«Երբ վեց տարեկան տղաս մի օր եկավ և հայտարեց, որ ես ստախոս եմ՝ հասկացա, որ երկու ամիս առաջ ինչ-որ բան սխալ եմ արել։ Հորս մահվան ժամանակ մենք ասացինք տղայիս, որ պապիկը չի մահացել, այլ խորը քնած է, իսկ հետո բակի ավելի մեծ երեխաները ասել էին, որ իրեն խաբել են և իր պապիկը մահացել է ու հողի տակ է»,-պատմում է Արարատը։
Իհարկե, երեխաներն այսպես թե այնպես առնչվում են մահվան գաղափարի հետ․ ֆիլմեր, համակարգչային խաղեր, հեռուստատեսություն։ Բայց, երբ մահանում է հարազատը, այդ ժամանակ է միայն երեխան իրապես սկսում մտածել մահվան մասին։
Մահից կարելի է վախենալ կամ չվախենալ, սակայն երկու դեպքում էլ այն անխուսափելիորեն կգա: Անկախ տարիքից, բոլորս առընչվում ենք այն գաղափարի հետ, որ կա մահ և կա կյանք, բայց ինչպե՞ս բացատրել երեխային, թե ի՞նչ է մահը։ Այս հարցի շուրջ զրուցել ենք հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Գարգրցյանի և Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
Ըստ հոգեբանի երեխայի հետ մահվան թեմայով խոսելը գրեթե անխուսափելի է, քանի որ նա վաղ թե ուշ բախվում է որևէ հարազատի կորստի հետ, և այդ դեպքում բազում հարցեր են առաջանում։
Առաջին հերթին կարևոր է գիտակցել, որ երեխայի հարցերին պատասխանելը ոչ թե ցանկալի է, այլ պետք է: Որքան խուսափեք դրանցից, այնքան կխթանեք մահվան վախի և տագնապի դրսևորումը երեխայի մոտ։
Ինչպե՞ս և ի՞նչ է պետք պատմել երեխային մահվան մասին
Հոգեբան - Մահվան մասին երեխայի հարցերին պետք է պատասխանել ճշմարտացի ձևով, իհարկե, երեխային հասանելի բառապաշարով։ Կարելի է զուգահեռ տանել բնության հետ, օրինակ՝ ծաղկի աճելու, ծաղկելու և թոռոմելու օրինակով։ Բնական է, որ մահվան երևույթի մասին իմանալը երեխայի մոտ առաջացնելու է վախ սեփական և հարազատների մահվան վերաբերյալ։ Սակայն, պետք չէ խաբել ու ասել, որ իր ծնողները կամ ինքը երբեք չեն մահանալու: Հարկավոր է ասել, որ դա լինելու է շատ ուշ, իսկ մինչ դա շատ լավ ու հետաքրքիր տարիներ ունեք միասին ապրելու։
Քահանա - Երեխայի հետ մահվան մասին խոսելիս՝ զուգահեռաբար հարկավոր է խոսել նաև Աստծո և փրկության մասին։ Հարկավոր է բացատրել, որ մահը վերջը չէ, որ կա այլ աշխարհ, ուր տեղափոխվում է յուրաքանչյուր քրիստոնյա, ով հավատք ունի և այս աշխարհում բարի գործեր է կատարել։ Պետք է սովորեցնել երեխային, որ այս աշխարհը ժամանակավոր է և որ մահը ոչ թե պատիժ է, այլ միջոց Աստծո մոտ տեղափոխվելու համար։
Որտե՞ղ է հիմա մահացածը։
Հոգեբան – Այս հարցին պատասխանելը կախված է ծնողի աշխարհայացքից: Պետք է երեխային ասել այն, ինչին դուք հավատում եք։ Ովքեր հավատում են, որ կա կյանք մահից հետո կարող են ասել, որ մահացածները ապրում են այլ աշխարհում։ Բնականաբար, այս դեպքում կարելի է ասել, որ մահից հետո բոլորը իրար հանդիպում են, եթե դուք իրոք դրան հավատում եք։ Այստեղ ևս զգուշություն է պետք, չպետք է երեխային վախեցնել դժոխքի մասին պատմություններով։ Եթե դուք չեք հավատում, կամ չեք ուզում, որ երեխան «այլ աշխարհի» մասին տեղեկանա այդ տարիքում, պետք է ասել, որ մահացածը շարունակում է ապրել մեր հիշողություններում։ Պետք է ասել, որ մենք շարունակում ենք սիրել նրան անկախ նրանից, նրան տեսնում ենք, թե՝ ոչ, և մահացածի սերը ևս մեզ հետ է: Մենք կարող ենք հիշել նրան, երբ ուզում ենք խոսել նրա մասին, հիշել միասին անցկացրած ժամանակը և այլն:
Քահանա - Նախ հարկավոր է երեխայի հետ խոսել Աստծո մասին և հետո միայն բացատրել, որ հիմա մեր մահացած հարազատները Աստծո մոտ են՝ երկնքում։
Ինչո՞ւ է մահացել։
Հոգեբան - Մահվան պատճառների վերաբերյալ նույնպես պետք է տալ ճշմարտացի, բայց զգույշ բացատրություն։ Ճշմարտացի բացատրությունը պետք է, որպեսզի երեխան վստահի ծնողին, և իր հարցերով շարունակի դիմել։ Զգուշությունը նշանակում է, որ պետք է հասկանալի կերպով բացատրել, որ ոչ բոլոր հիվանդություններից են մահանում (օրինակ եթե հարազատը հիվանդության պատճառով է մահացել), որ հիվանդանալ-առողջանալուց մարդը նաև ուժեղանում է։
Քահանա - Կարելի է բացատրել, որ բոլորս այս աշխարհում ունենք որոշակի առաջադրաքներ, հանձնարարություններ, որ տալիս է մեզ Աստված և երբ մենք կատարում են դրանք, Աստված, մեզ շատ սիրելով, տանում է իր մոտ, որպեսզի հանգստանանք։ Հարկավոր է երեխայի մեջ սերմանել, որ այս կյանքում նա ունի պարտականություններ և առաքելություն, որոնք կատարելով կարժանանաս Աստծո արքայության մեջ ապրելուն։ Նրանք պետք է հասկանան, որ իրենց մահացած հարազատը սիրված է Աստծո կողմից և ոչ պատժված մահվամբ։
Հոգեբանը նշում է, որ այս թեմայի վերաբերյալ կան նաև բավականին հաջողված մուլտֆիլմեր, որոնք կօգնեն երեխային ավելի լավ ընկալել մահը և նվազեցնել տագնապը դրա նկատմամբ: Օրինակ «Առյուծ արքա», «Կոկո» (7+ տարիքի համար)։
Ամեն դեպքում հիշեք, որ երեխայի, նույնիսկ դեռահասի մոտ լինում են մահվան վախի որոշակի դրսևորումներ, պետք է հանգիստ վերաբերվել դրան, պատասխանել երեխայի հարցերին, հանգստացնել նրան։
Հասմիկ Թամամյան