«Կոշկակար եմ։ 20 տարի կլինի, ինչ այս գործն եմ անում։ Արդեն մասնագիտություն է դարձել. սկզբում կոշիկներին եմ նայում, հետո` մարդուն։ Ոչ մի մարդու կոշիկ նման չի մյուսին, նույնիսկ եթե արտաքնապես դրանք նույն ձևն ունեն։ Ամեն մարդ մի ձևով է մաշում։ Նկատի ունեմ կոշիկը։ Չնայած մարդիկ էլ են մաշվում ու էլի՝ ամեն մեկը մի ձևով», - ասում է մեր դիմացի բակի կոշկակար Մարտունն ու շարունակում սոսնձել հերթական կոշիկի զույգը։
Երբ հարցրեցի նրան, թե ի՞նչ է իր համար ինքնաճանաչումը և արդյո՞ք նա տվել է իրեն «Ո՞վ եմ ես» հարցը, նա մի պահ լռեց, ակնոցն ուղղեց ու նորից շարունակեց իր գործը՝ քթի տակ խոսելով.
- Չգիտեմ՝ իմ կոշիկներին նայելով մարդիկ ի՞նչ կմտածեն, բայց նայիր, այ էս կոշիկները 20 տարեկան մի աղջիկ է բերել, որ նայում ես՝ ի՞նչ ես մտածում, ի՞նչ աղջիկ է։
- Դե, երևի անփույթ է, որովհետև շատ վատ վիճակում են կոշիկները։ Մի քիչ անուշադիր է, քանի որ չի նկատել, որ աջ կոշիկի վրայի ծաղիկներից մեկը պոկվել է։
- Այ, տես շատերն են հիմա արտաքին տեսքին նայում ու սխալ պատկերացում կազմում։ Ու նույն ձևով՝ միայն իրենց արտաքինին են ուշադրություն դարձնում։ Ավելի խորը նայես՝ կհասկանաս։ Աղջկան շատ լավ եմ ճանաչում։ Ուսանողուհի է ու դրա հետ միասին աշխատում է դիմացի խանութում։ Շատ է քայլում, դրա համար կոշիկները մաշված են, ծաղիկն էլ նկատելու ժամանակ չունի։ Էս է իրականությունը։ Կոշիկներդ հագիր, կանգնիր հայելու առաջ ու ամեն օր հարցրու՝ ո՞վ եմ ես։ Հետո անպայման մի անգամ էլ սրբիր կոշիկներիդ, որովհետև դրանով են մարդիկ ճանաչում քեզ։ Բոլորն ինձ ասում են՝ Մարտո՛ւն, դու պիտի դիպլոմատ դառնայիր, մի կարգին պաշտոն ունենայր, կրթված մարդ ես։ Բայց ես գտել եմ իմ տեղը, գիտեմ ինչ եմ ուզում ու գիտեմ ով եմ։ Ես ճանաչում եմ ինձ, ես կոշկակար եմ ու ինձ որպես կոշկակար Մարտուն եմ ճանաչում։
«Ճանաչի՛ր ինքդ քեզ»։ Այս բառերը կարելի էր կարդալ Ապոլլոնի տաճարի մուտքի վրա։ Նույն այս արտահայտությունն ընկած է նաև Սոկրատի փիլիսոփայության հիմքում։ Շատ ժամանակ է անցել, սակայն մարդու ինքնաճանաչման և այս կյանքում իր տեղը գտնելու հարցն արդիական է մինչ օրս։
Կոշկակարի արհեստանոցից դուրս գալուց հետո անընդհատ մարդկանց ոտքերին եմ նայում ու մտածում. «Տեսնես էս կոշիկի տերն ո՞վ է։ Ճանաչո՞ւմ է ինքն իրեն»։
Բոբիկ աղջիկ, հետո հագնում է ծաղկավոր սպորտային կոշիկներ ու քայլելու փոխարեն թռվռում:
- Ես գործընթաց եմ։ Հավերժ ինքնաճանաչվող գործընթաց։ Եթե այդ ընթացքում կանգնեմ ու փորձեմ նկարագրել, թե ով եմ ես, նշանակում է՝ ինչ-որ սահմաններ կգծեմ, կփոքրացնեմ ինձ ու բառերի մեջ կամփոփեմ։ Ուղղակի մենք ինքնաճանաչման համար ենք աշխարհ գալիս: Ամբողջ աշխարհը մեծ հայելի է, որտեղ մենք մեզ ենք տեսնում: Շփումները, հարաբերությունը, սերը: Ամեն ինչ հայելի է: Եթե քո ներսը փտած է, դու դա կտեսնես աշխարհի տարբեր անկյուններում ու տարբեր մարդկանց մեջ: Կոնկրետ ես ամեն ինչ էդպես եմ դիտարկում. երբ ինչ-որ բան կողքիններիս մեջ սկսում է ինձ նեղել, հասկանում եմ, որ իմ մեջ էլ կա դա:
Մենք շատ ենք ֆիքսված արտաքին աշխարհի վրա, իրականում պիտի ավելի շատ ներս նայել ու դուրս նայելիս էլ ներսը տեսնել: (Անժելա)
Հետո անցնում են ուրիշ կոշիկներ՝ կեղտոտ, պոկված, բարձրակրունկ, սպորտային։ Ընթացքում ծանոթանում եմ, դրանցից մի քանիսին նույնիսկ հանդիպում եմ կոշկակար Մարտունի արհեստանոցում ու իմանում, թե ինչու նրանք մաշվեցին։ Վաղ թե ուշ բոլորը գալիս են վարպետ Մարտունի մոտ, բոլորն էլ մաշված են, բայց ամեն մեկը մի ձևով է մաշում։
«Մարդը կարևոր է Աստծո համար, բայց ոչ իր արժանիքների, կարողությունների ու տաղանդների համար, այլ որովհետև պարզապես մարդ է: Վերջին հաշվով, որպեսզի մարդը հավատա դիմացինին և Աստծուն, նախ ինքն իրեն պիտի հավատա, այսինքն՝ ինքն իրեն ճանաչի: Խոսքն ինքնագնահատականի մասին չէ, հավատքի մեջ գնահատական չկա: Ինքնաճանաչման շնորհիվ ենք հասկանում, որ մեր ներսում կա մի բան, որն անհնար է կանգնեցնել, այն անհասնելի է, անմատչելի: Այն պետք է բացահայտել», - մեկնաբանում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Տոլստոյ էի կարդում գործից ազատ ժամանակ, (իսկ վարպետ Մարտունը շատ է սիրում կարդալ) երբ մի այսպիսի մտքի հանդիպեցի. «Մարդ, ով բացահայտում է իրեն, իր կյանքը, նման է ստրուկի, ով հանկարծ իմանում է, որ արքա է»։ Դու ես որոշում՝ արքա՞ թե՞ ստրուկ լինես։ Ես կոշկակար եմ, քանի որ մի օր որոշել էի՝ ստրուկ չպիտի լինեմ», - ասաց վարպետ Մարտունն ու փակեց արհեստանոցը։
Հասմիկ Թամամյան