Առջևում սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Տոնին ընդառաջ ներկայացնում ենք ընտանիքի, սիրո և եկեղեցու դերի կարևորության մասին հարցազրույցը ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Արարատ քահանա Օրդոյանի հետ:
- Ինչ խորհուրդ ունի Սուրբ Սարգիս զորավարի տոնը և ինչի՞ն պետք է կարևորություն տալ այն նշելիս:
- Ինչպես գիտենք, այս տարի հունվարի 30-ին տոնվելու է մեր ամենասիրելի տոներից մեկը՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այս տոնի խորհուրդը ամբողջապես ընկալելու համար շատ կարևոր է ներթափանցել պատմության ծիրից ներս՝ փորձելով ուսումնասիրել և մեզ համար նորովի բացահայտել տոնի խորհուրդը, որը մեծ կարևորություն է ունեցել մեր ժողովրդի համար: Սուրբ Սարգիս զորավարը, ստացած լինելով քրիստոնեական դաստիարակություն, մեծ հավատով էր լցված Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Պատմությունը ուսումնասիրելով՝ մենք հասկանում ենք, որ Սուրբ Սարգիսը եղել է նշանավոր զորավար, բարեպաշտ և սիրված բոլորի կողմից: Մեծ համբավ ձեռք բերելով հասարակության մեջ և հավատքի մղումներից ելնելով՝ նա կառուցում է բազմաթիվ Եկեղեցիներ տարբեր վայրերում, իր օրինակով քարոզում Ավետարանը:
- Ո՞րն է պետության և Եկեղեցու դերը նման ազգային տոներին մեծ կարևորություն տալու գործում:
- Սուրբ Սարգսի տոնն ազգային է, ժողովրդական: Այն բացառիկ տոներից է որը կարևոր է նշել միասնաբար: Եվ խոսքը թե՛ ողջ ժողովրդի միասնության, թե՛ պետություն-Եկեղեցի միասնության մասին է: Այս տոնը հիմքն է մեր ընտանիքների կառուցման, սիրո հիմնաղբյուրն է. չէ՞ որ Սուրբ Սարգիսը համարվում է նաև սիրո արագահաս բարեխոս և իր ողջ կյանքի ընթացքում էլ աջակից է եղել ամենքին: Մենք խնդիր ունենք միասնաբար անելու ամեն բան, որ այս տոնն ընկալելի և անվելի ընդգրկուն դառնա հասարակության մեջ: Ցանկացած իրողության դեպքում երբ կան հավատքն ու սերը՝ որպես հիմնաղբյուր, այն մշտապես պսակվում է հաջողությամբ: Մեր ապագա սերունդների և ընտանիքների ձևավորման հարցում որպես օրինակ պետք է կարողանանք մեր երիտասարդներին հասանելի դարձնել Սուրբ Սարգսի բացառիկ սիրո գաղափարը, ընկալումը:
- Տոնի հետ կապված ժողովրդական սովորություններից է աղի բլիթ ուտելը: Շատերին է հետաքրքրում՝ որքանո՞վ է այս սովորույթը քրիստոնեական:
-Աղի բլիթ ուտելու սովորույթն ամենահայտնիներից է: Այստեղ ևս կարևոր է հասկանալ և գիտակցել, որ խնդիրը միայն աղթի բլիթ ուտելու մեջ չէ: Այլ ողջ իմաստը հավատքով լցված, աղոթքով և Սուրբ Սարգսի բարեխոսությամբ՝ Տիրոջից օրհնություն հայցելն է՝ ապագա ընտրյալին հանդիպելու և ընտանիք կազմելու համար: Այստեղ շատ կարևոր է շեշտադրում անել սիրո գաղափարի վրա: Կարևոր է սիրո, հավատքի և նվիրումի գաղափարի գիտակցումը: Իսկ աղի բլիթն ընդամենը ժողովրդական ավանդույթ է:
- Ո՞րն է Ձեր մաղթանքը սիրահարներին և բոլոր ընտանիքներին՝ Սուրբ Սարգսի տոնի առթիվ:
- Սիրելիներ, իրապես կյանքը դատարկ ու անիմաստ է առանց սիրո: Մեր ամեն օրը լավ առիթ է՝ սեր տալու և ստանալու: Աստված սեր է, և այդ նույն սիրուց բաժին տալով մարդուն՝ պատգամեց՝ ասելով, թե «նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:34-35): Այս մեծագույն սիրո պատգամը ունենալով, մեր սրտերում առ Աստված հավատքը մշտապես անսասան պահելով, սերը մեր կյանքի մղիչ ուժը դարձնելով՝ պիտի կարողանանք հաղթահարել մեր կյանքի ամեն դժվարություն և փորձություն:
«Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում…» (Ա Կոր. 13:4-5): Սերը հաղթող է ...
Մի պատգամ եմ ուզում տալ պատանիներին, երիտասարդներին: Ձեր ընտրության հարցում առաջնորդվեք միայն ու միայն սիրով, քանի որ ընտանիքը պիտի որպես հիմք ունենա սիրո անմար աղբյուրը: Իսկ ամուսնացյալներին՝ ամուր պահեք ձեր ընտանիքները սիրո մեջ: Թող սերը ձեր ընտանիքներից և սրտերից երբեք ու երբեք չպակասի:Ապրեք սիրով, ապրեք երջանիկ, ապրեք իրար հարգելով և առ Աստված հավատքը բոլորի սրտերում թող դառնա մի ճրագ՝ լուսավորելով մեր կյանքի ամբողջ ընթացքը:
Վիկտորյա Մարկոսյան
Մարիետտա Խաչատրյան