Հայ ժողովրդական գրեթե բոլոր տոների ծիսահամալիրներում կարևոր տեղ ունեն երիտասարդների հաջողության և սերնդաճի հետ կապված սովորությունները: Սակայն ժողովուրդը սուրբ Սարգսի տոնն է ընկալել որպես երիտասարդների տոն, իսկ սրբին՝ որպես սիրո բարեխոս: Այդուհանդերձ, սրբի շուրջ հյուսված ավանդազրույցները փաստում են, որ նա նաև ընտանիքների և հղի կանանց հովանավորն է: Նրա բարեխոսությանն էին դիմում կանայք՝ զավակ ունենալու, հոգու և մարմնի բժշկության, պանդուխտների տունդարձի, ռազմիկներին ուժ և կորով տալու, բուքը հալածելու նպատակներով:
Վարքաբանական գրականության մեջ սուրբը հիշատակվում է որպես IV դարի զորավար, ով օգնել է կարիքավորներին, պայքարել հանուն քրիստոնեության և նահատակվել: Արդեն V դ. Հովհան Մանդակունու խմբագրած տոնացույցում սուրբ Սարգսի տոնը սահմանվել է Առաջավորաց պահքի շաբաթ օրը: Տոնվում է հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկած շրջանում` Զատկի տոնից 63 օր առաջ:
Սուրբ Սարգսի տոնին նախորդող Առաջավորաց պահքի և տոնի սովորությունները իրար փոխկապակցված էին: Առաջավորաց պահքը ժողովուրդը դեռևս X-XI դդ. անվանել է սուրբ Սարգսի պահք: Կոչվել է նաև չոր պահք՝ երբեմն ծոմով անցկացնելու պատճառով, և խաշիլի պահք, քանի որ տոնի ծիսական ուտեստը խաշիլն էր (պատրաստվել է մեղրով կամ դոշաբով շաղախված փոխինձով, ուստի կոչվել է նաև փոխինձ), իսկ պահքի ընթացքում արգելված էր դրա գործածումը:
Տոնն առանձնակի նշանակություն ուներ հատկապես երիտասարդների համար, ովքեր գիտեին, որ մուրազատու սուրբ Սարգիսը շնորհաբաշխ էր հատկապես իր պահքը պահողների նկատմամբ: Ուստի Առաջավորաց պահքի ընթացքում ոմանք օրական մեկ անգամ՝ երեկոյան էին ուտում, իսկ առավել նախանձախնդիրները վերջին ուրբաթ օրը ծոմ էին պահում և երեկոյան ճաշակում աղի բլիթ՝ հավատով, որ իրենց ապագա կողակցից երազում ջուր կստանան: Եթե բաժակի ջուրը լիքն էր լինում, հավատում էին, որ երկար և երջանիկ համատեղ կյանք են ապրելու: Սովորաբար աղաբլիթը թխում էին գերդաստանի բազմազավակ և երջանիկ մայրերը: Որոշ բնակավայրերում տոնի առավոտյան աղջիկները խմբվում էին մեկի տանը, միմյանց պատմում տեսած երազը, կիսում ուրախությունն ու բարեմաղթում երազի բարի կատարում, ապա ճաշակում օրվա ուտեստը: Աղջիկները տանիքին փոխինձից պատրաստված գնդեր էին դնում և հետևում, թե երբ պիտի թռչունները մոտենան և կտցահարեն: Ապա թռչնի թռած ուղղությամբ փորձում էին հասկանալ, թե իրենց ապագա փեսացուն որ կողմերից է լինելու:
Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պահքն ընկած բարեկենդանյան երկու շաբաթվա ընթացքում տեղի էին ունենում հարսանիքներ:
Պահքն ու ծոմը լուծվում էին շաբաթ օրը՝ սուրբ Սարգսի տոնին մատուցված Սուրբ Պատարագով և Հաղորդությամբ՝ եկեղեցական ծիսակարգին հաջորդում էին ժողովրդական սովորությունները: Դրանցից էր ծոմբացը, երբ եկեղեցում ծոմը լուծելուց հետո կանայք, տեսակ-տեսակ կերակուրներ վերցրած, այցելում էին միմյանց, շնորհավորում, հացկերույթի նստում և մաղթում, որ սրբի բարեխոսությամբ Աստված ընդունի յուրաքանչյուրի խնդրանքը: Որոշ վայրերում էլ ծոմից դուրս էին գալիս՝ ձեռնտուք անելով, այսինքն՝ ազգականներին հրավիրելով՝ հացկերույթ էին կազմակերպում: Եթե ծոմ բռնողը հասած աղջիկ էր լինում, բախտավորություն էին մաղթում: Ծոմբացը նշանակալի օր էր հատկապես նորահարսների համար: Հարսնացուի ծոմը լուծելու առթիվ փեսացուի կողմից ընտանիքի մտերիմ կանանց ձեռքով նրա համար նվեր և քաղցրավենիք էր ուղարկվում:
Հարսնացուն համբուրում էր ապագա սկեսրոջ կամ կանանցից ամենատարեցի ձեռքը և նվերն ընդունում:
Սուրբ Սարգսի ծոմ պահած կանայք, եկեղեցուց վերադառնալով, փոխինձի, շորվայի կամ ոչխարի մատաղ էին անում և բաշխում դրացիներին՝ սուրբ Սարգսի բարեգթությունը խնդրելով:Ընդունված էր թխել անթթխմոր բաղարջ, որի մեջ դնում էին տան և այգու բարիքներից: Տոնական սեղանի շուրջ կտրում էին, և յուրաքանչյուրի կտորի միջից գտնված բարիքը խորհրդանշում էր ընտանիքի այդ անդամի ժառանգությունը, ինչպես՝ պանրի դեպքում՝ անասունը, դրամի դեպքում՝ պապենական տունը և այլն: Աղջիկների դեպքում, եթե նրա բաժնի մեջ միրգ էր լինում, ապա ասում էին, որ նրա ապագա ամուսինն այգեպան է լինելու: Երբեմն խաշիլից փոքրիկ գնդեր էին պատրաստում, որոնցից մեկի մեջ դնում էին լոբի կամ կորիզ՝ վիճակահանությամբ տարվա հաջողակին գտնելու նպատակով:Սովորույթի համաձայն՝ կանայք դռան մոտ կամ կտուրին փոխինձ էին դնում: Եթե առավոտյան փոխինձի վրա հետք էին տեսնում, հավատում էին, որ դա սրբի ձիու սմբակի հետքն է, ինչը և նշանակում է, որ իրենք արժանացել են սրբի բարեհաճությանը կամ նույնիսկ ավելին, մինչ այդ իրենք դրախտին արժանի կյանք են վարել:
Ծոմբացը նշանակալի օր էր նաև մանուկների համար: Նրանք ևս մի կարճ ժամանակ ծոմ էին պահում: Երեխաների այս ծոմապահությունը կոչվում էր «ծալել» կամ «լուս ձգել»: Ծալողները, իրենց տոնական զգեստները հագած, ուրբաթ լույս շաբաթ գիշերը կրակի մոտ խմբվում էին և հեքիաթներ պատմում: Խարույկի շուրջ տիրող ուրախությունը տևում էր մինչև կեսգիշեր: Շաբաթ առավոտյան, դեռ լույսը չբացված, տանտիկինները ծալողների համար ուտելիք էին պատրաստում, որպեսզի արթնանան և ուտեն:Երեխաները, տնետուն շրջելով, սրբին նվիրված երգեր էին երգում և կտուրներից գուլպաներ իջեցնում, իսկ տանտիկինները դրանց մեջ տոնական ուտեստ և միրգ էին դնում:
Տոնի օրը Սարգիս անունն ունեցողների անվանակոչությունն էր: Ի պատիվ նրանց՝ ընտանիքներում սեղան էր բացվում, նրանց նվերներ էին մատուցում, իսկ այդ օրը ծնվածներին Սարգիս էին անվանում:
Սուրբ Սարգսի տոնին շատ տարածված էին ուխտագնացությունները: Սրբավայրերում մոմ էին վառում, աղոթում, մատաղ անում, ճաշակում տոնական ուտեստները: Ամենահին և ամենանշանավոր սրբավայրերից է Ուշիի Սբ. Սարգիս վանքը, որտեղ, ըստ ավանդության, ամփոփված են սրբի մասունքները:
Պատրաստեց Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ