Գիտե՞ք, կյանքն ակնթարթ է: Կյանքն այն չէ, որն ընկած է ծնունդից մինչև մահ ժամանակահատվածում: Կյանքն այն ակնթարթն է, երբ արդեն շունչդ կտրվել է, սիրտդ այլևս չի բաբախում, արյունդ սառել է երակներիդ մեջ, բայց դու հենց այդ պահին ես գիտակցում, որ դու ապրում ես, այդ պահին ես զգում անգամ մեկ վայրկյանի զորությունն ու շոշափում հոգիդ: Եվ այդ պահին հանկարծ զգում ես, թե ինչպես է ներսդ լցվել սիրո աննկարագրելի ջերմությամբ, սեր, որը մինչ այդ հենց այն գլխավոր ուժն էր, որը ստիպում էր քեզ շարժվել, չվախենալ, չսարսափել, այլ անձնուրաց կերպով միայն առաջ վազել, չլսել ըներներին, ովքեր այդ պահին կանչում են, զգուշացնում վտանգի մասին, ովքեր անճարությունից արդեն հագուստն են պատռում` զգալով, թե մի քանի րոպեից ինչ է կատարվելու, բայց դու վազում ես, դու սլանում ես առաջ, որովհետև այնտեղ` թիկունքում, քո սերն է, որը քեզ առաջ է տանում ու ստիպում պայքարել, հաղթել մահվան երկյուղն ու միայն առաջ վազել:
Սեր անհասկանալիին, բայց կյանքի ողջ իմաստին երբեք չես տեսնում, սակայն այն կլանում է քեզ ամբողջությամբ, դառնում քո էությունը և քո արյան կանչը, անմիջապես դառնում է տեսանելի, քանզի հենց քո միջոցով մարմին է առնում ու քեզ մղում մի այնպիսի քայլի, որն առանց սիրո երբեք չէր իրագործվի:
Բայց այս վեհությունն ունի, ավաղ, մի ոչ պակաս անհասկանալի բարեկամ, որ միշտ թաքնված է «մահ» անվան տակ: Սեր և մահ. երկու թշնամի՞, թե՞ երկու բարեկամ... չգիտեմ... բայց արի ու տես, որ այս երկուսի պսակն է դառնում աղբյուրն Անմահության:
Այս երկու անհասկանալիները միշտ ձեռք ձեռքի տված գտնում են նրանց, ովքեր իրենց երբեք չեն փնտրել, և գտնելով իրենց զոհերին՝ մխրճվում են նրանց կյանքով լեցուն սրտերի մեջ ու միաձուլվելով՝ լույս աշխարհ բերում այն հիմնաքարը, որն իր վրա կրելու է Անմահության հավիտենական փառքը։
Եվ այս երկուսի հանդիպման վայրը գրեթե միշտ դաշտն է պատերազմի:
Պատերա՛զմ. ամեն անգամ այս բառը հնչեցնելիս սկսում ես գիտակցել, որ ներկա ես լինելու մի խորհրդավոր պսակի` սիրո և մահվան պսակի: Եվ չկա ավելի ողբերգական, բայց միևնույն ժամանակ քաղցր պսակ, քանզի այն այդ պահին սաստիկ ցավ պատճառելով խոցելու է բազում մայրերի, հայրերի, քույրերի ու եղբայրների սրտեր, բայց նաև դառնալու է սկիզբը նոր կյանքի, որտեղ այլևս արցունքները պետք է լինեն երջանկության, իսկ պսակն էլ` միայն ուրախության:
Խոսքերս խաղաղ օրերին գուցե հնչեին չափից դուրս վերացական ու անհասկանալի, բայց հիմա, ի՛մ բարեկամ, դու կարդում ես գրությունն այս հենց խորհրդավոր պսակի ժամանակ, որտեղ Հայ Զինվորն ամբողջությամբ դարձել է անձնուրաց սիրո կերպար և հաղթելով մահվան երկյուղը` չի վախենում նրա հետ միասին մոտենալ Սուրբ Խորանին: Հոգնած, գուցե քաղցած ու ծարավ, անքնությունից ծանրացած կոպերով, դառնացած, բայց միևնույն ժամանակ թիկունքում գտնվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Սրբազան Հայրենիքի և հարազատների հանդեպ անսպառ սիրով պարուրված սրտով շարունակում է արծվի թևերով միայն առաջ սլանալ և առյուծի ուժով թշնամուն ոչնչացնել` չզիջելով անգամ սուրբ հողից մի փշրանք, որը ներկված է արյունով իր պապերի ու արդեն նաև եղբայրների:
Եվ կապ չունի դաշտում ենք մենք այս պահին պատերազմի, թե մի խաղաղ անկյունում Մայր Հայրենիքի, մենք արդեն բոլորս դարձել ենք զինվորը Քրիստոսի ու խոսքերն այս խորթ չեն հնչի այն սրտի համար, ով զգում է, որ հանուն Եկեղեցու և Հայրենիքի ինքն էլ է պատրաստ մահվանը հետ մոտենալ: Նույնիսկ մի պահ, երբ սովորական դարձած մղձավանջից թվա, թե ուժերդ լքել են քեզ, բավական է մեկ հայացք գցես ասես հենց քեզ նայող վեհությանը` Սուրբ Եկեղեցուն, միանգամից կհավաքվես ու կհասկանաս, որ թույլ չես, իրավունք էլ չունես թույլ լինելու, որ պարուրված ես սիրուց բխող անսպառ ուժով, որը քեզ ցանկացած պահի կմղի դաշտը պատերազմի` պատրաստակամ նույն դաշտն իջած այն անհասկանալիի հետ հանդիպման, որի հետ հանուն Եկեղեցուդ, Հայրենիքիդ ու հարազատիդ Իր մեջ ամփոփող Քրիստոսի կմոտենաս Սուրբ Խորանին` դնելով հիմնաքարն Անմահության և նորոգված կյանքի:
Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ