Ինձնից բացի ուրիշ աստվածներ չունենաս

Ինձնից բացի ուրիշ աստվածներ չունենաս

Յուրաքանչյուրիս հոգևոր կյանքի նպատակը երկնքի արքայությանն արժանանանալն է: Թեև այդ ճանապարհին խոչնդոտներն ու գայթակղությունները շատ են, սակայն Աստված Իր սիրով մեզ ոչ միայն փրկության ճանապարհը ցույց տվեց, այլ տվեց այդ խոչնդոտները հաթահարելու զորություն՝ Իր սերը:  Փրկության հասնելու ամենակարևոր ճանապարհը Տիրոջ պատվիրանների կատարումն է:  Իսկ այդ պատվիրանների մեջ հատուկ նշանակություն ունի սիրո այս օրենքը. «Ես եմ քո Տեր Աստվածը, ինձնից բացի ուրիշ աստվածներ չունենաս»: Տասնաբանյայի այս պատվիրանն իր մեջ պարունակում է Հիսուս Քրիստոսի՝ մեզ սովորեցրած «ամենամեծ» պատվիրանը` «Պիտի սիրես Տիրոջը` քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ» (Մարկոս 12:30):

 

Աստված սիրով է ներկա մեր կյանքում: Եթե մարդ սեր չունի իր մեջ, ուրեմն չունի նաև Աստծո ներկայությունը: Տերը զգուշացնում է, որ այլևս չի կամենում մեր զոհերը, որովհետև մեր զոհերի մեջ սեր չկա: Կամենում է ողորմություն, կարեկցանք, որովհետև ողորմությամբ ենք նմանվում Աստծուն:

 

Կարևոր է հասկանալ՝ որևէ բան մեր կյանքում չի կարող փոխարինել Աստծուն առաջին հերթին այն պատճառով, որ Աստված սեր է, ու Տիրոջ սերը բարձր է ամեն բանից:
Այս պատվիրանը հիշեցնում է, որ պետք է պաշտենք Արարչին, այլ ոչ թե արարածներին: Աստծո նկատմամբ իրական սերն է հանդիսանում ոչ միայն առաջին, այլ նաև մյուս պատվիրանների կատարման գրավականը: Ուստի մեր հայացքը պիտի ուղղենք առ Աստված և փնտրենք Տիրոջը, Նրա կամքը, զորությունն ու սերը:

 

Հովհաննես առաքյալն ասում է, որ «Աստված սեր է» (Ա Հովհ. 4:8): Այդ սիրուն հաղորդակից լինելու պայմանը նյութապաշտությունից ու կռապաշությունից հեռու մնալն է և մեր ամբողջ զորությամբ աստվածային սիրուն պատասխանելը՝ հավատքով, հույսով և պատվիրանապահությամբ:

 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×