Ֆիզկուլտուրայի դասաժամին վազքից գերազանց գնահատական ունենալը կամ մաթեմատիկայից գլուխ հանելը բավարար չէ մարդկային վախը «բռնելու» կամ «չափելու» համար:
Ասում են, թե միայն «հատուկ» արարողություններից հետո ու միայն «հատուկ» մարդիկ են «կարողանում բռնել վախը»:
«Թաղում մի տատիկ ունենք, բոլոր հարցերով՝ վախ, թուղթուգիր, չստացված սեր ու շատ այլ հարցեր, հարևանները դիմում են նրան: Ասում են, թե Գյուլիստան տատը կարողանում է նման բաներ անել: Քույրիկս փոքր էր, մի անգամ հանգուցյալ էր տեսել ու շատ էր վախեցել: Գիշերները չէր քնում, լաց էր լինում: Մայրիկին խորհուրդ էին տվել տանել Գյուլիստանի մոտ: Չգիտեմ, թե այնտեղ ինչ էին արել, բայց երբ մայրս եկավ՝ ձեռքին թղթի մեջ փաթաթած հալած մոմ էր, որ պետք է դներ քույրիկի բարձի տակ, հետո վախ չափողի նշանակած օրը տաներ ու նետեր կամրջից», - պատմում է Կարինեն՝ հավելելով, որ այդ ամենն, իհարկե, չօգնեց, քույրը վախը հաղթահարեց միայն մեծ հասակում:
Սնահավատությունը ծնվում է վախից, իսկ իրենց վախերի դեմ պայքարելու և չար աչքից ազատվելու համար մարդիկ շատ դեպքերում դիմում են «ժողովրդական» միջոցների: Գնում են, իսկ երբ մոմ թափելն ու այլ արարողությունները չեն օգնում, ետ են գալիս ու այս անգամ էլ սկսում վախենալ, որ մեղք են գործել ու կպատժվեն դրա համար։
«Վախ չափելու երևույթը ոչ մի կապ չունի Աստվածաշնչի հետ։ Այն իր ենթատեքստով նշանակում է հրաժարվել Աստծուց, հույսը կորցնել։ Հարկավոր է ոչ թե վախենալ, որ վախ չափողի մոտ գնալուց հետո Աստված կպատժի, այլ պետք է մտածել, թե ինչու ենք հեռացել Աստծուց։ Իսկ վախերի պատճառն իրականում մարդու ներսում է և Աստծուց հեռացած լինելն է։ Այդ դեպքում կարելի է դիմել քահանային, որպեսզի վերջինս բժշկության կարգ կատարի», - պարզաբանում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Խավարը լույսի բացակայությունն է, վախը՝ հավատի։ Ինչքան արագ ու շատ ես վազում վախի հետևից, այնքան արագ ու շատ ես հեռանում Աստծուց։
«Գոյություն ունի մեկ արգելք մարդու և Աստծո միջև՝ անվստահությունը։ Ավելի ճիշտ, շատ արգելքներ կան, սակայն դրանք հաղթահարելի են, եթե ոչ մարդու, ապա՝ Աստծո համար։ Իսկ անվստահությունն անհաղթահարելի է նույնիսկ Աստծո համար, եթե մարդը համառում է։ Աստված կարող է միջամտել մեր կյանքին՝ նույնիսկ մարդու համաձայնությունը հաշվի չառնելով, սակայն Տերն այդպես չի վարվում՝ հարգելով մարդու ազատությունը։ Եթե մարդը չի վստահում, Աստված մի կողմ է քաշվում։ Արդյունքում մարդը սկսում է հորինել Աստծուն այնպես, ինչպես իրեն է հարմար», - ասում է տեր հայրը:
Ոչ թե պետք է մտածել վախը «բռնելու» կամ «չափելու», այլ՝ այն հավատքով հաղթահարելու և Աստծո նկատմամբ վստահությունը վերականգնելու մասին։
«Փոքր ժամանակ շատ էի վախենում, որ անկողնու տակ ինչ-որ մեկը միշտ թաքնված է ու հենց որ ձեռքս իջեցնեմ՝ նա ինձ կբռնի։ Ֆիլմերում շատ էի տեսել, որ մարդիկ վախենալիս ձեռքը տանում են դեպի խաչը, ու դա օգնում է։ Ես խաչ չունեի պարանոցիս ու որոշեցի «Հայր մեր»-ը սովորել, որպեսզի, երբ վախենամ՝ ասեմ։ Այդպես էլ արեցի, ու աղոթելն օգնեց։ Ես հավատում էի, որ եթե գիշերը «Հայր մեր»-ն ասեմ՝ Աստված կպաշտպանի ինձ անկողնու տակ թաքնված հրեշից», - պատմում է Անին։
Կարևոր է հասկանալ, թե ինչին ես հավատում։ Հավատում ես, որ ինչ-որ մեկը աչքով է տվել ու դրանից գործերը «թա՞րս» են գնում, թե՞ հավատում ես, որ հարկավոր է էլ ավելի ջանք գործադրել և ամեն ինչում վստահել Աստծուն։ Բոլորն էլ հավատում են։ Տարբերությունն այն է, որ մեկը հավատում է Աստծուն և Նրա զորությանը, իսկ մյուսը հավատում է մարդկանց զորությանը։ Իրականությունն արտացոլում է այն, ինչին հավատում ես։
Ուրեմն ինչպե՞ս բռնել կամ չափել մարդու վախը. վերցնել մետր ու հաշվի՞չ, վերհիշել մաթեմատիկայի դասե՞րը, կամ զանգահարել ֆիզկուլտուրայի ուսուցչին ու խնդրել սովորեցնել արագ վազելու տեխնիկա՞ն, թե՞ դիմել Գյուլիստան տատի օգնությանը։ Պարզապես հիշեք․ «Չպետք է թողնել, որ վախը թելադրի խելքին»: (Դանթե)
Հասմիկ Թամամյան