Աստված արարեց երկինքն ու երկիրը, իսկ մարդուն ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ: Աստված բոլոր կենդանիների միջից միայն մարդուն բանականությամբ ճժտեց և պատվիրեց տեր և իշխան լինել ամբողջ աշխարհին: Մարդկային բանականությունն իսկապես մեծագույն պարգև է, որ առաջին հերթին պետք է ծառայի մարդ և Աստված փոխհարաբերության ճշմարիտ ընկալմանը:
Աստված մարդուն շնորհեց ամենինչ, որպեսզի նա լինի երջանիկ և կարողանա ճշմարիտ կերպով կերտել սեփական կյանքը, գիտակցի հոգևոր արժեքներն ու ճանաչի Աստծուն: Աստվածճանաչողության կարևոր պայմանը գիտակցելն է, որ Աստծո անունը սուրբ է և այն մեծ ակնածանքով ու փառաբանությամբ պիտի արտաբերենք: Աստծո անունը Նրա էությունն է:
Այս պատվիրանը խախտում են մոգություն, կախարդություն և գուշակություն անողները, որ իբրև թե Աստծուց և սրբերից հայտնություններ և պատգամներ ստացած՝ մոլորեցնում են, ճշմարիտ ուղուց շեղում և կործանում անտեղյակ մարդկանց: Աստծո անունը իզուր են տալիս նրանք, ովքեր Տիրոջ զորությունը վերագրում են սատանային, կամ ովքեր Տիրոջ անունը օգտագործում են իրենց շահի համար: Աստծո անունը իզուր են տալիս այն մարդիկ, ովքեր հայհոյական կամ ծաղրական խոսքեր են ասում Ամենասուրբ Երրորդության, Նրա սուրբ պատվիրանների, Եկեղեցու խորհուրդների և արարողությունների մասին:
Շատ հաճախ մարդ տեղի-անտեղի հիշում է Աստծուն` տալով Նրա անունը՝ առանց հասկանալու, որ շատ իրավիճակներում ընդհանրապես պետք չէ Աստծո անունը տալ: Օրինակ՝ այն դեպքերում, երբ մեր արած գործը աստվածահաճո չէ, և խնդրում ենք Աստծուն, որ օգնի:
Աստծո անունը չի կարելի տալ առանց ակնածանքի: Տիրոջ անունը պետք է հիշել այն դեպքում, երբ աղոթական վիճակում ես` ակնկալելով Աստծո օգնությունն ու զորակցությունը: Աստծո անունը զորություն ունի: Եվ Նրա անունը տալիս` ակնկալում ենք այդ զորության ներգործությունը մեր կյանքում:
Արմեն Չաքմիշյան