Մի շատ հայտնի գործչի հարցրեցին, թե ի՞նչն է, նրա կարծիքով, ամենասարսափելին մարդկանց համար երկրի վրա: «Դու՛ք, իհարկե, մտածում եք, որ ես կասեմ պատերազմը», - պատասխանեց նա, - «համաձայն եմ, պատերազմն ուժեղ հարված է, բայց պատերազմը չէ, որ քանդում է մարդկանց հոգիները: Պատերազմը լոկ արդյունք է, իսկ պատճառը… Մարդկային ցեղը քանդողն անտարբերությունն է՝ մարդկային անտարբերությունը: Հիշե՛ք դա և թույլ մի՛ տվեք այդ վարակին բազմանալ»:
Չլսեցին նրան ու չհավատացին:
Մինչև այսօր էլ անտարբերությունը կուշտ և գոհ քայլում է երկրի վրա ու բնակվում մարդկանց հոգիներում՝ քայքայելով մարդկային ամեն բան, որ դեռ մնացել է: Դրան ավելանում է նաև սեփական մեղավորության մերժումն ու ամեն բանում ուրիշի մեղավորությունը փնտրելը։
«Մարդիկ անտարբեր են դարձել շրջակա միջավայրի հանդեպ», «մենք մեղավոր չենք, երկիրը երկիր չէ», «ես մեղավոր չեմ, որ չեմ օգնում մուրացկանին, նա է մեղավոր, որ չի աշխատում ու ինձնից օգնություն է սպասում». սրանք դարձել են տարածված ու հասարակ արտահայտություններ, որոնք արտաբերելիս «մարդիկ» բառի մեջ մենք մեզ չենք տեսնում, «երկիրը երկիր չէ» ասելիս երկիրը մերը չենք համարում: Դառնում ենք անտարբեր «անմեղներ»՝ մտածելով, որ եթե մուրացկանի կողքով անտարբեր անցնենք և չնկատենք նրան, հետո կկարողանանք արդարանալ և կամ, եթե գումար չենք տալիս, կարող ենք ասել, որ նա է մեղավոր, թող գնա աշխատի։
«Երբեք պետք չէ մեղավորներ փնտրել: Ցանկացած իրավիճակում հարկավոր է քննել սեփական անձը: Մեղավորներին առաջին հերթին պետք է փնտրել սեփական անձի մեջ, սակայն դա չպետք է տանի ինքնաոչնչացման, հուսահատության: Մարդու նպատակը ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվելը, իսկ սխալվելու դեպքում՝ սխալը շտկելը», - բացատրում է քահանան:
Քրիստոնեական արդարությունը պահանջում է անտարբեր չլինել ուրիշի հոգսի և կարիքի հանդեպ, այլ՝ լինել հոգատար ու կարեկից: Ուրեմն, չկա քրիստոնյա առանց աղքատասիրության, առանց բարի գործերի, որովհետև հավատքն արտահայտվում է միմիայն գործերով (հմմտ. Հակ. 2):
«Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ Չասես՝ «Գնա՛, կգաս՝ վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ» (Առակ. 3.27-28):
Ցավալին այն է, որ կարող ենք գեղեցիկ խոսել մարդկային բարոյական արժեքների մասին, բայց հետո դրսում անտարբերությամբ անցնել ընկած մարդու, սոված երեխայի կամ օգնության ակնկալիքով ձեռք մեկնածի կողքով:
«Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. 5.7):
Հասմիկ Թամամյան