\Ջանասիրությունը ոչ միայն մարդկային կամքի դրսևորում է, այլև առաքելություն, որ տալիս է հնարավորություն՝ բացահայտելու աստվածային շնորհները: Այն մարդկային պայքարի դրսևորում է, ինչն ամենակարևորն է յուրաքանչյուրիս կյանքում:
Բոլորիս է հայտնի, որ ծուլությունը մեր ամենամեծ թշնամին է, իսկ ջանասիրությունը և փութաջանությունը ստեղծարար առաքինություն: Շատերի կործանման իրական պատճառը դարձել է ծուլությունը, քանզի ծուլությամբ լցված մարդը միշտ ձգտում է վայելքների և իմաստությամբ իր ժամանակը չկառավարելով՝ տանում է դեպի կործանում: Եկեղեցու հայրերը խրատում են լինել ջանասեր, քանզի նրանք իրենց օրինակով նույնպես ապրեցին՝ անդադար պայքարելով մեղքի և չարիքի դեմ: Աստված իր ծառաներին պատվիրեց մշտապես լինել ջանասեր և գործել: Քանզի չպայքարող մարդը չի կարող ճշմարտապես սիրել, որովհետև սիրել նշանակում է գործել, ջանք թափել:
«Ոչ մի րոպեն ծուլությանը մի՛ զոհիր: Սիրի՛ր աշխատանքը, մարմնավոր աշխատանքը սրտին մաքրություն է տալիս» (Անտոն Անապատական,«Խրատանի ապաշխարություն» ժողովածուից):
Աստված իր ստեղծած մարդուն բնակեցրեց բերկրության դրախտում, որը գեղեցկատեսիլ էր և առատ ամեն ինչով: Թվում էր, թե անելու ոչինչ չի լինի, բայց Աստված պատվիրեց առաջին մարդուն, որ աշխատի, մշակի և պահպանի այն: Անգամ դրախտում Աստված աշխատելու պատվեր տվեց:
Ջանասիրության շատ օրինակներ կարող ենք գտնել Աստվածաշնչից: Ս. Հովհան Ոսկեբերանը «Խրատանի ապաշխարության» ժողովածու գրքում օրինակ է բերում Ս. Պողոս առաքյալին, որն անդադար աշխատում էր ոչ միայն ցերեկն, այլևգիշերը: Սա ի հայտ է բերում՝ ասելով. «Եղբայրներ, հիշեցեք մեր վաստակը և ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք» (Ա Թեսաղ. 2.9): Հաճույքի և հոգևոր հանգստի համար չէ, որ նա աշխատում էր, ինչն անում էին եղբայրներից շատերը, այլ այնպիսի ջանք էր թափում աշխատանքի ժամին, որ օգնում էր նաև ուրիշներին:
Մարդու իրական պատիվն ու արժանապատվությունը բացահայտվում է ջանասիրությամբ, ազնիվ պայքարով: Քրիստոնեության մեջ ջանասիրությունը կարևոր է նաև սեփական ես-ի դեմ հոգևոր պայքարում, երբ նպատակդ գայթակղություններից, չարից ազատվելն է և ինքնամաքրման հասնելը:
Արմեն Չաքմիշյան