Արդարությունը միշտ էլ եղել է և կմնա քրիստոնեության հիմքը և ազնվագույն մարդկանց ամենակարևոր հատկանիշը: Այն յուրօրինակ աշխարհընկալում է, որի հիմքում մարդկային զորեղ կամքի ուժը, ոգու զորությունն է, անկախ մտածելակերպն ու ազատության ճշմարիտ ձգտումը:
Այս ամենից զատ՝ արդար լինելու ամենակարևոր նախապայմանը քաջությունն է, քանզի բոլոր ժամանակներում արդարության փոխարեն աշխարհում տիրող է անարդարությունն ու սուտը, իսկ նման աշխարհում հանուն արդարության պայքարելու համար պահանջվում է քաջություն:
Այս պայքարն է, որ բացահայտում է մեր միջի լույսը, առաքինություններն ու ոգեղեն արժեքները: Միանշանակ, արդարությունն անմիջականորեն կապված է ճշմարտության հետ, քանզի նա, ով ճշմարիտ է, նա նաև արդար է:
Արդարությունը, քրիստոնեական պատկերացմամբ, յուրաքանչյուրի մեջ տեսնում է անձի առանձնահատկությունը, գնահատում այն ճշմարտորեն և վերաբերվում ազնվորեն: Այն մեխանիզմ կամ օրենք չէ, այլ` կենսաձև:
Քրիստոնեական արդարությունը դրսևորվեց մարդ և Աստված հարաբերության մեջ, երբ Աստված ինչ ուներ, ամեն բան տվեց՝ մարդկանց փրկության համար: Սա Աստծո արդարությունն է: Իսկ մեր արդարությունն Աստծո օրինակին հետևելն է և Աստծո արդարությամբ ձեռք բերված մեր փրկությունը պահպանելը: Թույլ պիտի չտանք, որ մեր արդարության իրավունքը չարը մեզանից խլի: Իսկ այդ իրավունքը մարդկանց հավասարության մեջ չէ, այլ՝ յուրաքանչյուրիս անհատականության և առաքինության:
Հետևաբար, պետք է քաջ գիտակցել, որ հանուն արդարության մարդու մղած ճշմարիտ պայքարն անմիջականորեն կապված է Աստծո, ինչպես նաև մարդ և Աստված փոխհարաբերության հետ:
Արդարությունն աշխարհում ամենաշատ գովաբանված առաքինություներից մեկն է և յուրաքանչյուր քրիստոնյա պետք է գիտակցի, որ այն իրական արժեք է դառնում, երբ ոչ թե պահանջում ենք արդարություն, այլ՝ ապրում արդարությամբ:
Արմեն Չաքմիշյան