզ՝ ամբողջ մարմնով դողալով: Պապս շրջեց նրա գլուխն ու կոշտ ափը դեմքին պահած՝ չէր թողնում հայացքն իր հայացքից կտրի: Քիչ-քիչ Վահանը դադարեց դողալ, կարծես պապիս հայացքից ուժ էր ստանում ու պատմեց. «Հեռախոսով ես միայն չեմ խաղում: Ես լավ տղերքի հետ եմ գրվում. իրենք ինձնից մեծ են ու ասում են, որ ես կարող եմ դառնալ հեղինակավոր մարդ՝ առաջնորդ, եթե անեմ, ինչ իրենք են ասում: Առաջին հերթին՝ դաս չանեմ ու դասարանից մեկ-մեկ սիրուն իրեր «ցրեմ»: Ու էս կիրակի առաջին անգամ լուրջ հանձնարարություն պիտի անեմ՝ ինչ-որ գաղտնի բան… տեղափոխեմ»: Բոլոր ծնողները տարակուսած իրար էին նայում, Վահանի հայրը գլուխն ափերի մեջ էր առել, պապս դարձավ մեր կողմը. «Երեխեքը թող տուն գնան»,- որոշեց:
Հենց որ դասարանից դուրս եկանք, բոլորս գրկեցինք Վահանին՝ իրար հերթ չտալով, իրար ուսերի վրայից… բոլորս: Մենք հասկանում էինք, որ ամենքս մի-մի անսիրտ եղբայր էինք, որ իր եղբոր կորստով չէր մտահոգվել: Մեր խղճին մի տասը հազարի պարտք ունեինք, որ մեր ընկերոջ նկատմամբ այդքան անուշադիր էինք եղել, որ կռիվ էինք սարքել չնչին բաների համար ու չէինք փորձել հասկանալ նրան՝ ամենքս կենտրոնացած մեր ճշմարտության վրա, հրճվելով մեր արդար ճանաչվելու համար:
Սև վերարկուով մի երիտասարդ անվստահ մոտեցավ մեզ, մի քիչ հեռվում կանգնեց, Վահանի հայացքը որսաց, ու տիրական շարժումով մոտ կանչեց: Վահանն անհանգիստ մեզ նայեց: Այդ պահին «Կներե՛ս, Վահա՛ն»,- շշնջաց Անին ու նորից գրկեց նրան, իսկ հետո բոլորս. «Կներե՛ս, կներե՛ս, չգնա՛ս մեր դասարանից, խնդրու՛մ ենք»,- գրեթե գոռգռալով ամուր գրկեցինք Վահանին: Երբ ես գլուխս բարձրացրի, անծանոթի ստվերն անհետացավ անկյունում:
Պապս դեռ դպրոցից չի եկել, մեծերով շատ զբաղված են: Իսկ մենք արդեն Վահանի հետ ուրբաթ-շաբաթ-կիրակիի ֆուտբոլի ժամերը պայմանավորվել ենք: Ինչ լավ բան է ներելն ու ներվելը, Դավի՛թ ջան, հոգուցս մի ծանր քար է ընկել ու կարծես տասը դյուցազնի ուժ ստացած լինեմ: Գնամ, բոլոր դարպասները գրավեմ, գամ:
Քո խելառ ընկեր՝ Գրիգոր»:
Նամակը գրառեց Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ: