«Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է»

«Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է»

Հաճախ ընկնելով մարդկային պարզ տրամաբանության մեջ՝  հարցնում ենք ինքներս մեզ՝ ինչո՞ւ պիտի սիրեմ մեկին, ով իմ հանդեպ չարիք է գործում: Անշուշտ, խոսքը պատերազմներում զիջող, խաղաղություն քարոզող համարվելու մասին չէ: Խոսքը խեղճության մասին չէ, այլ չչարանալու և չարություն տարածողի կարգավիճակում չհայտնվելու: Այսպիսով՝ փնտրում ենք մեր հարցի պատասխանը. «ինչո՞ւ ես էլ չապտակեմ, երբ ապտակում են ինձ, ինչո՞ւ սիրեմ իմ թշնամիներին»:

 

Միակ պարզ պատասխանը այս պարզ հարցին կարող է լինել այն, որ այդպես է պատվիրում մեզ Քրիստոս: Նա եկավ՝ լրացնելու մինչ այդ մեր պատկերացումները մարդկային ամեն հարաբերության մասին, և այս մեկի մասին էլ պատգամեց. «Լսել եք արդարև, թե ինչ ասվեց. «Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն»: Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5:43-45): 

 

Թշնամուն սիրելու այս պատգամը միջազգային հարաբերություններին չի վերաբերում, այլ պարզ մարդկային հարաբերություններին: Եթե սիրում ես քո երեխային կամ եղբորը, բնական է, այլ կերպ չի կարող լինել, այս դեպքում առաջնորդում է սիրտդ: Իսկ սիրել մեկին, ով քեզ համար հաճելի չէ և հակառակը, ենթադրում է կամքի դրսևորում: Պարզ մարդկային հարաբերությունների մեջ կարևոր է չարիքի դեմ պայքարը՝ հանուն բարու հաղթանակի. այս դեպքում է ամուր լինում ընտանիքը, ընկերային, հասարակական ու ազգային կյանքը: 

 

Բարին գործելով չարիքը հաղթելը նույնն է, երբ բժիշկը հիվանդությունը բուժում է ոչ թե նույն բակտերիայի ավելացմամբ, այլ դրա հակամարմնի ներարկմամբ: Այսպես պիտի վարվենք նաև մենք, երբ հանդիպում ենք մեկին, ով «վարակված է» չարիքով: Պիտի բուժենք նրա հիվանդությունը՝ օգտագործելով ամենաարդյունավետ դեղամիջոցը՝ մեր բարությունը: Հակառակ դեպքում՝ ինքներս էլ կվարակվենք նրանից չարությամբ, կդառնանք չարիք տարածողներ: 

 

Մեր բարությունը պիտի չճանաչի սահմաններ, այն պիտի փորձի տարածվել ամենքի վրա, ինչպես Աստված է բոլորին մոտենում հավասարի պես՝ թե՛ բարիներին փորձություններ տալով, թե՛ բարին գործելով չարերի հանդեպ: Այս կերպով է, որ Տերը տալիս է հնարավորությունը՝ չարերին՝ դարձի գալու և բարիներին՝ փորձվելու:

 

«Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում: Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում: Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5 46-48),- այսպես է պատգամում մեզ Քրիստոս: 


Ինչի՞ է նմանվում մեր կյանքը, երբ չարիքին պատասխանում ենք չարությամբ, իսկ բարությանը՝ բարությամբ: Ի՞նչ ենք ցանկանում մենք փոխել աշխարհում, և ի՞նչ է դա, եթե ոչ պարզ մի առևտուր մարդկանց հետ: 

 

Եկեք ընտրենք մեր ուղին, և թող ոչինչ չկարողանա մեզ ետ պահել մեր գլխավոր նպատակից՝ սիրուց և բարությունից: Այդկերպ է, որ պիտի  մոտենանք երկնավոր Հորը, ինչպես նաև ներդաշնակ լինենք ինքներս մեզ հետ. չէ՞ որ բոլորն են ձգտում ապրել աստվածահաճո կյանքով՝ թողնելով միայն դրական հետքեր:

  • 2022-02-08
×