Սահմանին թեթև լարվածություն ու նորից բոլորը խառնվում են իրար, հուզվում, զայրանում, հետո նորից իրենց հավաքում ու հասկանում, որ թիկունքը ապահով է, իսկ մեր հաղթանակը՝ անխուսափելի։
Զարմանալի ազգ ենք, որտեղի՞ց մեզ այդքան արիական ոգի, չպարտվելու ու մինչև վերջ պայքարելու տենչ ու կարողություն։
Մի քանի օր էր՝ բոլորը անհանգիստ էին, շունչները պահած սպասում էին սահմանից ինչ-որ նորության։ Շատերը մինչև անգամ չէին սպասում։ Այդպիսիք էին նաև Հայ Եկեղեցու սպասավորները, ովքեր Խաչը ձեռքներին ու մտքում Աստծուն օգնության կանչելով՝ շտապում էին սահման՝ սեփական աչքերով տեսնելու ու հասկանալու, որ իրենց զավակների կյանքին ոչինչ չի սպառնում։ Ու հայ գյուղացին ինչպես միշտ, շարունակում էր ապրել իր առօրյա կյանքով, չնայած կրակոցների ձայները չէին դադարում։
Գիտենք, որ սահմանին կանգնած տղաները ոչ մի վայրկյան չեն կորցնում իրենց զգոնությունը, որովհետև թիկունքում խաղաղ բնակչությունն է, երեխաներ, ովքեր դեռ մանկություն չտեսած, ականատես են լինում թշնամու վայրագություններին։
Սարսափելի է, երբ մտածում եմ՝ որքան բանից ենք զրկում այդ երեխաներին․ նրանք խաղաղ ու ապահով երկնքի կարիք ունեն, անհոգ մանկության անհրաժեշտություն, բայց քանի դեռ «հարևան» պետությունը չի գիտակցում խաղաղության ու մարդկային կյանքի արժեքը, փշրվում են բոլոր երազանքները։
Մեր աղոթքները չեն դադարում: Խոնարվում ենք այն հրամանատարների ու զինվորների առաջ, ովքեր ջանքեր չեն խնայում հայրենիքի անվտանգությունը պահպանելու, և խաղաղություն վերահաստատելու համար:
Թող, որ ամեն բացվող արշալույս հանգիստ ու ապահով լինի, իսկ երազած խաղաղությունը՝ տեսանելի։
Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից
անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը:
Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ,
խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկրին
և զորացրու թշնամիների դեմ պատերազմում
ի փառս Քո Սուրբ անվան:
Մարիետտա Խաչատրյան