Մի տանուտեր այգի է տնկում, ցանկապատում այն, նրա մեջ հնձան փորում և աշտարակ կառուցում, ապա այն հանձնում մշակներին և երկար ժամանակով գնում մի հեռու երկիր:
Երբ հասնում է պտղի հասնելու ժամանակը տերը մշակների մոտ ծառա է ուղարկում, որ առնի այգու պտուղներից իր բաժինը, սակայն մշակները ծառային ծեծում են ու ձեռնունայն ազատում:
Այնուհետև տերը ուղարկում է մի ուրիշ ծառա, որին նույնպես մշակներն արժանացնում են նույն ճակատագրին: Այս ամենից հետո տերը ուղարկում է երրորդ ծառային, ում ևս մշակները ծեծում են, վիրավորում ու դուրս շպրտում այգուց:
Այգու տերը վերջում իր միակ որդուն է ուղարկում մտածելով. «Ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերևս նրանից պատկառեն»: Երբ մշակները տեսնում են որդուն, միմյանց հետ խորհրդակցում են ու ասում. «Ահա ժառանգը գալիս է . սպանե՛նք նրան, որպեսզի ժառանգությունը մերը լինի»:
Այս առակում այգուտերն Հայր Աստված է, այգին՝ հրեա ազգը, իսկ չար մշակները՝ ժողովրդի անբարեխիղճ առաջնորդներն ու կրոնական վարդապետները:
Աստված ընտրեց հրեային՝ որպես իր ժողովուրդ, և տվեց նրան օրենք ու հայրենիք: Նրանք ունեին Աստծո իշխանությունը. նրանք արքայության զավակներ էին: Ուխտեցին հնազանդ ու հավատարիմ մնալ, սակայն չպահեցին իրենց խոստումը:
Աստված ուղարկեց իր ծառաներին՝ նրանց ուղղելու համար, և ազգից պահանջում էին՝ հնազանդություն, հավատք, վեհանձնություն, ազնվություն, սիրո և ապաշխարության պտուղ, սակայն նրանք հալածեցին ու սպանեցին Աստծո մարգարեներին:
Աստված ի վերջո ուղարկեց իր Որդուն, սակայն նրան նույնպես սպանեցին, ինչպես չար մշակները այգետիրոջ որդուն: Երկար ժամանակը՝ երկու հազար տարին է, որ նշում է՝ Հայր Աբրահամից մինչ Քրիստոս, երբ հրեաները կառավարվեցին իրենց օրենքներով:
Հիսուս այս առակով նշում է, որ հրեաները գործել էին այգետիրոջ կամքի հակառակ: Հետևաբար, Աստված այդ առանձնաշնորհումները վերցնելու էր նրանցից և տալու էր մի ուրիշ ազգի՝ հեթանոսներին, որ ժառանգելու էր Աստծո արքայությունը և արդարության պտուղ էր տալու:
Միևնույն ժամանակ Հիսուս կանխատեսում էր նաև իր մահը և հրեաներին զգաստացնելու համար շեշտում է ոճրի դառնությունն ու սաստկությունը: Հիսուս իրեն ներկայացնում է իբրև Աստծո Որդի, ով ավելի բարձր էր քան մարգարեները:
Արմեն Չաքմիշյան