Վերջին զանգ: Ինչ-որ բանի վե՞րջ թե սկիզբ

Վերջին զանգ: Ինչ-որ բանի վե՞րջ թե սկիզբ

Ինչ-որ բանից առաջ կամ ինչ-որ բանից հետո: Մարդիկ սիրում են իրենց կյանքը բաժանել փուլերի. մինչև քայլելը, մինչև խոսելը, հետո արդեն՝ առաջին բառը, առաջին քայլը, առաջին դասարանն ու ինչպես ժողովուրդն է ասում՝ «չհասցրեցինք աչք թարթել» արդեն վերջին զանգ:
 

«Մի քանի օրից ես ավարտում եմ դպրոցը: Գիտեմ, որ դա ուղղակի ևս մեկ փուլ էր իմ կյանքում, որը պետք է վերջանար, սակայն անհանգիստ եմ: Իմ կյանքում ինչ-որ բան ավարտվում է և դա ինձ անհանգստացնում է»,-ասում է ավարտական դասարնում գտնվող Մերին:
 

Բոլորս էլ հեքիաթներ կարդացել ու շարունակում ենք կարդալ  և անգիր գիտենք, որ անգամ մեր կողմից այդքան սիրված հեքիաթներում՝ ամեն ինչ  «լինում է և չի լինում»: Անգամ ամենաբարի հեքիաթներն ավարտվում են, սակայն այդ ավարտն էլ խորհրդանշում է ինչ-որ նոր բանի սկիզբ:
 

«Կյանքում ոչինչ չի վերջանում: Յուրաքանչյուր վերջ ազդարարում է նորի սկիզբը: Իսկ ամեն նոր բան ենթադրում է հաստատակամություն, վստահություն և հավատ: Հավատ առ Աստված, որ այդ նորը բարի է, եթե մենք պատրաստ ենք բարին արարելու: Մենք ամեն բան ծայրահեղացնում ենք՝ կամ լավ, կամ վատ, կամ հիմա, կամ երբեք, կամ վերջ, կամ սկիզբ: Իսկ Աստված մեզ սովորեցնում է, որ այս կյանքում ամեն ինչ անցողիկ և փոփոխական է, այս կյանքում ոչինչ անվերջ չէ՝ ո՛չ ուրախությունը, ո՛չ տառապանքը: Հավերժ է միայն այն, ինչ Աստծուց է: Հարկավոր է ուղղակի վստահել Աստծուն և աշխարհին նայել Նրա աչքերով: Վերջին զանգն էլ, մի փուլ է, որ հարկավոր է անցնել, դասեր քաղել՝ Աստծուն ապավինելով շարունակել կյանքի ընթացքը»,-ասում է քահանան:
 

Արդեն երկար տարիներ է, ինչ գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել «Վերջին զանգ»-ի արարողության ընթացքում այցելել եկեղեցի և Աստծո օրհնությունը խնդրել կյանքի նոր փուլ մտնելուց առաջ:
 

«Քննություններից առաջ և հետո, կարևոր որոշումներ կայացնելուց առաջ կամ ուղղակի Աստծո ձայնը լսելու, Նրա հետ խոսելու համար ես գալիս եմ եկեղեցի: Իմ դպրոցը եկեղեցու մոտ է գտնվում և ամեն անգամ, երբ լսում էի զանգերի ձայնը՝ մտածում էի, որ Աստված ինձ է կանչում: Վերջին զանգը այն ձայնն է, որ ազդարարում է իմ կյանքում ևս մեկ կարևոր փոփոխություն և այդ օրը ես ցանկանում եմ խոսել Աստծո հետ, լսել Նրա խորհուրդը»,-ասում է Դիանան:
 

Վաղ ժամանակներից մինչև մեր օրեր զանգ օգտագործելու բուն նպատակն է եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովրդին եկեղեցի հրավիրել, համախմբել և հաղորդակից դարձնել  երկնքի հետ սրբազան ձայնով: «Վերջին զանգ»-ի արարողությունը իր խորհրդով ևս հրավեր է կյանքի կարևոր փուլում Աստծո հետ, Աստծո տանը հանդիպելու համար:
 

Կյանքը իրենից ենթադրում է փոփոխություններ, «սկզբեր» և «վերջեր»: Առանց Աստծո՝ ճշմարիտ Սկզբի, ամեն փոփոխություն վտանգ է, իսկ Աստծո հետ՝ ամեն փոփոխություն ևս մեկ քայլ դեպի ճշմարիտ ճանապարհը և կապ չունի, թե այդ ճանապարհը քանի վերջ ու քանի սկիզբ ունի:
 

Հասմիկ Թամամյան

  • 2022-02-08
×