Նախանձը. անձնական թակարդ

Նախանձը. անձնական թակարդ

«Նրա զգեստն ավելի լավն է քան, իմը», «Հարևանս ավելի բարձր պաշտոն ունի, քան ես» և վերջապես «Ինչու՞ նա և ոչ թե ես»: Դժվար թե մեզանում գտնվի որևէ մեկը, ով գոնե մեկ անգամ չի ընկել սեփական «նախանձ» թակարդը:


Այսպիսի համեմատություններ հաճախ են անցնում մեր մտքով, բայց քչերը գիտեն, որ նախանձը ոչ միայն արգելվում է ըստ տասը պատվիրանների, այլև դասվում է յոթ մահացու մեղքերի շարքին: Ըստ Հայր Մինաս աբեղա Հախվերդյանի, այն ամենամեղսածինն է, քանի որ նախանձող մարդու հոգին դատարկված է Աստծուց, իսկ այդպիսի հոգին պարարտ հող է տարատեսակ մեղքերի համար:


Նախանձը կուրացնում է մարդուն ու ստիպում մտածել, որ իր անհաջողությունների պատճառը մեկ ուրիշն է կամ ինքն ավելի արժանի է ուրիշի հաջողություններին: Ըստ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան Արկադի Մեհրաբյանի՝ նախանձի հիմքում ինքնավստահության բացակայությունն է.

«Նախանձող մարդիկ ունեն ցածր ինքնագնահատական, հաճախ մրցակցության մեջ են դիմացինի հետ: Սա գալիս է համեմատությունից: Հարկավոր է վերահսկել մտքերը՝ ինչ-որ մեկի վրա չկենտրոնանալու համար»:


«Հաճախ եմ նախանձում, օրինակ քրոջս զգեստներին, ընկերուհուս կազմվածքին, բայց դա բարի կամ, ինչպես ասում են, սպիտակ նախանձ է», - ասում է Հասմիկը:


Հայր Մինասը նկատում է, որ մարդիկ թյուր և ոչ-կոնկրետ պատկերացում ունեն նախանձի մասին. «Նրանք նախանձը բաժանում են բարու ու չարի, սևի ու սպիտակի, այնինչ իրականում նախանձը մեկն է ու չի կարող բարի լինել»:


Հոգեբանի տեսակետն այս հարցում ևս նույնն է. «Պետք չէ դասակարգել սև, սպիտակ, բարի, չար նախանձի տեսակներ. երևույթը դրանից չի փոխվում»:


«Նախանձը հակառակումն է Աստծո կամքին» (Բարսեղ Մեծ)


Ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում նրան, ում նախանձում ենք: Նախանձը բողոք է Աստծո կամքի դեմ, երբ մարդ սկսում է քննել Աստծո գործերը և ինքը որոշել, թե Տերն ում է շատ տվել, ում՝ քիչ, ով է արժանի, ով՝ ոչ: Եվ այս ամենի մասին մտածելը բերում է ոչ միայն ատելության, չարախոսության, սպանության, այլև մարդու հոգին ու միտքը կրծող կասկածանքի: Նախանձող մարդը սկսում է կասկածել Աստծո արդարությանը, Նրա կամքին:


Ադամը և Եվան երկու որդի ունեցան: Կայենը զբաղվում էր հողագործությամբ, իսկ Աբելը հովիվ էր: Հայրական տանը հաստատված օրենքի համաձայն՝ մի անգամ Կայենը Աստծուն նվեր մատուցեց իր մշակած հողի առաջին բերքից՝ երախայրիքը, իսկ Աբելը զոհաբերեց իր հոտի առաջնածիններից: Տերը, սակայն, ճանաչում էր նրանց սրտերը. գիտեր, որ Աբելն իր գառներից ամենալավը նվիրեց, մինչդեռ Կայենը բերքի լավագույն մասը պահեց իրեն: Այդ պատճառով Աստված ընդունեց Աբելի զոհաբերությունը և տվեց Իր բարեհաճության նշանը, իսկ Կայենի նվերին չնայեց:


Եվ Կայենը նախանձից ու չարությունից սպանեց Աբելին: Աշխարհում կատարված առաջին սպանությունն էր դա. եղբայրը սպանեց եղբորը…


Աստված անիծեց մարդասպանին, և Կայենը իր ողջ կյանքում երկրի վրա հանգստություն և ապահովություն չգտավ:


Աստվածաշնչում ասվում է նախանձողներին սպասվող պատժի մասին: Նրանք կանգնած են Աստծո ժառանգությունից զրկվելու վտանգի առաջ. «Եվ հայտնի են մարմնի գործերը, որն են կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, բաժանումներ, չար նայվածքներ և ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողներն Աստծո արքայությունը չեն ժառանգի» (Գաղ. 5:19-21):


«Իմ կարծիքով նախանձը կյանքում ինչ-որ նոր բանի հասնելու լավագույն մոտիվացիան է: Եթե իմ ընկերը հաջողակ է, ունի լավ աշխատանք, ապա ես պետք է ձգտեմ լինել ավելի լավը, բայց ոչ երբեք նրա փոխարեն», - ասում է Կորյունը:


«Այս դեպքում մոտիվացիան ոչ թե նախանձն է, այլ մրցակցությունը: Սա չափերի մեջ, մարդկային նորմալ զգացում է, որն օգնում է առողջ ու սթափ գնահատել մեր սեփական ուժերն ու շրջապատող աշխարհը, պայքարելու և ապրելու խթան է հանդիսանում: Նախանձն ու մրցակցությունը չեն կարող նույն անվան տակ հանդես գալ, որովհետև ծայրահեղ տարբեր երևույթներ են՝ ծայրահեղ տարբեր հետևանքներով: Լինելով մարդու ամենավտանգավոր և կործանարար արատը՝ նախանձը միայն բառի ստուգաբանությամբ արդեն իսկ ցույց է տալիս սեփական «ես»- ի գերագնահատման փաստը` նախ անձը: Այստեղ արդեն մոտիվացիայի հենք չկա, որովհետև սեփական անձը կարևորող մարդու համար կորում է ինչպես պայքարի առողջ իմաստը, այնպես էլ իրականության զգացումը», - մեկնաբանում է Հայր Մինաս աբեղա Հախվերդյանը:


Հիսուսին նույնպես նախանձում էին: Երբ Նա եկավ, փարիսեցիների հետևորդները քչացան, ու մարդկանց մեծ մասը սկսեց ապավինել Քրիստոսին: Նրանք հասկացան, որ իրենց բոլոր ուսմունքները խամրում են Քրիստոսի առջև: Հիսուսի հաջող ծառայությունը դարձավ փարիսեցիների նախանձի պատճառ, ու Քրիստոս խաչվեց:


Ինչպես ցանկացած խնդիր կամ հիվանդություն, նախանձը նույնպես առավել հեշտ է կանխել, քան հաղթահարել: Մեր ժամանակներում տարբեր ու մեծաթիվ անարդարությունների հանդիպելով՝ մեր հոգիներին այնուամենայնիվ չեն կարող չհասնել նախանձի հարուցիչներ, ուստի դրանց ամբողջական ներթափանցումը կանխելու համար հարկավոր է հոգու առողջ դիմադրողականություն` չշեղվել Աստծո խոսքից ու պատվիրաններից: Հոգին նախանձից պաշտպանելու և առողջացնելու համար հարկավոր է հետևել բարեպաշտության հստակ կանոնների. սեր, աղոթք, բարի գործեր:

 


Մարիամ Խաչատրյան

  • 2022-02-08
×