Մասնագիտությունը՝ մոմավաճառ, աշխատանքի վայրը՝ Ս. Երրորդություն եկեղեցի:
Տիկին Տանյան այն կինն է, ում կարելի է հանդիպել ամեն անգամ, երբ մտնում ես Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցի: Առաջին մարդն, ով դիմավորում է քեզ եկեղեցում, մոմավաճառն է: Մոմ ու մի քիչ ջերմություն հավատացյալին. տիկին Տանյան յուրաքանչյուր հավատացյալի դիմավորում է հենց այս մտածումով:
- Չգիտեմ, թե ինչպես կապրեի առանց եկեղեցու…
Արդեն տասներկու տարի Սուրբ Երրորդություն եկեղեցում մոմեր վաճառող տիկին Տանյան իր փոքրիկ վաճառասարահի պատուհանից մոմ է վաճառում այցելուներին ու մոմի հետ փոխանցում նաև բարի խոսքեր ու ժպիտ։
Աստծո տանը բնորոշ մթնոլորտն ու միջավայրը յուրովի է լրացնում տիկին Տանյան։ Մինչ կհաշվի և կփոխանցի մոմերը, անպայման զրուցում է հավատացյալների հետ, հարցնում առողջությունից, դե իսկ երեխաների հետ առանձնակի սիրով է շփվում։
- Էն ո՞ւմ ոսկի բալիկն է եկել։
- Ելկու մոմ, - ժպտում է գրեթե ամեն օր եկեղեցի այցելող փոքրիկը։
- Երկո՞ւ. վերցրու, տղաս։ Տեսնու՞մ եք, թե ինչ լավ բալիկներ ունենք։
Տիկին Տանյայի կյանքում եկեղեցին դեռ մանկուց է մեծ դեր ունեցել, մտովի անցյալ է գնում. ամեն ինչ այնտեղից է սկսվել. «Չորս ընկերուհիներ էինք, միշտ գնում էինք եկեղեցի՝ Խոր Վիրապ, Ս. Սարգիս, Մայր Աթոռ և այլն։ Վեց երեխա ունեմ, նրանց ևս միշտ տարել եմ եկեղեցի և կիրակնօրյա դպրոց։ Հիմա տասնմեկ թոռնիկ ունեմ, շուտով՝ տասներկու։ Մի թոռնիկս այստեղ շապիկ է հագնում, երկուսը հաճախում են կիրակնօրյա դպրոց»։
- Թեև հոգսերը շատ են, բայց ամեն ինչ թողնում եմ Աստծո հույսին…
Տիկին Տանյան երկար ժամանակ աշխատել է մանկապարտեզում՝ որպես դայակ։ Հաստատության փակվելուց հետո կարող էր մեկ այլ մանկապարտեզում աշխատել, բայց ընտրեց եկեղեցին։ Ս. Երրորդություն եկեղեցու հիմքերը գցելուց ի վեր մեծ ցանկություն է ունեցել աշխատել այստեղ, կարելի է ասել՝ մանկության երազանքն է եղել եկեղեցում աշխատելը։ Արդեն տասներկու տարի է՝ այս աշխատանքից ամեն օր ստանում է ամենամեծ պարգևը՝ հոգևոր հանգստություն։
Եկեղեցի այցելող հավատացյալների հետ ժամանակի ընթացքում մտերմիկ հարաբերություններ են ձևավորվել։ Հաճախ են զրուցում, կիսվում մտքերով, պատմում կարիքներից։ Տիկին Տանյան հատկապես կարևորում է համայնքի համախմբվածությունը, միմյանց օգնելու պատրաստակամությունը՝ առանձնացնելով Կանանց և Երիտասարդաց միությունները։ Այս ամենն առաջնահերթորեն համարում է եկեղեցու սպասավորների աշխատանքի արդյունքը։
- Մոմը վառելիս ու աղոթելիս լույս է վերև հասնում…
Կյանքի այս ուղին փոխել է տիկին Տանյայի ընկալումը մարդկանց ու երևույթների հանդեպ: Հիմա ամեն ինչ այլ տեսանկյունից է դիտարկում, նույնը սովորեցնում է երեխաներին։ Եկեղեցում աշխատելով և աղոթքներով՝ հանգստություն է ապրում։ Եկեղեցում մարդկանց հետ անընդհատ շփումը թույլ չի տալիս ձանձրանալ։
Այսքան տարի մոմ վաճառելուց հետո վստահ է, որ բոլոր աղոթքները հասնում են Աստծուն, նաև՝ առանց մոմի. «Մոմը լույս է տալիս։ Ասում են՝ դեռևս այն ժամանակ, երբ լույս չի եղել, մարդիկ մոմի լույսի տակ են աղոթել։ Չնայած՝ բոլոր աղոթքներն են Աստծուն հասնում, նաև՝ առանց մոմի։ Աղոթքը զորավոր ուժ ունի։ Ինքս շատ դժվարին պահերին աղոթել եմ ու զգացել, թե ինչպես է ամեն ինչ փոխվում։ Սրտանց աղոթելիս ցանկությունդ անպայման կատարվում է»:
Եկեղեցի հաճախում ենք Աստծո հետ հանդիպելու ակնկալիքով: Ովքե՞ր են ապրում Աստծո տանը: Ո՞վ է կարգի բերում եկեղեցին, մաքրում: Ո՞վ է վաճառում այն մոմը, որը մենք այդքան մեծ հույով գնում ենք: Ո՞ւր են անհետանում մեր վառած ու հալված մոմերը, ո՞վ է դրանք հավաքում: Եկեղեցի մտնելիս մենք գիտենք, որ մտնում ենք Աստծո տուն ու Նրան ենք փնտրում այնտեղ, բայց միգուցե Նա այնտեղ մենակ չէ: Ովքե՞ր են Աստծո տան մեծ ընտանիքի անդամները:
Զրույցն ավարտում ենք կրկին հանդիպելու պայմանով. հաջորդ անգամ կյանքից ենք խոսելու։
Մարիամ Մկրտչյան