Հիսուսի քարոզների գլխավոր նյութերից է երկնքի արքայությունը, որը բացատրելու համար Քրիստոս պատմում էր բազում առակներ, որոնցից մեկն է՝ Մշակների առակը:
Երկնքի արքայությունը նման է մի տանուտերի՝ որ առավոտյան ելնում է իր այգու համար մշակներ վարձելու: Եվ մշակների օրավարձը մեկ դահեկան սակարկելով՝ ուղարկում իր այգին ու երրորդ ժամի մոտ դուրս ելնելով տեսնում է ուրիշներին պարապ կանգնած հրապարակում և ասում նրանց . «Դո՛ւք էլ գնացեք իմ այգին և ինչ որ արժան է կտամ ձեզ»: Եվ նրանք նույնպես գնացին: Տանուտերը նույնն արեց նաև ժամը վեցին և իննին:
Երեկոյան, երբ լրանում է աշխատանքի ժամը, այգու տերը բոլորին վճարում է հավասարապես̀ մեկ դահեկան: Ավելի երկար աշխատած մշակները սկսեցին տրտնջալ և ասացին տանտիրոջը . «Դրանք՝ այդ վերջինները, մեկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հավասար արեցիր մեզ, որ տարանք օրվա ծանրությունը և տոթը»:
Այգու տերը պատասխանեց նրանց. «Ձեզ չեմ զրկում, չէ՞ որ ինձ հետ մեկ դահեկան սակարկեցիք… այս վերջիններին կամենում եմ տալ որքան և ձեզ. միթե իրավունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարվելու, ինչպես կամենում եմ: Կամ թե՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»:
Երկնքի արքայությունը եկեղեցին է, որտեղ ուշ կամ շուտ կանչվածներն ունեն հավասար իրավունք: Ցուցակի մեջ՝ վերջին անհատներն ունեն նույնքան իշխանություն, իրավունք, որքան առաջին շարքերի վրա գրանցվածները: Նույնը՝ Աստծո արքայության մեջ, ուր Աստծո այգում աշխատող բոլոր հավատացյալներն ու փրկվածները վարձահատույց կլինեն հավասարապես:
Առաջին գործավորները գործել էին վարձի համար, իսկ հաջորդները հիմնվել էին խոստումի վրա: Ռոճիկի համար գործողը կստանա իր արդար վարձը, սակայն, ով որ վստահելով Տիրոջ խոստումին մտնի նրա այգին գործելու, թեպետ ուշ, բայց կստանա իր արժանի վարձը՝ առաջիններին հավասար:
Ընտրվածների դիրքն ու պաշտոնը եկեղեցում բնականաբար ավելի բարձր է լինելու, քան սովորական մարդկանց պաշտոնն ու պատասխանատվությունը: Սակայն նրանք վարձահատույց են լինելու հավասարապես:
Առակում հիշված տարբեր ժամերն են մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը, չափահասությունը և ծերությունը: Իսկ Աստծո շնորհի մեջ ոմանք հաստատվում են շուտ, ոմանք էլ ուշ, սակայն բոլորն էլ ստանում են հավասար հատուցում:
Արմեն Չաքմիշյան