«Մրջյունի մոտ գնա, ո՛վ ծույլ, նախանձիր նրա գործերին և իմաստուն եղիր նրանից ավելի…»:
(Առակներ 6. 6)
Երբ դպրոցական տարիներին ուսուցիչները մեզ պատմում էին Դելփյան տաճարին փորագրված «Ճանաչիր ինքդ քեզ» («Ծանիր զքեզ») ասույթի մասին և նաև խոսում այս խորհրդի կարևորությունից, ես, անկեղծ ասած, մի փոքր զարմանք էի ապրում: Ինձ սա չափից դուրս պարզ, նույնիսկ պարզունակ խորհուրդ էր թվում. չէի հասկանում՝ ինչպես կարող ես ծնվածդ օրվանից ինքդ քեզ հետ լինել և քեզ չճանաչել: Եվ միայն շատ տարիներ անց, երբ կարդացի բազում գրքեր, ուսումնասիրեցի մարդկության պատմությունը, ծանոթացա ժամանակակից հոգեբանության հիմունքներին, ավելի շատ մարդկանց հետ շփվեցի ու հարստացա կենսափորձով, հասկացա, որ սա մարդկությանը տրված ամենաճիշտ, մշտապես արդի և ակտուալ խորհուրդն է: Եվ եթե վեցերորդ դասարանում սովորող աղջիկը զարմանում էր՝ ինչպես կարելի ապրել՝ առանց ինքդ քեզ ճանաչելու, հիմա զարմանում է, երբ տեսնում է ինքնաճանաչումը որպես կյանքի կարևորագույն խնդիր ու խորհուրդ համարող մարդկանց տեսնելիս: Մարդկանց ծանրակշիռ մասն ինքն իրեն չի ճանաչում: Եվ սա է բոլոր խնդիրների խորքային արմատը:
Ինքնաճանաչման բացակայությունն է ընկած նաև ծուլության հիմքում: Ծուլությունը, որը քրիստոնեության շրջանակներում համարվում է մահացու մեղք, և, իրավամբ, դանդաղ սպանում է մարդուն, առաջանում է ինքդ քո, քո ներսի աշխարհի, քո կարողությունների և ցանկությունների մասին անտեղյակ լինելու հետևանքով: Ե՞րբ է մարդը եռանդով ու խանդավառությամբ լի, երբ գիտի, թե ինչ է ուզում և գտնվում է ճիշտ տեղում: Ե՞րբ է մարդը մի կերպ քարշ տալիս իր գոյությունը, հազևհազ իրեն ստիպում կատարել, օրինակ, աշխատանքային պարտականությունները, իսկ օրվա ավարտին ծուլորեն ընկնում բազմոցին ու բացակա հայացքով հեռուստացույց նայում կամ մտնում սոցցանցեր, երբ չգիտի՝ ինչ է ուզում կյանքից, երբ չգիտի՝ ինքն ինչ կարող է առաջարկել կյանքին: Պարզապես հարմարվել է ստեղծված իրավիճակին, իսկ ծուլանալու առիթը բաց չի թողնում: Կարո՞ղ է նման մարդը լավ աշխատակից լինել, բարեխղճորեն կատարել իր պարտականությունները: Վստահաբար՝ ոչ: Որովհետև ծուլությունը խանգարում է սկսածն ավարտին հասցնել, աշխատանքն անել ամբողջությամբ՝ առանց բացթողումների: Ծուլությունը խանգարում է անկեղծ նվիրումին:
Բայց ինչու՞ են մարդիկ շարունակում մնալ նման իրավիճակում, ամեն օր պայքարում ծուլության հետ, դրա դեմ, անում չսիրած աշխատանքը… Որովհետև մարդիկ չգիտեն՝ ինչ են իրենք իսկապես ուզում և ինչ կարող են անել: Հենց սա է ինքնաճանաչման բացակայությունը:
Փոխարենը ճանաչելու իր ներսն, իրեն ընծայված շնորհներն, իր բոլոր ցանկություններն ու մղումներն, արդյունքում գտել իր տեղն ու դերը այս աշխարհում, մարդը նախընտրում է շարունակել անհավասար մարտը ծուլության դեմ:
Ծուլությունը հաղթահարելու մի ուղի կա՝ հասկանալ, թե ինչ կարող ես անել այնպես, որ արածդ քեզ նախ և առաջ հոգեկան բավարարվածություն ու երջանկություն բերի: Վերջին երկուսն էլ հետագայում կդառանան այն խթանիչ ուժը, որը պարզապես տեղ չի թողնի ծուլության համար: Սողոմոն արքան ծույլերին հորդորում էր գնալ ու մրջյուններից և մեղուներից սովորել ջանասիրություն և իմաստություն: Մրջյուններն կուտակում են, մեղուներն՝ արարում: Այստեղ է նրանց իմաստությունը: Նրանք անում են այն, ինչ պետք է անեն, ինչի համար ստեղծված են, ինչի հնարավորությունը ունեն: Իսկ ծույլ մարդը չի օգտագործում այն տաղանդներն ու շնորհները, որոնք Աստված յուրաքանչյուր մարդու տալիս է՝ կյանքն արժանավայել ապրելու համար, որովհետև չի ճանաչում դրանք կամ չգիտի՝ ինչպես օգտագործել: Ծուլությունը մարդուն խանգարում է արարել, ստեղծագործել, դարձնում է նրան լոկ սպառող, ով օգտվում է ուրիշի ստեղծած բարիքներից, իսկ ինքը պարզապես գլորում է իրեն տրված օրն ու ժամանակ:
Եվ որքան տարիներն անցնում են, մարդը կարծրանում ու չորանում է և նաև կորցնում հավատը, որն ինքն ունակ է արարման, ինչ-որ կարևոր ու լուսավոր բան ստեղծելու: Ուստի օր առաջ պետք է «Ճանաչիր ինքդ քեզ» խորհուրդը դարձնել կյանքի առանցք, հասկանալ՝ որտեղ ես, ինչ ունես և ուր ես ուզում հասնել: Ուզու՞մ ես մինչև օրերիդ ավարտը ապարդյուն կռիվ տալ ծուլության դեմ, սպառել ինքդ քեզ չսիրած աշխատանքի մեջ, երբեք ամբողջապես չզգալ լինելուդ արդարացումը, գոյությանդ օրհնված լինելը: Թե՞ ցանկանում ես ճանաչել ինքդ քեզ այնպես և այնքան, որ տեսնես Աստծուն քո մեջ, ով պատրաստ է արարել քո՛ ձեռքերով, կյանքդ լցնել նոր բովանդակությամբ, ծուլությունդ փոխարինել խանդավառությամբ և իմաստությամբ:
Դու ինքդ ես որոշում՝ ինչն ընտրել, որ ուղով շարունակել ճանապարհդ: Վաղը, երբ էլի ինքդ քեզ մեղավոր կզգաս, որ էլի ծուլացար, էլի չկարողացար հաղթել այդ մարտում, գնա ու հետևիր մրջյուններին, ապա նայիր քո՛ ձեռքերին, նայիր քո ներս: Ու փորձիր նրանցից ավելի իմաստուն լինել: Եվ թող Աստված օգնական լինի քեզ այդ կարևոր գործում:
Ա. Պողոսյան