Մեկ օր խուլերի համայնքում
«Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա լսել լռության ձայնը. հաճախ մենք, աղմուկի մեջ լինելով, տարատեսակ ձայներ լսելով, չենք լսում այն, ինչն ամենակարևորն է` Աստծո ձայնը...»-ասում է Հարություն սրկ. Տեր-Ասատրյանը: Նա Գևորգյան հոգևոր ճեմարանի ժեստերի լեզվի խմբակի սաներից է: Արդեն երեք տարի գործող այս խմբակում ճեմարանականները հնարավորություն ունեն սովորել ժեստերի լեզուն, ծանոթանալ այս յուրահատուկ աշխարհի մշակույթին ու առանձնահատկություններին: Իսկ եկեղեցու հանդեպ սերը խուլերի մեջ արթնացել է` շնորհիվ Տ. Եսայի քհն. Արթենյանի, ով երկար տարիներ աշխատում է խուլերի հետ և ժեստերի լեզվին տիրապետող առայժմ միակ հոգևորականն է: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Կամք և կորով» ՀԿ նախագահ Մարի Պահուտյանը դիմեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանին և խնդրեց հոգևորականի օգնություն, ով կկամենար խուլերի հետ հաղորդակցվել իրենց իսկ լեզվով:
Սրբազանը չմերժեց խնդրանքը, իսկ Տեր Եսային ոչ միայն պատրաստակամությամբ համաձայնեց աշխատել խուլերի հետ, այլև մեկ տարվա ընթացքում յուրացրեց ժեստերի լեզուն: Տեր Եսայու և ժեստերի լեզվի թարգմանչի ջանքերով Ս. Երրորդություն եկեղեցում ստեղծվեցին խուլերի զարգացման համար բոլոր պայմանները` երկլեզու ուսուցման դասեր, պարի, մնջախաղի խմբակներ, ստվերային թատրոն և այլն: Այժմ, երբ Տեր Եսային արդեն սպասավորում է Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, խուլերն այստեղ էլ երբեք չեն բացակայում Պատարագներից: Տեր Եսային սիրում է կրկնել, որ խուլերը խուլ են այնքան ժամանակ, քանի դեռ չենք լսում իրենց: Մենք թարգմանչի օգնությամբ լսեցինք նրանց, փորձեցինք թափանցել այս հեքիաթային ու հրաշք աշխարհը, ջերմացանք խուլերի մեծ սիրո արևով` մեզ հետ մի շող տանելով այդ արևից:
Օֆելյա. «Ես նախկինում շատ խնդիրներ եմ ունեցել, սարսափելի վիճակում էի, երբ եկեղեցի եկա: Զատիկի օրն էր: Տեսնելով, որ բոլորն ինձնից երիտասարդ են, չգիտեի` ինչ անել, ինձ համար դժվար էր: Ժեստերի լեզվով հասկացա Պատարագը, Հաղորդության խորհուրդը: Եվ երբ առաջին անգամ Հաղորդություն ստացա, մեծ թեթևություն զգացի: Դա առիթ եղավ, որ ես պարզապես կպչեմ եկեղեցուն: Հիմա հոգուս մեջ մեծ թեթևություն եմ զգում, ուրախ եմ, հանգիստ, ամեն ինչ փոխվել է իմ կյանքում: Այստեղ լուծվել են բոլոր խնդիրները»:
Էմմա. «Եկեղեցի գալիս եմ արդեն երկու տարի: Վերջերս մկրտվել եմ: Մկրտվելուց հետո իմ մեջ մեծ փոփոխություն զգացի, վերացա փողոցի, առօրյա հոտերից, իրականությունից և զգացի եկեղեցու, հրեշտակի բույրը… Գիտեմ, որ Աստված միշտ ինձ հետ է, բայց եկեղեցում առավել եմ զգում Նրա հզոր ներկայությունն իմ կողքին, զգում եմ, որ Նա ընդունել է ինձ իր տան մեջ… »:
Էդիկ. «Ես կարծես սոսնձվեմ այստեղ: Եկեղեցին իմ տունն է, իմ հարազատը, իմ արյունը: Ես պարզապես ուզում եմ ծառայել եկեղեցում, ամեն ինչ անել ինչպես կարող եմ, պատրաստ եմ ամենավերջին աշխատանքը կատարել այստեղ` որպես Աստծո սպասավոր…»:
Գրետա. «Այստեղ եկել եմ յոթ տարի առաջ: Եկեղեցու ճանապարհը մի տեսակ բաց, կանչող ճանապարհ էր, որ իմ հոգին թափանցեց: Հիմա, երբ ետ եմ նայում, տեսնում եմ, որ այդ լուսավոր ճամփա էր, լույս, որ ինձ կանչում էր: Ես շատ էի տխրում, որ մկրտված չեմ (քավոր չունեի) ու չեմ կարող Հաղորդություն ստանալ: Եվ Աստված Օձունում լսեց մեր սրտանց աղոթքը. մեկ շաբաթ հետո եկեղեցում Պատարագի ժամանակ, երբ դարձյալ աղոթում էի մկրտվելու համար, մեր կողքին կանգնած մի խուլ տղա ասաց, որ պատրաստ է ինձ քավոր լինելու: Զարմացել էի` ինչպես նախկինում չեմ նկատել իրեն: Ես երկար եմ մտածել այդ մասին. այդպես է և կյանքում. հաճախ Աստծո ուղարկած հրաշքը հենց մեր կողքին է, բայց մենք չենք նկատում այն, միշտ մեզանից հեռու ենք փնտրում: Երբեք չեմ մոռանա իմ մկրտվելու օրը. ես մայրիկիս հետ միշտ խնդիրներ եմ ունեցել, քանի որ չէր թողնում եկեղեցի գալ: Այդ օրը նա շատ լուռ ու խոնարհ էր, նա համաձայնել էր, որ ես Աստծո զավակը դառնամ…»:
Գևորգ. «Եկեղեցի հաճախում եմ արդեն 5 տարի: Այստեղ կա հոգևոր հայր, ժեստերի լեզվի թարգմանիչ` մարդիկ, ովքեր անտարբեր չեն մեր նկատմամբ, կա ջերմություն, այստեղ ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին ես կամ: Այստեղ նաև մասնագիտություն եմ սովորել` խոհարարություն, վարսավիրություն»:
«Տեր հայրը միշտ և ամեն հարցում հոր պես մեր կողքին է, իսկ ժեստերի լեզվի թարգմանիչն օգնում է, որ մենք մեզ լիարժեք զգանք»,- ասում են խուլերը: Արդեն ավարտին է մոտենում մանկական Աստվածաշնչի` ժեստերի լեզվով թարգմանությունը: Այս Աստվածաշունչը շնորհակալություն է Տեր Հորը` խուլերի համայնքի նկատմամբ հոգատարության և ուշադրության համար: Սակայն սա դեռ ամենը չէ. «Մենք բոլորս Աստծո համար պահած բաներ ունենք, չենք սահմանափակվելու այս ամենով»,- ասում են խուլերը: Այժմ` տարիներ անց, կարելի է ասել, որ այս համայնքում Տեր Եսայու ցանած և խնամած հոգևոր սերմերն արդեն աճել և պտուղ են տալիս: Նրանց համար եկեղեցին հարազատ տուն է, իրենք` մեծ ընտանիքի անդամներ, այստեղ ամեն ինչ միասին է, միախառնված են նաև տխրության, ուրախության, լացի, ծիծաղի ելևէջները:
Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Սկզբնաղբյուրը` «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ