Տարվա առաջին օրն է
Տարեմուտի խորհուրդը մեզնից շատերն են մեկնաբանում որպես «նորի սկիզբ», «հնի ավարտ»։ Արդյո՞ք իրականում հնարավոր է ժամացույցի զարկերից վայրկյաններ առաջ մտածել մի կերպ, ունենալ մի աշխարհայացք, իսկ վայրկյաններ հետո, լսելով ժամացույցի զարկերը, վերափոխվել և դառնալ «նոր», «ուրիշ»։ Անշուշտ, անհնար է։ Սակայն տարեմուտը նախ և առաջ պետք է հասկանալ ոչ այնքան որպես բացարձակ նոր և հնի ավարտ, այլ՝ հնի շարունակություն՝ սխալները սրբագրելու հնարավորությամբ։
Նախորդ տարում մենք շատ սխալների բախվեցինք, մեր աչքերի առաջ փշրվեցին մեր նվիրական երազանքները, կորսվեցին երիտասարդ կյանքեր, հայրենի հող․․․ Գալիք տարի, սակայն, պիտի մուտք գործենք ոչ թե այնպես, ասես այս ամենը չի պատահել, այլ մեզ հետ կատարվածի ողջ լրջությունը, պատասխանատվությունը գիտակցելով՝ պատրաստ անդադար սրբագրելու, շտկելու, արդար աշխատանքով, ջանքով ու եռանդով կորցրածը ետ բերելուն ուղղված քայլեր կատարելու։ Գտնենք մեր մեջ ուժը զղջման, ապաշխարության և աղոթքի համար։ Հիշենք՝ անգամ մեր Փրկիչը Հարություն առավ միայն մեռնելուց հետո՝ անգամ իր հետ այս կատարվածով սովորեցնելով, թե «մինչև չմեռնես, հարություն չպիտի առնես»։ Գտնենք մեր մեջ ուժը մեր մահն ընդունելու, որպեսզի գնանք դեպի լույսը, դեպի զարթոնքը և դեպի կյանքը։ Այս վերջինները ի՞նչ են, եթե ոչ անդադար, քրտնաջան աշխատանք, եթե ոչ արարում, արարելու ձգտում, եթե ոչ բարիք՝ գործված մերձավորի հանդեպ։
Թող տարեմուտը հնարավորություն լինի մեզ համար, որպեսզի բացենք մեր աչքերը և մեր հայացքն ուղղենք աստվածայինին։ Թող այն լինի հնարավորություն՝ մեր աշխատանքով, մեր գործով շտկելու եղած սխալները, լինի հնարավորություն, որպեսզի գործենք բարիք։ Որպեսզի քաջություն ունենանք դառնալու դեպի Տերը՝ անառակ որդու այն խոսքերով, թե․ «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու» (Ղուկ․ 15։21)։ Այս դեպքում, երբ կօգտվենք մեզ տրված մի հնարավորությունից, որ այսօր անվանում ենք տարեմուտ, և մեր ձեռքը կպարզենք դեպի Աստված՝ օգնության ակնկալիքով, կամ մեր մտքերը կուղղենք առ Տերը, անպայմանորեն կլսենք Հոր երանելի խոսքերը․ «Իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ․ 15։24)։