Քրիստոնեությունը եվ մշակույթը. խաչքար՝ հայկական ինքնության քարե վկայականը

Քրիստոնեությունը եվ մշակույթը. խաչքար՝ հայկական ինքնության քարե վկայականը

Խաչքարը միջնադարյան հայկական կերպարվեստի տեսակ է,  կոթող-հուշարձան՝ խաչի պատկերով, զարդաքանդակների հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար, ճակատով ուղղված դեպի արևմուտք: Խաչքարերը այնքան են ձուլված հայոց մշակույթին ու հայ ինքնությանը, որ  «խաչքար» բառը այլ լեզուներով չի թարգմանվում և արտասանվում է այնպես, ինչպես հայերենում։ Միջնադարում խաչքարերը լայնորեն տարածված են եղել միայն պատմական Հայաստանի տարածքում, իսկ հետագայում նաև այն երկրներում, որտեղ ապրել  ու ստեղծագործել են հայերը։

 

Խաչքարերը այլ ազգերի ներկայացուցիչների շրջանում ևս նույնացվում է հայի, հայկակակնության ու Հայաստանի հետ։ Ռուս անվանի գրող, գրականագետ, գրաքննադատ Ֆյոդոր Աբրամովիչը, խոսելով հայ հանճարեղ գրող Սիլվա Կապուտիկյանի՝ հայրենիքին նվիրված բանաստեղծությունների մասին,  ասել է․ «Ձեր բանաստեղծությունները Հայաստանի մասին նման են խաչքարերի … Եվ ահա Հայաստանի մասին Ձեր գրած բանաստեղծություններում առկա է և խաչքարերի ամրությունը, և նրանց նախշերի ու գրերի գեղեցկությունը, և նրանց զարմանալի, անկրկնելի մաքրությունն ու սրբությունը»։

 

Անդրադառնալով խաչքարի խորհրդաբանությանը՝ նախ անդրադառնանք խաչին՝ որպես խորհրդանիշ։ Այն  ձևավորվել է վաղ քրիստոնեական շրջանում՝ խորհրդանշելով Քրիստոսի խաչելությունը և դառնալով պաշտամունքի առարկա՝ որպես նոր հավատի խորհրդանիշ։

 

Խաչքարի հարուստ պատկերագրության ծիրում գլխավոր տարրը խաչն է՝ որպես Քրիստոսի, Կենաց ծառի, երկնային դրախտի ու փրկության խորհուրդ։   4-5-րդ դարերից սկսած՝ խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակները,  պատմական կարևոր իրադարձությունները հավերժացնելու համար։ Խաչքարերը որպես ճարտարապետական զարդ՝ հաճախ ագուցվել  են եկեղեցիների որմերին: Խաչքարը տեղադրվել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար։

 

Դարերի ընթացքում խաչքարի նոր տեսակներ են ի հայտ եկել․ վարպետները հնարել են նոր զարդաքանդակներ, ու պատկերագրական նոր համակարգեր են ստեղծվել։ Այսպես, 7-րդ դարից հետո ի հայտ են եկել նաև  թևավոր խաչքարերը, որոնցից շատ քչերն են այսօր պահպանվել, իսկ 8-րդ դարի ընթացքում ստեղծվել են նաև ուղղանկյուն կանգուն խաչքարերը։  Իսկ ահա 11-րդ դարից  ձևավորվել են այն խաչքարերը, որոնք ստեղծվում են նաև այսօր․ այս խաչքարերի պատկերներում  առկա են նաև երկրաչափական և բուսական տարրեր: Հետագայում խաչքարերի վրա արվել են նաև պատկերային քանդակներ`հիմնականում սրբերի պատկերներ:

 

Ի սկզբանե խաչքարի հումքը դեղնակարմրավուն տուֆն է եղել։  Նախ փորագրվում էր խաչը, ապա՝ ազգային խորհրդանիշ համարվող պատկերներ, օրինակ՝ խաղողի և նռան։

 

Հատկանշական է, որ խաչքարի ստորին հատվածում  հաճախ փորագրվում է նաև հավերժության նշանը, որը նույնպես հոգևոր խորհրդանիշ է: Այն խորհրդանշում է կյանքի շարունակականությունն ու  կյանքի հավերժականությունը:

 

Խաչքարերի վրա գոյություն ունի 5 կարևոր խորհրդանշական կետ: Դրանցից չորսը համապատասխանում են խաչի թևերի ծայրերին, իսկ մեկը դրանց հատման կետն է՝ ակը: Այն համարվում է գաղափարական խաչմերուկ, որտեղ հատվում են բարին ու չարը, մարդկայինն ու աստվածայինը, կյանքն ու մահը, տեսանելին ու անտեսանելին, բացահայտն ու առեղծվածայինը:

 

Խաչքարի վրա պատկերված խաչի վերևի կետը կոչվում է «թագ», որը խորհրդանշում է երկնքի արքայությունը: Ներքևի կետը խորհրդանշում է դժոխքի կործանումը: Աջ կողմը խորհրդանշում է  շնորհների բաշխումը, իսկ ձախ կողմի ծայրը՝ մեղքերի ներումը:

 

Խաչքարերի մեծ մասի վրա այդ կոթողը պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվել  է նաև պատրաստող վարպետի անունը։ Միջնադարում խաչքարեր ստեղծող հայտնի վարպետներ են եղել Մխիթար Կազմողը (12-րդ դար), Մոմիկը, Պողոսը (13-րդ դար), Քիրամ Կազմողը (16–17-րդ դարեր) և ուրիշներ։

 

Այսօր ինչպես մեր հայրենիքում, այնպես էլ արտերկրում աշխարհասփյուռ մեր հայրենակիցները խաչքարեր են կանգնեցնում՝  քրիստոնեական հավատին ու հայ մշակութային  արժեքներին հավատարիմ մնալով։ Խաչքարի տեղադրելու կարգի ամենակարևոր դրվագը  օծումն է: Սկզբում օծվում է խաչի ակը՝ կենտրոնը, ապա՝ թագը՝ այսինքն՝ խաչքարի վերին մասը, այնուհետև աջ և ձախ կողմերը, իսկ վերջում արդեն՝ ստորին հատվածը: Օծությունն իրականացվում է հատուկ շարականներով:

 

Պատրաստեց Հասմիկ ԲԱԼԵՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2022-02-08
×