« -Ի՞նչ ես կարծում, ես չեմ կարո՞ղ մի օր լքել քեզ:
-Ո՛չ, իհարկե....քեզ էլ է դուր գալիս ինձ փայլ հաղորդելը:
-Դու գիտակցո՞ւմ ես, որ ինձ առավել ես սկսել սիրել, քան քեզ:
-Որովհետև դու ինձ փայլ ես հաղորդում, շքեղություն, ինձ վեր ես բարձրացնում բոլորից ու ամեն ինչից:
-Կարո՞ղ ես սթափվել, արդեն ինքնակործան սիրով ես ինձ սիրում, դափնիներն էլ չեն դիմանում քո ծանրությանը: Փայփայի՜ր այն կաթիլ քրտինքը, որ երբևէ օգնել և աջակցել է քեզ՝ վաստակելու ինձ ունենալու պատիվը:
-Փա՛ռք, փա՛ռք, փա՛ռք....
-Դու քո կենսակերպով և վարքով այլ բովանդակություն ես տալիս ինձ, ես, իհարկե գիտեմ, որ հայերենը հարուստ լեզու է, շքեղ, ու իմ կողքին կարող են շարվել բազմաթիվ հոմանիշներ, բայց նրբանկատ մարդն ինձ երբեք չի շփոթի այլ բառերի բովանդակությունների հետ: Ինձ շնորհել են քեզ ու քո անվանը, բայց ես դժվարությամբ եմ դիմանում այդ ծանր փորձությանը, երբ ամեն անգամ ինձ շնորհում են քեզ և քեզ նման ոչ արժանավորներին՝ ձեր անուններն այս իրականության մեջ ծանրակշիռ դարձնելու համար: Եթե քրտինքի ծանրությունը չես զգացել, ապա, բնականաբար, ինձ չես կարող ճիշտ գնահատել և իմ արժեքն իմանալ:
-Դո՛ւ չես որոշում, դա քո որոշելիքը չէ... շարունակի՛ր ծառայել ինձ, և ես քո կողքին այլ հոմանիշներ կցելու ուղղությամբ կաշխատեմ:
-Այդ բառերը ո՛չ իմ բովանդակությունը կփոխեն, ո՛չ քո էությունը, ի՞նչ ես շահելու դրանից: Իսկ ինչպե՞ս ես դիմանալու քո փառատենչ և ինքնակործան ես-ի ծանրությանը: Դա ամենավտանգավորն է, երբ քեզ կայցելի քեզնից առավելը պահանջող և քեզնից զատվել ցանկացող քո շուքը: Այն գերիշխող կդառնա քո նկատմամբ, ստվերում կթողնի քեզ:
-Այո՛, ես արդեն ինձնից առավել իմ անվան շուրջ շարվող, իմ անունը բարձրացնող, ինձ շքեղացնող կոչումներն եմ սիրում:
-Բառարանում ամրագրված բազմաթիվ բառեր կան, որ կարող են շարվել քո անվան կողքին, բայց միայն քո անունը զարդարելու համար, ու մինչև դու դա չվաստակես, չես կարողանա ճիշտ գնահատել իմ կշիռը»:
Իր և իր տիրոջ միջև անհաշտությունից հետո փառքը քանի օր շարունակ մտահոգ թափառում էր տիրոջ անվան շուրջ, ում անունը զարդարում էր, շքեղացնում՝ հասկանալով, որ անգամ ճիշտ չի ընկալվում և գնահատվում այն մարդու կողմից, ով ձգտում է նրան պահել իր շուրջը: Մտահոգ էր, քանի որ գիտակցում էր, որ տերը չի գնահատում իրեն տրված պարգևի արժեքը, իսկ այդ դեպքում մի օր այդ արժեքը կարող է ավելի զորեղ գտնվել և կուրացնել, շլացնել վերջինիս:
Փառքը գիտակցում էր՝ եթե արժանավորին չի շնորհվում, ապա, ուզի, թե չուզի, կործանում է տվյալ մարդուն, քանի որ նա չի կարողանում դիմանալ մի բանի ծանրությանը, որը չի վաստակել, այլ պարզապես այն շնորհվել է իրեն:
Երանի՛ մարդիկ չօգտվեն բառերը շնորհելու իրենց իրավասությունից, և ինձ բաժին դարձնեն միայն արժանավորներին:
Այսպես տխուր, մտամոլոր ու դառնացած անցնում էր փառքն այս աղմկոտ աշխարհի ճանապարհներով, երբ հանկարծ լսում է. «Փա՛ռքը լինի Ասստծուն, այս մի կտոր հացով մեկ օր էլ կապրեմ»:
Աղքատ և հացի կտոր փնտրող մի մարդ իր բաժին փառքը գոհունակությամբ Աստծուն է տալիս, իսկ ո՞ւմ են տալիս նրանք, ովքեր լեցուն սեղանների շուրջ դեռ Աստծո գոյությունն են քննում՝ փառքը միմյանց շնորհելու իրավասությամբ, երբ այս իրականության մեջ նույնիսկ Աստծո տեղապահների տեղն էլ չգիտեն:
Պատրաստեց Էլինա ՄԻՐԶՈՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ