Ոչ մի դեպքում քեզ համար կուռքեր չշինես

Ոչ մի դեպքում քեզ համար կուռքեր չշինես

Կռապաշտությունը անմիջականորեն կապված է մարմնական ու նյութական աշխարհի գայթակղությունների, ինչպես նաև մարդու՝ այդ ամենին դիմադրելու անկարողության հետ:

 

Հասկանալով, թե ինչ է կռապաշտությունը, տեսնում ենք, որ այն ավելի խոր և լայն հասկացություն է: Չնայած որ այսօր, բառի ուղիղ իմաստով, կռապաշտությունը մերժված իրողություն է, սակայն առօրյա կյանքում այն լայնորեն դրսևորվում է:  Պարզվում է, որ այս պատվիրանը խախտում ենք այն դեպքում, երբ որևէ մեկին կամ ինչ-որ մի բան Աստծուց առավել ենք սիրում, կամ որևէ հետաքրքրություն մեզ ընդհանրապես մոռացնել է տալիս Աստծուն: Այն, ինչ մարդկային սրտում զբաղեցնում է Աստծո տեղը, համարվում է կուռք, անկախ այն բանից` մարդն այդ գիտակցում է, թե ոչ: 

 

Անապատում Հիսուս չարի կողմից ենթարկվեց երեք փորձությունների, որոնցից մեկի ժամանակ չարը, իրեն երկրպագելու դիմաց, Հիսուսին խոստացավ  աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը: Իսկ մեր Տերը հաղթեց չարին՝ մեջբերելով Օրենքի գրքում գրվածը. «Քո Տեր Աստծուն պիտի պաշտես և միայն Նրա՛ն ծառայես» (Բ Օրենք 6.13):

 

Կռապաշտության մի տեսակ է նյութի պաշտամունքը կամ նյութապաշտությունը:   Մեկի Աստվածն իր փողն է, փողը նրա համար գերագույն և առաջնային նպատակ է: Այդպիսինները իրենց ողջ ժամանակը հատկացնում են հարստություն կուտակելուն և կարևորություն չեն տալիս հոգևոր արժեքներին: Նրանց սրտերն առավել կապված են դրամին, քան Աստծուն: Դրամն ինքնին չարիք չէ, այլ դրան գերի դառնալը, այն չար ճանապարհներով ձեռք բերելն ու չարիքին ծառայեցնելն է մեղք: 


Մեկ ուրիշի համար Աստված է դառնում փառքը, պատիվը: Շատերն էլ վախից ճակատագիրն են Աստված դարձրել և դողում են նրա առաջ, կարծես թե երկնքում Աստված չկա:


Իսկ գուցե ամեն պահին է մարդ իր համար կուռք ստեղծում`ամենամեծ կուռքը դարձնելով իր «ես»-ը, որն ամեն բանից բարձր է դասում: Այդ դեպքում իր «ես»-ի շուրջ է պտտվում ամեն մտածում, խոսք, ջանք, գործ և ինչու չէ` ամբողջ աշխարհը:

 

Պատահական չէ, որ Հիսուս տասը պատվիրաններն ամփոփեց մեկ պատվիրանի մեջ. «Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ և սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես»: Սիրո պատվիրանն է, որ կօգնի մեզ բացահայտելու ու ճանաչելու Տիրոջը: Քանի որ սիրով է հնարավոր մեր կյանքում ամեն բանից առաջ հավատալ ու վստահել կենդանի Աստծուն: 

 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×