Հայերիս միությունը մեր գոյության զրահն է, հայոց բանակը՝ մեր մարմինը: Երբ այն ներքնապես առողջ է, արտաքին մարտահրավերները դառնում են հաղթահարելի: Նահատակված զինվորների հիշատակը ազգ և բանակ միասնության շաղախն է, ներդաշնակ գործակցության խթանը և ուժը: Երկնաբնակ մեր զավակների հորդորը զգոնության կոչնակ է: Այն հնչում է ամենուր՝ մեր հոգիներում և էության մեջ. «Չլինի թե մեր մահով շահածը ձեր կյանքով կորցնեք»:
«Նահատակք պանծալիք» և «մարտիրոսք ցանկալիք»՝ ձեր անլռելի կոչը խթան է ինքնամաքրմա՛ն և հավաքականությա՛ն: Ա՛զգ և բանա՛կ, մե՛կ մարմին, մե՛կ հոգի, մեկությո՛ւն, մե՛կ անքակտելի միություն: Ա՜յս է ներկայիս հրամայականը: Եկեք նույնանա՛նք հավաքապես: Այս դեպքում միայն, ինչպես մեծն Թումանյանն է ասում. «Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել հայ ազգի հավերժ լույսին ձգտող հզոր ոգին»:
Սիրելի՛ զորականներ, դուք այն նվիրյալ զինվորներն եք, ովքեր իրենց կյա՛նքն են ընծայաբերում, ովքեր հավատարիմ են տված երդմանը, կոչմանն ու հայրենիքի պաշտպանության առաքելությանը: Դուք դեմ հանդիման հանդիպել եք մահվան հետ, կորցրել զինակից ընկերներին, սակայն չեք ընկրկում: Նահատակ ընկերների արյան կանչը տոգորել է ձեզ, խթանել՝ առավել քան վճռական լինել Հայրենիքին ինքնաընծայաբերվելու համար: Մենք հպարտանում ենք ձեզանով, ձեր քաջասրտությամբ և աննկուն կամքով:
Մեր խոնարհումն ու երախտիքն ենք բերում նաև հայոց մայրերին՝ քաջարի զավակներ ծնելու և նրանց հայրենիքին անվերապահորեն նվիրաբերելու համար:
Թող Բարեխնամ Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի մեր զինվորներին, պարգևի նրանց ուժականություն, կյանքի կորով և պայքարելու ձգտում՝ Հայրենքի պաշտպանության սուրբ գործի համար:
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ