«Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն»: (Մատթ. 5:9)
… Մեր կյանքը բաղկացած է նաև շրջադարձային բացահայտումներից: Ինչ-որ պահի աչքերդ բացվում են, ու տեսնում ես այն, ինչը մինչ այդ քեզ համար գաղտնիք էր, մինչ այդ պահն անկարևոր էր, անէ էր: Երբ տարիներ առաջ մի պահ բացվեցին աչքերս, հասկացա՝ խաղաղությունը կենսական պահանջ է: Տեսածս բոլորովին նոր որակ, նոր գիտակցություն ու նոր ուղի բերեց իմ կյանք: Հասկացա, որ ինչպես ջուրն ու կերակուրն են անհրաժեշտ մեր կենդանության ու առողջության համար, այնպես էլ խաղաղությունն անհրաժեշտ է մեր հոգուն ու մեր ներսի աշխարհին: Ես սկսեցի փնտրել խաղաղությունը: Ամենուրեք: Սկսեցի երազել անվերջ խաղաղության մասին: Ինձ հետ պատահող յուրաքանչյուր ցնցում, ներսումս իրականացող ամեն պատերազմ ու փոթորիկ ցավ էր. հաճախ չէի կարողանում պաշտպանել իմ խաղաղությունը: Սկսեցի սովորել խաղաղությունը: Սիրել ու սովորել: Ուսումնասիրել խաղաղությունը: Որպեսզի պաշտպանեմ այն, որպեսզի չկորցնեմ այն: Եվ մի օր իմ աչքերը նորից բացվեցին. տեսա՝ խաղաղությունն ամենուրեք է, նույնիսկ պատերազմում, նույնիսկ փոթորիկի մեջ: Այն կա: Խաղաղությունը միշտ է, ամեն տեղ է, բայց ամենասկզբում այն իմ ներսում է: Ու քո ներսում է:
Ներսիդ խաղաղությունը քոնն է, որևէ մեկը չի կարող այն խլել քեզնից, քանի դեռ ինքդ թույլ չես տվել, քանի դեռ չես բացել դուռդ: Բայց ամեն անգամ, երբ ինչ-որ պատճառով կորցնում ես խաղաղությունդ, պիտի ինքդ քեզ հաշիվ տաս՝ ինչպես դա պատահեց: Որտե՞ղ թերացար, ինչու՞ բաց թողեցիր դուռը, ո՞ր ուժերը խուժեցին քո ներս ու վնասեցին խաղաղության տունը:
Բարկությու՞նն էր, թե՞ նախանձն ու վախը, ո՞ր ուժն էր քեզնից զորեղ: Այս բոլոր հարցերին ազնվորեն պատասխանելը կօգնի հաջորդ անգամ ավելի զգոն լինել:
Խաղաղությունն Աստծո ընծան է ու հոգու հիշողությունը Երկնքի արքայության մասին: Այն ամենօրյա գործընթաց է: Դու ամեն օր կարող ես գնալ քո ընծան ստանալու ու մի քիչ զբոսնել Աստծո հետ…
Արթնանում եմ լուսաբացի թռչունների ձայնից: Նայում եմ լուսամուտագոգին դրված բույսերիս, ու զգում եմ կանաչ խաղաղությունը: Խաղաղություն այն ծառերում է, որոնք երկխոսության մեջ են օդի, երկնքի, թռչունների հետ: Խաղաղությունն այն փափուկ, ճերմակ ամպերում է, որոնք լողում են երկնքում: Խաղաղությունը բակում անհոգ խաղացող երեխաների ճիչերում է, որովհետև նրանցով է Աստված սիրո հերթական չափաբաժինն ուղարկում երկիր: Խաղաղությունը ծերերի ճերմակ մազերում ու գեղեցիկ ծերացած ձեռքերում է: Խաղաղությունն այն բոլոր մայրամուտներում է, որոնք շքեղորեն փռվում են ողջ երկնքով ու պատմում Աստծո փառքի մասին: Խաղաղությունն այն գրքերում է, որոնք լուռ գրադարաններում հանգիստ սպասում են իրենց ընթերցողին: Խաղաղությունը եկեղեցու ճանապարհին է, խաղաղությունը եկեղեցու ներսում է: Ներսում է: Խաղաղությունը քաղաքի այն թաքուն անկյուններում է, որոնք պիտի բացահայտես Աստծո հետ զբոսանքների ժամանակ: Խաղաղությունը զբոսանքն է Աստծո հետ: Նրա ներկայությունն ու շունչն ամեն արարածի մեջ տեսնելը, Նրա լույսը հանդիպածդ ամեն մարդու աչքերում գտնելն է խաղաղությունը:
Մի օր, երբ խաղաղությունս կորցրել էի և հուսահատ ու շնչակտուր քայլում էի մեր թաղամասով, հասա եկեղեցուն, որի զանգակատունը զարդարում «Է» տառը: Երկար նայեցի այդ տառին, հետո գլուխս ավելի վերև բարձրացրի ու նորից տեսա այն, բայց արդեն կապույտ երկնքի մեջ ու ամպերից սարքված: Մի պահ թվաց՝ պատրանք է: Բայց դա ընդամենը մի պահ:
Հետո հասկացա, որ Աստված խոսում է բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են լսել Նրան: Ովքեր բավարար չափով ուշադիր են: Ովքեր լսում են դռան թակոցը՝ խաղաղության տան:
Ի՞նչու հենց խաղաղարարները պիտի Աստծո որդիներ կոչվեն: Որովհետև պատերազմել կարող են բոլորը: Որովհետև բարկանալը հեշտ է, ավերվածություններ առաջացնելը հեշտ է, կատաղությունից կուրանալը հեշտ է: Իսկ խաղաղությունը պահելը՝ դժվար, դրա համար ջանք է պետք ու սեր: Դրա համար գիտակցություն է պետք: Դրա համար պետք է աղոթք, լռություն, կամք՝ շարունակ ընտրելու խաղաղությունը: Միշտ և ամենուրեք:
Ա. Պողոսյան