Բախվելով որևէ ցավալի իրողության՝ ինքներս մեզանից փորձում ենք հեռու վանել երբեմն անգամ մեր սեփական վիշտը՝ ասելով, թե այդկերպ կհաղթահարենք։ Ի՞նչ ենք, սակայն, իրականում անում։
Իրականում վիշտն ու փորձությունը մեզնից հեռու վանելով՝ վարվում ենք թույլի պես, մինչդեռ մեր հավատքի մեջ առավել ամրանալու, մեր կյանքում նոր գործեր սկսելու և շատ երևույթներ վերարժևորելու համար պիտի քաջություն ունենանք՝ այդ վիշտն ապրելու։ Վիշտն ապրելու քաջությունը լի է նաև մխիթարությամբ, որ ամենակարևորն է այս հարցում։ Աստվածաշնչում մխիթարության մասին կարդում ենք հետևյալը․ «․․․Որովհետև ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նույնքան և Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն էլ առավել կլինի. քանզի, եթե նեղություն ենք կրում, այդ ձեր մխիթարության և փրկության համար է: Եվ եթե մխիթարվում ենք, այդ ձեր այն մխիթարության համար է, որ համբերությամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով և մենք ենք չարչարվում» (Բ Կոր․ 1։ 5-6):
Ցավը, այո՛, պետք է սգալ։ Այդ սուգն է, որ տանելու է մեզ մխիթարության, բարիք գործելու և վերարժևորումների, որոնք հետագայում մեր ողջ կյանքի համար կարող են իսկապես որոշիչ լինել։ Սգի մեջ կա հույս։ Այդ հույսն է, որ ապրեցնում է, և փախչելով սգից և վշտից՝ մեզնից հեռու ենք վանում նաև այդ կենսատու հույսը։
Մինչդեռ կարող է թյուրըմբռնում լինել այս հարցում, և մարդիկ կարող են կարծել, թե այս ասելով՝ Աստվածաշունչը մղում է մարդկանց անդադար ողբի և լացի։ Սակայն պետք է հիշել, որ անդադար ողբի մեջ չկա այն հույսը, որ կա քաջությամբ փորձությունը հաղթահարելու և միաժամանակ սգալու մեջ։ Անհույս ողբը կործանում է մարդուն՝ թողնելով նրան ճահիճի մեջ՝ խորտակելով և ոչ մի լուծում, օգնություն չառաջարկելով։ Եվ պետք չէ կարծել, թե պետք է ողբալ մեր դժբախտությունները, շարունակ մեղադրել Աստծուն` դրանք հենց մեզ բաժին դարձնելու համար։ Ո՛չ։ Պետք է քաջությամբ ընդունել փորձությունը, երես չթեքել Աստծուց, չկտրել մեզ մեկնված օգնության ձեռքը, վառ պահել հույսը, և ոչ թե փորձել մոռանալ կամ բթացնել վիշտը, այլ շարունակ հիշել այն՝ աղոթելով, արարելով ու հուսալով։ Այսկերպ է, որ անվնաս կհաղթահարենք մեզ բաժին հասած մեծ փորձությունները։