Բղջախոհությունը յոթ մահացու մեղքերից մեկն է: Այն անմաքուր և անպարկեշտ, ցանկական մտքեր ունենալն է: Այս մեղքը ծնում է անամոթ հայացքներ, անպատկառություն ու անպարկեշտ խոսքեր, որոնք կարող են ապականել մարդու թե՛ մարմինը և թե՛ հոգին:
Անմաքուր մտքերի, ցանկությունների առաջացմանը նպաստում են շատ հանգամանքներ. համացանց, հեռուստատեսություն, ժամանակակից գայթակղություններ: Ամենուր հանդիպող գայթակղիչ տեսարանները մարդուն դարձնում են զգացմունքային՝ թուլացնելով բանականության ուժը, զրկելով նրան ինքնուրույն և սթափ մտածելու կարողությունից: Անմաքուր այս աշխարհից վատ մտքերը անարգել ներխուժում են դեպի մարդու միտքը, և եթե չեն կասեցվում, հիմնավորվում են`վերածվելով կպչուն մտքի, խոսքի և գործի: Դրա հետևանքով միլիոնավոր մարդիկ այսօր բղջախոհության սարդոստայնում են`զրկված աստվածատուր ազատությունից: Պողոս առաքյալն այս մասին ասում է. «Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք, նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 5.13-14):
Մարմնի մաքրությունն անմիջական կապ ունի հոգու մաքրության, այսինքն`մտքի մաքրության հետ: Երբ մարդու միտքը պիղծ է, նրա հոգևոր կյանքն էլ մաքուր չէ: Ամեն ինչ սկսվում է մտքից, ինչպես Քրիստոս Ավետարանում մեզ ասում է, որ եթե նույնիսկ շնության մասին մտածես, դա էլ է մեղք: Քրիստոս սովորեցնում է մի պարզ ճշմարտություն․ ցանկացած մեղքի արմատ մտքի մեջ է: Եթե մեր մեջ ծնվում են վատ մտքեր, մենք պետք է աղոթենք և սկսենք փոխարինել դրանք աստվածահաճո մտքերով՝ նորոգելով հավատը մեր մեջ։
Արմեն Չաքմիշյան