«Սուրբ եղիցի անուն քո...»

«Սուրբ եղիցի անուն քո...»

Տերունական աղոթքում մենք՝ հավատացյալներս մի շարք խնդրանքներ ենք հղում առ Աստված: Այդ խնդրանքներից առաջինը Նրա անվան սրբաբանումն է. «Սուրբ եղիցի անուն քո»: Տերունական աղոթքի այս տողի իմաստն ավելին է, քան իրականում պատկերացնում ենք: Այն իր մեջ կրում է քրիստոնյայի բացառիկ արժեքներից մեկը՝ իրենից առաջ իր Աստծուն տեսնելու կարողությունը:

 

Ամենքս էլ դիմում ենք Աստծուն ամեն օր՝ ամեն պատահած խնդրանքով: Արդյո՞ք մեր խնդրանքներից առաջինը Նրա անվան սրբաբանումն է: Քիչ կամ հազվագյուտ դեպքերում է այդպես: Իրականում մարդիկ մտածում են սեփական կարիքների ու խնդրանքների մասին՝ աղոթքներում առաջնային ու կարևոր համարելով միայն դրանք:

 

Աստված անուն ունի՞: Երբ Մովսեսն Աստծուն հարցրեց Նրա անունը, Աստված նրան պատասխանեց «Ես այն Աստվածն եմ, որ Է»: Այսկերպ և՛ հաստատեց Իր՝ անուն ունենալը, քանի որ, ըստ էության, տվեց Իր անունը, և՛ հերքեց, քանի որ ըստ էության չասաց ոչ մի անուն: Չկա Աստծո նման որևէ մեկը, որպեսզի կարիք լիներ տարբերակել անվամբ, չկա որևէ անուն, որ կարտահայտի Աստծո ով լինելը: Չէ՞ որ անունն ինքնին սահմանափակում է, իսկ Աստված անսահման է:

 

Միաժամանակ Տասնաբանյա պատվիրաններում ևս հիշատակվում է Աստծո անվան մասին. «Քո տեր Աստծո անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում» (Ելի. 20:7): Աստված անուն չէ, և այս երկու պարագայում էլ անվան մասին հիշատակելով՝ նկատի է առնվում Նրան, Նրա էությունը: Եվ Աստծո անվան մասին խոսելով՝ առնվազն միամտություն դրսևորած կլինենք:

 

Մեր կյանքում Աստծո անվան սրբացումը պետք է առաջին հերթին մեզ՝ քրիստոնյաներիս: Այսօր կառուցվում ու քանդվում, սրբացվում ու պարսավանքի են ենթարկվում մի շարք կերպարներ, սակայն Աստված մեկն է, իսկ Նրա անունը՝ մշտապես սուրբ:

 

Փորձենք լինել արժանի մեր Տեր Աստծուն, փորձենք մեր կյանքի մեղավոր ընթացքով բիծ չթողնել Նրա սուրբ անվան վրա, և ամեն անգամ աղոթքի կանգնելիս էլ առաջին խնդրանքը թող լինի նույնը՝ «Սուրբ եղիցի անուն քո»:

 
  • 2022-02-08
×