Սուտը բոլոր ժամանակների ամենամեծ չարիքն է, որ ունակ է կործանել ու ապականել յուրաքանչյուր բան: Իսկ առավել զազրելի է սուտ վկայությունը, որի հիմում ընկած է նենգությունը, շահը, չարամտությունը:
Նրանք, ովքեր սուտ վկայություն են տալիս, դառնում են չարի կամակատարը: Ուստի՝ քրիստոնյայի խոսքը պետք է համապատասխանի իրականությանը։ Տասը պատվիրաններից «Սուտ վկայություն մի՛ տուր» (Ելք. 20:16) պատվիրանն արգելում է զրպարտությունը, չարախոսությունը, ուրիշին վարկաբեկելը՝ որևէ մեկին նվաստացնելն ու անվանարկելը, նենգամտությունը, բամբասանքը:
Առաջին սուտ վկայությունն արեց սատանան. «Ինչո՞ւ Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել… Որովհետև Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և դուք կլինեք աստվածների նման՝ կիմանաք բարին ու չարը» (Ծննդոց 3:1-4): Այսպես մեղքն ու մահը ստով աշխարհ եկան: Արդարև, սատանան Տիրոջ կողմից «ստախոս և ստի հայր» է կոչվել, քանի որ նա ճշմարտության կողմնակից չի եղել բնավ, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա և սուտ խոսելն էլ իր նկարագիրն է (Հովհ. 8:44):
Այս պատվիրանը խախտում են կեղծավորները, շողոքորթները, դավաճաններն ու չարախոսները, որոնք, չգիտակցելով իրենց մեղքերի ծանրությունը, մտածում են, թե նման կենսակերպն աշխարհիկ կյանքի պահանջն է, և դրանով կարելի է հասնել բարեկեցիկ կյանքի: Միգուցե աշխարհիկ վայելքների և հարստության կարելի է հասնել, բայց ոչ՝ հոգու փրկության, որովհետև վերը նշված մեղքերն առաջանում են նախանձից, հպարտությունից, փառասիրությունից, ագահությունից, բղջախոհությունից, բարկությունից և այլ հոգեկործան մեղքերից: Այս չարիքներից ազատվելու համար, ինչպես առաքյալն է ասում, պետք է դեն նետել ամեն տեսակի չար մտածում ու նենգություն, կեղծավորություն ու նախանձ և ամեն տեսակի չարախոսություն (Ա Պետրոս 2:1): Պետք է զղջալ և խոստովանությամբ ապաշխարել, հարթել մեղքերի վնասները և փոխհատուցել նրան, ում հանդեպ որ այն կատարվել է՝ ապրելով այդ մեղքերին հակադիր առաքինություններով՝ ճշմարտասիրությամբ, ուղղամտությամբ, ազնվությամբ, պարզությամբ, չափավորությամբ, խոհեմությամբ և հավատարմությամբ:
Այսօր ամենքս սուտը մեզ պատսպարան դարձրած ապրում ենք` մոռանալով ավելի կարևորի` ճշմարտության մասին, չէ՞ որ եթե «Սատանան սուտ է» (Հովհ. 8:44), ապա «Աստված ճշմարիտ է» (Հովհ. 3:33), եթե Աստծու համար ատելի ու զազրելի է սուտը, ապա որքան ցանկալի է ճշմարտությունը: Եթե սուտ վկայությամբ հեշտությամբ կարող ենք արդարին մեղավոր դարձնել, հանցավորին` անմեղ, ապա որքան օգտակար կլինենք անմեղի համար, ով մեր ճշմարիտ խոսքի կարիքն ունի: Ուրեմն` «Հեռու վանեցեք հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով... Դե՛ն գցեցեք ստախոսությունը» (Եփես. 4:22,25)։
Արմեն Չաքմիշյան