Հպարտություն

Հպարտություն

Հպարտությունը յոթ մահացու մեղքերից առաջինն է: Այն չարիքի արմատն է, քանզի սատանան նույնպես վար ընկավ հենց հպարտության պատճառով: Հպարտությունը բոլոր մեղքերի ու զանցանքների սկզբնաղբյուրն է, որովհետև այս ժամանակ մարդը սկսում է գերագնահատել, հետևաբար նաև կարևորել և առաջնային համարել սեփական անձի եսապաշտական ցանկությունները, ինչն էլ բերում է բազում  մեղքերի և չարիքների: Հպարտությունը սպանում է մարդու մեջ ամեն կենդանի բան և դարձնում անհաղորդ այն լույսին,  աստվածայինին, որ կա յուրաքանչյուրիս կյանքում: 

 

Հպարտ մարդու հոգին սեփական անձի եզակիության, կարևորության, առավելության գիտակցումն ունի: Դրական է, անշուշտ, երբ մարդը գիտակցում է սեփական անձի եզակիությունը, իր անձի արժեքը, առաքելությունը, կոչումը, ձգտում է կատարելագործման: Դա հնարավորություն է տալիս կյանքն ապրել իմաստալից: Այս ամենին հակառակ, հպարտ մարդը փակ է, չի ցանկանում ընդունել այլ կարծիք, մոտեցում, ինչով էլ իր աշխարհը դարձնում է ավելի աղքատ:


Ինչպես չկա ավելի մեծ չարիք, քան հպարտությունը, այնպես էլ չկա ավելի մեծ բարիք, քան խոնարհությունը, երբ մարդն ընդունում է իրողություններն առանց ագրեսիայի և դրանք որպես դաս է ընկալում, այլ ոչ՝ որպես չարիք և նեղսրտելու պատճառ: Խոնարհությունն ամեն իրավիճակում սովորելով՝ տեսնելով լավն ու դրականը: Այն զենք է չարի դեմ, այլ ոչ՝ անձի արժանապատվության ստորացում կամ ոտնահարում: 

 

Խոնարհության ուղով քայլելով է հնարավոր դառնում ապաքինումը: Այստեղ պետք է ի սկզբանե մի կողմ դնել այն կարծրացած ու խեղված պատկերացումը, թե խոնարհությունը խեղճությունն է, անուժ լինելը: Հպարտությունն է մարդուն խեղճ ու անուժ դարձնում, իսկ խոնարհումով մարդ չի թուլանում, այլ սկսում է նմանվել Աստծուն: Չէ՞ որ Հիսուսի երկրային կյանքը խոնարհության ամենավառ օրինակն է:

 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×