Այս պատերազմական օրերին հաճախ են լինում առիթներ, երբ մտաբերում ենք մեր նախկին կենցաղը, որ ապրում էինք հարաբերականորեն խաղաղ օրերին: Այժմ, սակայն, երազում ենք ապրել նման կենցաղով՝ լի առօրյա հոգսերով, առօրյա խնդիրներով: Սակայն մի պահ հիշենք նաև, որ այդ սովորական թվացող օրերին էլ միշտ գտնում էինք մի բան՝ դժգոհելու համար, մի պատճառ, որ մեզ կտխրեցներ, կխաթարեր մեր խաղաղությունը:
Հորինված պատճառներն, այո՛, մեծ դեր ունեն մեր կյանքում: Մեր հոգիները չափազանց զգայուն են դառնում ամեն աննշան հարցի հանդեպ, երբ չունեն առաջնային և կարևոր խնդիր, որ պետք է լուծել: Մենք հեշտ ենք կորցնում մեր խաղաղությունը և դժվարությամբ վերագտնում այն: Հեշտորեն ենք չարանում մեր ազգակցի նկատմամբ՝ նրա գործած չնչին ու անզգույշ քայլերից: Մտածված չարությանը հաճախ պատասխանում ենք չարությամբ՝ մոռանալով աստվածաշնչյան պատգամը, թե. «Եթե թշնամիդ քաղցած է, կերակրի՛ր նրան, եթե ծարավ է, ջո՛ւր տուր խմելու, քանզի այդպես անելով՝ դու նրա գլխին կրակի կայծեր կդիզես, և Տերը քեզ պիտի բարություն հատուցի» (Առակ. 25:21-22): Մոռանալով, որ միակ Դատավորն Աստված է, իսկ մեզ պատվիրված է սիրել ամենքին. չէ՞ որ մեր ազգակիցներից, արյունակիցներից, ընկերներից որևէ մեկը սխալվելով կամ չարիք գործելով մեզ պատերազմ չի հայտարարում:
Այս ամենից խաթարվում է մեր ներքին խաղաղությունը, որ չափազանց թանկ է, քանի որ հենց ներքին խաղաղության պահին է, որ ավելի շատ ենք մոտենում Աստծուն: Ուրեմն՝ ինքներս մեզ հարցնենք՝ ինչո՞ւ եմ խաղաղությունն արժևորում միայն պատերազմի ժամանակ, ինչո՞ւ բարձր չգնահատեցի այն, ինչ տրված էր ինձ, ինչո՞ւ խաղաղությունը Տիրոջ շնորհիվ իմ կյանքում ունենալն ինձ սովորական ու բնական թվաց:
Եվ այս հարցերին ինքներս մեզ համար պատասխանելով՝ մշտապես՝ անգամ մեր խաղաղ օրերում հղենք իրար միևնույն մաղթանքը՝ խաղաղություն: Փորձենք պահպանել այն, ինչ տրված է Աստծուց: Եվ ևս մեկ անգամ գնահատենք Եկեղեցու հայրերից մեզ դարերով տրված պատգամը՝ խաղաղություն ամենեցուն: