Չպարտված սերունդ

Չպարտված սերունդ

Զինվորի դերը մեր հասարակության մեջ բարձրանում է պատերազմի ժամանակ կամ դրանից հետո, սակայն մինչ պատերազմներն ու մարտերն արդյո՞ք կարևորում ենք մեր հերոսներին հավուր պատշաճի:

 

 Մեր հայրենիքի պաշտպանների գործն ամենից պատասխանատուն է: Նրանք են, որ հսկում են մեր անդորրը և կամ ապահովում այն՝ շատ դեպքերում իրենց կյանքի գնով: Վերջին իրադարձությունները առիթ դարձան համոզվելու, որ 18 տարեկան երիտասարդն  պատրաստ է անգամ իր կյանքը տալ հանուն հայրենիքի, որպեսզի իր սերնդակիցներն ապրեն անկախ երկրում: Իսկ մենք՝ ապրողներս, արդյոք գիտակցո՞ւմ ենք նրանց սխրանքի արժեքը, արդյոք մեզ համարո՞ւմ ենք արժանի նրանց կատարած գործին և որո՞նք պետք է լինեն մեր քայլերը:

 

Բոլորս էլ մեր մտքերում ունենք այս հարցերը, որոնց պատասխանները, սակայն, դժվարությամբ ենք ուրվագծում:  Մեր խոսքերում մշտապես մեծարում ու արժևորում ենք նրանց և նրանց կատարած սխրանքները, սակայն երբ գալիս է գործելու ժամանակը, կարծես թերանում ենք կամ դժվարանում:

 

Գուցե մեզ արժանի չե՞նք համարում մեր հայրենիքի պաշտպանների սխրանքներին՝ աստիճանաբար ու երբեմն ոչ գիտացաբար հեռանալով նրանց գաղափարական ճանապարհից: Օրինակ՝ հիասթափված պարտությունից՝ հեռանում ենք երկրից՝ չգիտակցելով, որ նրանք իրենց կյանքը տվել են հանուն հաղթանակի և չեն պարտվել, այլ հաղթել են: 

 

Այո՛, նրանք չեն պարտվել: Ընդ որում չեն պարտվել ոչ միայն մեր զոհված հայորդիները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր պայքարում էին հայրենիքի փրկության համար: Ժամանակն է, որ վերջապես հասկանանք այս պարզ ճշմարտությունը, և ոչ միայն մեր խոսքով, այլ նաև յուրաքանչյուրս մեր գործով ապացուցենք, որ արժանի ենք նրանց սխրանքին: Եվ թեև դժվարությունները շատ են և անխուսափելի, բայց, միևնույն է, շենացնելու ենք մեր հայրենիքը հանուն այն սերնդի, որը գալու է և գուցե տարիներ անց նշելու է Հայոց բանակի այս տոնը` որպես հաղթանակի և ցնծության տոն:

 

Զինվորի աղոթք

Ամենակարող Տե´ր.
Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,
Տուր ինձ վճռականություն սուրբ
Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:
Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու
Ինձ ավելի համարձակ, կարգապահ ու
Ընկերասեր:
Երկնային Զորքիդ բարեխոսությամբ
զորացրու և պահպանիր զինակիցներիս,
հրամանատարներիս ու ինձ:
Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո
ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց:
Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ.
Ամեն…

  • 2022-02-08
×