Երկու որդիների առակը

Երկու որդիների առակը

Հիսուս խոսքի բռնվելով հրեա քահանայապետերի ու ծերերի հետ, բացատրում է նրանց, որ երկնքի արքայությունը պետք է վերցվի նրանցից և տրվի ուրիշներին և այդ ուղղությամբ երեք առակ է պատմում, որոնցից մեկը երկու որդիների առակն էր:

 

Հիսուս պատմում է, որ մի մարդ ուներ մի այգի և երկու որդի: Մի օր հայրը մոտենում է իր անդրանիկ զավակին և ասում.

 

-Որդյա՛կ, գնա ՛ այսօր աշխատիր այգում:

- Գնում եմ, տե՛ր, - ասում է տղան, սակայն չի գնում աշխատանքի:

Հայրը մոտենում է մյուս որդուն և ասում .

-Որդյա՛կ, գնա՛ այսօր աշխատիր այգում:

- Չեմ ուզում գնալ, - պատասխանում է տղան, սակայն հետո զղջում է և գնում աշխատելու:

Հիսուս դառնալով իրեն շրջապատող ժողովրդին, հարցնում է.

-Արդ, երկու որդիներից ո՞վ կատարեց հոր կամքը:

- Վերջինը, - պատասխանեցին նրանք:

 

Այգին Աստծո եկեղեցին է: Այգում գործելը՝ այն ծառայությունն է, որ Աստված ուզում է, որ մարդիկ գործեն այդ բնագավառում: Առաջին տղայի խոսքը փարիսեցիների և դպիրների խոսքն էր, որոնք ասում էին, թե հնազանդ էին Աստծուն, տալիս էին դրական պատասխան, սակայն իրականում չեն գնում գործելու այգու մեջ:

 

Երկրորդ տղայի պատասխանը մեղավորների, մաքսավորների և հեթանոսների խոսքն էր, որոնք սկզբում մերժում, սակայն հետո հասկանում, զղջում և ընդունում Աստծո այգում ծառայելու պարտականությունը: 

 

Աստված հավատում է մեզ: Սա ենթադրում է պատասխանատվություն̀ Աստծո կամքը կատարելու և Տիրոջը ծառայելու: Քրիստոսի պատգամները հրամաններ չեն, այլ աստվածային հայտնություններ այն մասին, թե ինչպիսին կարող է լինել մարդը:

 

Մարդը Աստծո աշակերտը չէ միայն, այլև բարեկամը, հավատարիմ բարեկամը: Լինել քրիստոնյա նշանակում է Քրիստոսի հավատարիմ բարեկամը լինել: Եթե վաղ շրջանում  մարդիկ հանուն Քրիստոսի նահատակվում էին ու այդ կերպ էին արտահայտում իրենց հավատարմությունն ու սերը, բարեկամությունը, ապա այսօր, բարեբախտաբար, նման խնդիր չկա: Բայց այսօր էլ արդիական է այն հարցը՝ դու Քրիստոսի հե՞տ ես, Աստծո կամքը կատարո՞ւմ ես, թե ոչ: Եվ արդյո՞ք կարող ենք հավատարիմ լինել մինչև վերջ:

 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×