Նախանձը մեկնաբանվում է որպես պայքար և բողոք Աստծո կամքի դեմ, երբ մարդ սկսում է քննել Աստծո գործերը և ինքը որոշել, թե Տերն ում է շատ տվել, ում՝ քիչ, ով է արժանի, ով՝ ոչ: Եվ այս ամենի մասին մտածելը բերում է ոչ միայն ատելության, չարախոսության, սպանության, այլև մարդու հոգին ու միտքը կրծող կասկածանքի: Այսինքն՝ կարելի է ասել, որ նախանձող մարդը սկսում է կասկածել Աստծո արդարությանը, Նրա կամքին:
Այս մեղքի պատճառով էր, որ մարդը զրկվեց դրախտից, Կայենը դարձավ եղբայրասպան, Հակոբը մի աման ապուրի դիմաց պահանջեց իր եղբոր անդրանիկությունը, Հովսեփին իր հարազատ եղբայրները վաճառեցին: Եվ սրք դեռ ընդամենը մի քանի օրինակներ են նախանձի չար հետևանքների մասին:
Այս մեղքին պետք է հակադրվել եղբայրասիրությամբ, բոլորն էլ սիրում են իրենց անձը, այդ պատճառով էլ մեր Տերը պատվիրեց. «Սիրիր ընկերոջդ քո անձի պես»(Մատթեոս 22.39): Նաև սահմանեց մեզ համար ոսկե օրենքը. «Այն ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7.12):
Մեծագույն ուժը նախանձը հաղթահարելու սերն է: «Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում»: (Ա Կորնթացիներ 13.4-5)
Աշխարհում յուրաքանչյուր մեղք ու տկարություն չարից է, որը կարող է հաղթահարվել միայն Աստծո անսահման զորությամբ ու սիրով:
Արմեն Չաքմիշյան