«Հիշեցե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, որ պետք է լինեք ավելի լսող, քան թե խոսող: Հեշտությամբ մի՛ բորբոքվեք: Իմացե՛ք, որ մեր բարկանալով չենք կարող Աստծու արդար ծրագիրն իրականացնել: Ուստի թոթափեցե՛ք ձեզնից ամեն կեղտոտ սովորություն ու չար ցանկություն և հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված Աստծու խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները» (Հակոբոս 1.19-22):
«Ֆեյսբուք»-ը վնասակար է առողջությանը՝ ինքս ինձ վերջնականորեն խոստովանելով այս միտքը՝ ջնջում եմ հայտնի սոցիալական կայքի հավելվածն իմ հեռախոսից։ Հույսով, որ այս կերպ զգալիորեն կպակասեցնեմ իմ մուտքն ու ներկայությունը խիստ թունավոր մի միջավայր։ Ինչ-որ պահից սկսած բացասականի չափաբաժինը կտրուկ աճեց այստեղ։ Այն, որ մենք ապրում ենք մարդկության նորագույն պատմության թերևս ամենասթրեսային ժամանակաշրջանում, ոչ մեկի համար գաղտնիք չէ․ նոր համավարակն ու դրա բերած հետևանքներն անմասն չեն թողնում մեզնից և ոչ մեկին՝ էական չէ նույնիսկ՝ աշխարհի որ ծայրում ենք գտնվում։ Բայց աղմուկը շատ է, աղմկողները շատ են, սևն ընդգծողները շատ են։ Սթրեսը թուլացնելու, նվազեցնելու փորձ անողները զիջում են նրանց, ովքեր էլ ավելի են թեժացնում առանց այդ էլ տարատեսակ վախերով ու տագնապներով տառապող մարդկանց վիճակը։
Եթե ես այս ամենի մասին գրեի և հրապարակեի նույն «Ֆեյսբուք»-ում, կնմանվեի այն մարդկանց, ովքեր փորձում են խելք սովորեցնել, վերադաստիարակել մյուսներին, դատել, դատափետել այլոց՝ այդ կերպ ավելի լավը երևալու անհագ ցանկությամբ, քան կան իրականում։ Ինչո՞ւ շատացնել աղմուկը, երբ կարելի է նվազեցնել։ Ինչո՞ւ ավելի շատ չլռել, նույնիսկ երբ գոռալու, բղավելու ցանկությունից կոկորդդ սեղմվում է։ Որովհետև լռելն ու սեփական հեղինակավոր կարծիքը (որը շատ, շատ հաճախ մեր կարծիքն էլ չէ, այլ տարատեսակ ազդեցությունների մեկտեղում) չշեփորելը բարդ ուղի է, և այս ուղով ընթանալու համար պիտի կարողանաս տեսնել ու ճանաչել ինքդ քեզ՝ քո բոլոր թուլությունները, սայթաքումները, բացթողումները, սեփական մեղքերը։
Լռելը Աստծուն կից լինելու ուղին է։ Եվ այս մասին ասվել է դարեր շարունակ․ հոգևորի ուղին ընտրած բոլոր մարդիկ փաստել են սա։ Չես կարող աղմկել ու Աստծուն ունենալ, որովհետև Ձայնը չես լսի, ականջ չես ունենա։ Չես կարող ձեռքերդ լիքը պահել ուրիշների վրա նետելիք քարերով ու միաժամանակ թակել փրկության դուռը։ Ձեռքերդ ու հոգիդ պիտի ազատ լինեն, որ կարողանաս երկնքին բաց աչքերով նայել ու թակել, թակել դուռը․․․
Այսօր մեզնից շատերն են վախենում մահից կամ հարազատի կորստից։ Այդ վախը մեծապես պայմանավորված է նրանով, որ մենք Աստծուն չունենք մեր ներսում և չունենք սեփական առաքելության գիտակցումը։ Մենք բոլորովին տեղյակ չենք՝ ինչու ենք այստեղ, որն է մեր գործը, ինչ պիտի անենք ու ինչ պիտի չանենք։ Ինչո՞ւ ենք կանչվել, ինչո՞ւ է մեզ տրվել ժամանակ և ի՞նչն է այն ամենակարևորը, որ պիտի հասցնենք անել։
Բայց կա լավ նորություն․ քանի դեռ այստեղ ենք, քանի դեռ շնչում ենք, զգում ենք արևի ջերմությունը, ապրում ենք մեզ տրված մարմին-տան մեջ, կարող ենք սկսել զբաղվել ամենակարևորով՝ ինքնաճանաչմամբ։ Երբ սկսում ես ընթանալ ինքդ քեզ ճանաչելու ուղիով, հասկանում ես, որ ներսդ շատ է ապականված, ճիշտ այնպես, ինչպես մեր օրերի ֆեյսբուքյան իրականությունը։ Հասկանում ես, որ այնքան շատ ես ավելորդով լի, որ կարևորի համար պարզապես տեղ չկա։ Այնքան շատ ես լցված ուրիշների աղմուկով, որ սեփական ձայնդ իսկ չես լսում, ուր մնաց Աստծունը լսես։
Ապա սկսում ես մաքրել քեզ, լվանալ քեզ, ազատել քեզ՝ ամեն պահ ակնկալելով Աստծո ներկայությունը, որ Սեր է, օգնությունն ու օրհնությունը։ Որ սկսես հասկանալ՝ ինչու ես նախկինում աղմկել, ինչու ես նախկինում տագնապել, ինչու է սիրելը եղել բարդ, թշնամուդ սիրելու պատգամը՝ հավերժ մոռացված, ինչու ես եղել փարիսեցի, ինչու ես մոռացել Քրիստոսին, ինչու ես պահպանել միայն ձևը, ոչ բովանդակությունը քրիստոնյա լինելու։
Գիտե՞ք, աշխարհում գոյություն ունեցող 500000 միլիոն բուսատեսակներից շուրջ 12000 բուժիչ հատկություններով են օժտված։ Մենք ապրում ենք մի մոլորակում, որը մեզ համար ծնում և սնում է առողջությունը․ Արարիչը նաև այդ կերպ է սիրել և օրհնել մեզ։
Իսկ մենք չենք կարողանում նույնիսկ մեր սեփական մաղձն այլոց վրա չթափել, լռել՝ նույնիսկ երբ կարծում ենք, թե շատ կարևոր ասելիք ունենք։
Երբեք ուշ չէ սկսելու համար՝ սա մի կանոն է, որի վրա վրա հիմնված է մեզ համար տեսանելի ամբողջ տիեզերքը։ Ուշ չէ սկսել մաքրվելը՝ աղբից ու աղմուկից, ուշ չէ փնտրել Աստծո կենարարությունն ամենուր, ուշ չէ զբաղվել ինքնաճանաչմամբ ու սեփական առաքելության որոնումով, ուշ չէ ավելի շատ սիրել, քան վախենալ, ուշ չէ ավելի շատ առողջության մասին մտածել և հոգ տանել դրա մասին, քան ժամերով հիվանդությունների (այս շրջանում՝ համավարակի) մասին կարդալ, ուշ չէ ավելի շատ խորհել, քան մնալ ու փակվել «Ֆեյսբուք»-ում։ Եվ թող Աստծո օրհնությունն ու սերը լինի յուրաքանչյուր մեկի հետ, ով հենց այսօր, այս տողերն ընթերցելուց հետո կփորձի անել առաջին ու ամենակարևոր քայլը՝ լռել։
Պատրաստեց` Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ